Lurer.com-ը գրում է.

Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի մամուլի գրասենյակը և ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն առանձին հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում ՀԿ-ների մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ:

«Քեթրին Էշթոն ու Շտեֆան Ֆյուլեն մտահոգված են Ադրբեջանում ՀԿ-երի մասին վերջին օրենսդրական փոփոխություններով, որոնք սահմանափակում են անկախ և քննադատական քաղաքացիական հասարակության միջավայրը հատկապես մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը պատրաստվում է ստանձնել Եվրոպայի խորհրդի նախարարաների կոմիտեի նախագահությունը, բարձր ներկայացուցիչը և հանձնակատարն Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ենթարկվել իրենց միջազգային պարտավորություններին և վերանայել հասարակական կազմակերպությունների մասին օրենքը»,- նշվում է հայտարարության մեջ:

ԵՄ դիվանագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել բարելավել և դյուրացնել միջազգային ՀԿ-ների գրանցման ընթացակարգը բոլոր հասարակական կազմակերպությունների համար երկրում օրինական գործունեություն ծավալելու նպաստավոր միջավայր ստեղծելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել