Lragir.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել նրան ճանաչել իր պատմությունն ու բացել Հայաստանի հետ սահմանը:

 Մերկելի հայտարարությունն ըստ երեւույթին շատ հայերի ականջ է շոյել: Իսկ հայերը կարծես թե սիրում են ականջներով:

 Մինչդեռ, արժե Մերկելի հայտարարությունները ենթարկել մտավոր քննության: Ինչ է ասում Գերմանիայի կանցլերը Թուրքիայի վարչապետին: Ասում է, որ պետք չէ Հայաստանի քաղաքացիներին նույնացնել սփյուռքահայության հետ, Հայաստանի քաղաքացիները ծանր ժամանակներ են ապրում եւ հարկավոր է բացել սահմանը:

 Նախ, ինչու՞ է Անգելա Մերկելը փորձում հակադրել սփյուռքի եւ Հայաստանի հայությանը: Այդտեղ ինչ որ խորիմաստ դիվանագիտական հնա՞րք կա՝ Էրդողանին խաբելու համար, թե այդ հակադրության մեջ կա ինչ որ ակնարկ կապված ասենք Գերմանիայում բնակվող մի քանի միլիոն «սփյուռքաթուրքերի» հետ: Մերկելը Էրդողանին հիշեցնում է Թորքիայից դուրս ապրող մեկ այլ թուրքական իրականության մասի՞ն, թե նա իսկապես կարծում է, որ Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հայերը նույնը չեն:

 Իսկապես նույնը չեն, ապրում են տարբեր հոգսերով, բայց դա խնդիր է հենց հայության համար: Այսինքն, հայության կարեւոր խնդիրներից մեկը հենց այն է, որ Հայաստանի եւ սփյուռքի հայերն ապրում են տարբեր հոգսերով, տարբեր խնդիրներով, տարբեր գերակայություններով ու առաջնահերթություններով: Ընդ որում, սփյուռքի հայերի մոտ էլ կա այդ տարբերությունը: Ասենք, արեւմտյան երկրների հայությունն ապրում է այլ գերակայություններով ու արժեքներով, Ռուսաստանի հայությունը՝ այլ, մերձավորարեւելյան երկրների հայերը՝ այլ: Սփյուռքի բազմազանությունն էլ ավելի է մանրանում:

 Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությանը, ապա այստեղ ընկալումը, գերակա ընկալումն այն է, որ սփյուռքի հայերին ավելի հեշտ է պահանջատեր լինել՝ նրանք ապրում են բարեկեցիկ երկրներում, իսկ ահա Հայաստանի հայությունը չի կարող իրեն այդ «պահանջատիրական ճոխությունը» թույլ տալ:

 Դա մի մոլորություն է, որ հետեւողականորեն խորացվել է Հայաստանի անկախությունից ի վեր: Դրա հետեւանքով առաջացել է երկու ծայրահեղություն, այն դեպքում, երբ կա մի պարզ անհրաժեշտություն՝ հայ-թուրքական հարցում սփյուռքն անզոր է առանց Հայաստանի, պետությունն էլ անզոր է առանց սփյուռքի: Ելքը ոչ թե ծայրահեղություններից մեկի ընտրությունն է, այլ պետության առանցքով համազգային մոդելի մշակումը, որը թույլ կտա մշակել հայ-թուրքական հարաբերության մասով հայկական հայեցակարգ եւ դնել այն պետական քաղաքականության հիմքում:

 Այլապես, այն, ինչ «առաջարկում» է Մերկելը Էրդողանին, դա ընդամենը իր խորքում նշանակում է պարզապես օգտվել Հայաստան-Սփյուռք ծայրահեղությունից: Իսկ Հայաստանը դրանից օգտվել չի կարող: Հնարավոր չէ օգտվել, եթե սփյուռքը եւ Հայաստանը ռազմավարական կարեւոր խնդիրների հանդեպ մտածում են ծայրահեղորեն տարբեր դիրքերից եւ միմյանց կարիքը գիտակցելու փոխարեն, միմյանց տեսնում են որպես խանգարողներ:

 Այդ իրավիճակում, հայ-թուրքական սահմանի բացումը հայությանը ոչինչ չի տա, փոխարենը կամրացնի Թուրքիայի դիրքը:

 Այդ դեպքում, հարց է առաջանում, թե ինչու Թուրքիան չի շտապում բացել սահմանը: Որովհետեւ Թուրքիան ականջներով չի սիրում: Անկարան վստահ չէ, որ հայ-թուրքական սահմանը բացելուց հետո կազատվի Եվրոպայի հարցադրումներից: Ավելին, Թուրքիայում թերեւս վստահ են հակառակի, այսինքն նոր հարցադրումների հարցում: Բացի այդ, հայ-թուրքական սահմանի թեման Անկարայի ամենալուրջ աշխարհաքաղաքական խնդիրը չէ: Ավելին, դա մի թեմա է, որը Անկարային հնարավորություն է տալիս քննարկումների մեջ մտնել թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի հետ:

 Ու դա հատկապես այժմ, երբ Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը, ու հայ-թուրքական սահմանը փաստացի դառնում է ռուս-թուրքական սահման: Այսինքն, հայ-թուրքական սահման փաստացի այլեւս չկա: Հետեւաբար բաց է այդ սահմանը, թե փակ, միեւնույն է, դրա արդյունքը հայաստանցիների համար կախված է հավասարապես նրանից, թե ինչ կպայմանավորվեն այդ կապակցությամբ Թուրքիան ու Ռուսաստանը:

 Դա անկասկած հասկանում է նաեւ Եվրոպան, մասնավորապես Գերմանիայի կանցլերը: Ու եթե հասկանալով հանդերձ Էրդողանին արվում են այդպիսի առաջարկներ, ապա դա նշանակում է, որ կամ հայկական հարցը հերթական անգամ ընդամենը միջանկյալ գործածման է ենթարկվում Թուրքիայի հետ հարաբերություն պարզելու համար, կամ էլ եվրոպական քաղաքականությունը շարունակում է անհամարժեք լինել սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել