Hetq.am-ը գրում է.
Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին իր որոշմամբ կասեցրեց պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում էին կենսաթոշակային պարտադիր վճարումները չկատարելու համար գործատուներին պատասխանատվության ենթարկելուն: Կենտրոնական բանկը կարճ ժամանակ անց հայտարարություն է տարածում` թե դա որևէ նշանակություն չունի, քանի որ ՍԴ որոշումը չի կարելի ընդունել որպես վճարումները չփոխանցելու արտոնության շնորհում: Ավելին. ԿԲ-ն փաստացի սպառնաց գործատուներին և 1974թ հետո ծնված` այս համակարգի շահառուն դարձող աշխատողներին, որ եթե ՍԴ-ն հետագայում օրենքն ամբողջությամբ ճանաչի սահմանադրական, նրանք ստիպված են լինելու վճարել նաև չվճարած ամիսների` հունվարի և փետրվարի համար: Դրան պատասխանեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը` հայտարարելով, թե որևէ մեկը իրավունք չունի ոչ միայն մեկնաբանել և կանխորոշել Սահմանադրական դատարանի որոշումները, այլև պնդել, թե կարող է գանձումներ կատարել այն ամիսների համար, որոնց ընթացքում օրենքի այդ հոդվածների կիրառումը կասեցված է եղել: Բայց դրան զուգահեռ հայտնի դարձավ, որ ՍԴ աշխատակազմի հաշվապահությունը, այնուամենայնիվ, աշխատակիցների աշխատավարձը հաշվարկել է` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելիք 5 տոկոս պահումով:
Թվում է, թե այս ամենը կամ վատ բեմադրված տրագիկոմեդիկ ներկայացում է, կամ մղձավանջային երազ: Բայց կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի ճիրաններում հայտնված շարքային քաղաքացիների համար սա իրականություն է, որտեղ նրանք ուղղակի չգիտեն` ինչ են իրենցից ուզում մի կողմից Կառավարությունն ու Կենտրոնական բանկը, մյուս կողմից Սահմանադրական դատարանը և նրանցից որի որոշմամբ պետք է առաջնորդվեն: Մինչդեռ նման հարց չպետք է առաջանար սկզբունքորեն, եթե խոսքը վերաբերեր իրավական երկրին, որտեղ, ինչպես հայտնի է, տեղից վեր կացողը Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելու իրավունք չունի: Մինչդեռ Կենտրոնական բանկը և Կառավարությունն իրենց այնքան անկաշկանդ են զգում, որ դա անում են հանգիստ, առանց կոմպլեքսավորվելու, սառնասիրտ, մի առանձնահատուկ ցինիզմով համակված: Ավելին` ակնարկելով այն մասին, որ անկախ ամեն ինչից, օրենքի այդ դրույթների կասեցման ժամանակհատվածի համար գանձումներ կատարելու են, պետական այս ինստիտուտները փորձում են ուղղորդել առանց այն էլ ուղղորդված ՍԴ-ին` թե ինչպիսի որոշում պետք է կայացնել օրենքի սահմանադրականության հարցում:
Լիազորությունների նման գերազանցում պետական կառավարման որևէ ինստիտուտ, առավելևս անհատ, իրեն թույլ տալ չի կարող: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ կառույցները ծառայում են ամենազորության սինդրոմով տառապող իշխանական նոմենկլատուրային: Կառավարության, ԿԲ-ի շուրթերով իրականում Սահմանադրական դատարանին, ի դեմս վերջինիս` խոշոր հաշվով ողջ արդարադատության համակարգին այսքան նվաստացնում է հենց այդ նոմենկլատուրան` օգտագործելով այն հանգամանքը, որ ՍԴ անդամներն իրենք հանդիսանում են դրա անօտարելի մասնիկները: Հակառակ դեպքում նախ դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է ՍԴ-ն ոչ թե ողջ օրենքի, այլ միայն դրա առանձին հոդվածները կասեցնելու որոշում կայացներ: Երկրորդ`ինչո՞ւ այսպիսի որոշում կայացնելու դեպքում գոնե հարկ չհամարեց հանդես գալ լրացուցիչ բացատրություններով ու պարզաբանումներով` հրաշալի գիտակցելով հանդերձ, թե ինչպիսի քաոսի է դա հանգեցնելու: Եվ երրորդ` ինչո՞ւ է ՍԴ-ն բերանը ջուր առել, երբ Կենտրոնական բանկը, ըստ էության, այդ հայտարարությամբ իրեն դարձրեց պինգպոնգի գնդակ: Որ այս ամենը ի սկզբանե հանձնված ՍԴ-ի վրա նոմենկլատուրայի տոտալ հարձակում է, վկայեց նաև ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: tert.am-ի հարցին պատասխանելիս վերջինս բառացիորեն ասում է հետևյալը. «Մենք փողը չենք վերցնում, որ ինչ-որ բան անենք, փողը վերցնում ենք քաղաքացիների վաղվա օրվա համար, սա է մեր նպատակը, որովհետև կենսաթոշակ բարձրացնելու հստակ ճանապարհ մենք չունենք՝ կամ պետք է հարկերը շատ կտրուկ բարձրացնենք, կամ պետք է տնտեսությունը կտրուկ զարգանա, այս բոլորը հնարավոր չէ»:
Հակոբ Հակոբյանը Աժ պատգամավոր է: Իսկ Աժ-ն, առավելևս նրա առանձին պատգամավորները, ի գիտություն նաև Հակոբյանի, ոչ փող վերցնելու, ոչ էլ կեռնսաթոշակային համակարգ աշխատեցնելու լիազորություն չունեն: Բայց առաջին դեմքի հոգնակի թվով` «մենք»-ով խոսելը նշանակում է, որ Հակոբյանն իրեն իրավունք է վերապահում խոսելու գործադիր իշխանության և այն քաղաքական թիմի անունից, որը պատասխանատվություն է ստանձնել կենսաթոշակային այս համակարգը ներդնելու համար: Կարճ ասած` նա հանդես է գալիս որպես նոմենկլատուրայի դասական ներկայացուցիչ: Եթե այդպես չէ, ապա Կառավարությունը պետք է պարզաբանի, թե այդ երբվանից են պառլամենտի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները փող հավաքողներ դարձել:
Սա արդեն դուրս է գալիս զուտ կենսաթոշակայինի թեմատիկայից և վերածվում պետական կառավարման ինստիտուտների, Սահամանդրական կարգի գոյության իմաստի քննության, որն ավելի լուրջ ու ողբերգական է, քան առանձին վերցրած որևէ բարեփոխում: Եթե պատգամավորը կարող է անարգել իրեն Պետեկամուտների կոմիտեի տեղը դնել, ԿԲ-ն` իրեն Սահմանադրական դատարանի, իսկ վերջինս էլ իրեն` Պիղատոսի, ապա գործ ունենք տիպիկ անարխիայի հետ: Իսկ նման համակարգում ոչ ոք ոչ մեկից ոչինչ պահանջել կամ ակնկալել չի կարող: Հենց սրա լույսի ներքո է հասկանալի դառնում, թե ինչպես կարող է Սահմանադրությամբ պառլամենտի առջև մշտապես հաշվետուԿառավարության անդամը պատգամավորի բարձրացրած հարցադրմանն ի պատասխան նույն անկաշկանդվածությամբ հայտարարել, թե չի պատասխանելու նրա հարցին: Արմեն Առաքելյան