Հայ նշանավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում՝ Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Սովորելուն զուգահեռ աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Ընթերցողների կողմից ակնարկը շատ լավ ընդունվեց։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով:
Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է:
Նրա վիպակների հիման վրա կինոնկարներ նկարահանվեցին («Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը»), ներկայացումներ բեմադրվեցին: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության մեջ, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` Պետական մրցանակը: Նրա բոլոր գործերը թարգմանվեցին և տպագրվեցին ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներով:
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:
Վիլյամ Սարոյան՝ Հրանտ Մաթևոսյանի մասին
Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա:



