Բազմիցս գրվել է այն մասին, թե մեր մայրենի լեզուն ինչպիսի փորձությունների է ենթարկվում, երբ ընկնում է հայ աստղերի ձեռքը կամ մաս է կազմում նրանց երգացանկին: Բայց, ինչպես տեսնում ենք, նախորդների վրիպումները դաս չեն դառնում հաջորդների համար:
Լեզվական «ծուղակի» հերթական զոհն այս անգամ երգիչ Արմոն է, որն իր նոր կատարումը վերնագրել է ոչ այլ կերպ, քան՝ «Հարսն ես իմ»: Ինչ խոսք, հաճելի է տեսնել, որ հարսները շարունակվում են գովերգվել ու մեծարվել նաև երգերում: Սակայն ո՞վ է Արմոյի գովքի ու սիրո առարկան: Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ: Բանն այն է, որ հայոց լեզվի ցանկացած բացատրական բառարան ձեզ կտա հարս բառի հետևյալ բացատրությունը. «Հարս- որդու կինը նրա ծնողների և ազգականների նկատմամբ»: Այսինքն, համաձայն դրա, պետք է կարծել, որ երգը նվիրված է կամ երգչի որդու կամ ազգականներից մեկի հարսնացուին: Սակայն, հաշվի առնելով երգի հուզական և տրամաբանական ուղղորդումները, դժվար չէ կռահել, որ հարգելի Արմոն ընդամենը շփոթել է հարս ու հարսնացու բառերը: Արդեն հիշատակված բառարաններում հարսնացու բառն իր հերթին ունի հետևյալ բացատրությունը. «Հարսնացու- նշանադրված աղջիկ՝ փեսայի և նրա ազգականների նկատմամբ»:
Այս պարագայում ևս մենք չենք պնդում, թե հնչեցնելուց առաջ երգիչները պիտի պարտավորվեն ստեղծագործության տեքստը ենթարկել լեզվական փորձաքննության կամ, ասենք, հանձնել Լեզվի պետական տեսչության դատին: Բավական է միայն այն ցույց տալ որևէ գրագետ մարդու, և վերջինս անմիջապես կնկատի տեքստային մեղանչումները: Սակայն, ինչպես տեսնում ենք, մեր աստղերի աստղային հպարտությունը դեռևս թույլ չի տալիս նրանց իրենց բարձունքներից իջնել մինչև գրագիտության աստիճան:



