Ժամանակակից աշխարհում գիտությունն ու նորարարական տեխնոլոգիաները զարգացում են ապրում աննախադեպ տեմպերով: Ունենալով աղքատ ընդերք` տեխնոլոգիաների և գիտության զարգացման մակարդակով Ճապոնիան երկրորդ երկիրն է ԱՄՆ-ից հետո: Որպես տնտեսական զարգացման ինովացիոն մոդել սկսվեցին համարվել դեռ 1980-ական թվականներից վենչուրային ֆինանսավորում ունեցող փոքր ինովացիոն ընկերությունները, որոնց ներդրումը երկրի ՀՆԱ-ում կազմում է ավելի քան 52%:

Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին` ինովացիոն տնտեսությունը հռչակվել է գերակա ուղղություն 2003թ. ՀՀ կառավարության ընդունած գործունեության ծրագրում (2003-2007թթ. համար): 2005թ. ընդունվել է ինովացիոն գործունեության հայեցակարգը և 2005-2010թթ. գործունեության ծրագիրը։ 2006թ. ընդունվել է  «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» օրենքը:

 «Ցավալի է, որ թեպետ ընդունված հայեցակարգով սահմանված առաջին փուլն ավարտվել է, բայց այն մնացել է թղթի վրա, իսկ «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը չի ազատում ինովացիոն գործունեություն ծավալող ընկերություններին ոչ մի հարկատեսակից»,- Blognews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում ինովացիոն տեխնոլոգիաներ զարգացնող tabTEC ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուզան Հարությունյանը` հավելելով, որ իրականում մեր երկրում հնարավոր է ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մեծապես նպաստել տնտեսության աճի տեմպերին:

Նա ցավով է արձանագրում այն փաստը, որ հայաստանյան շուկան այնքան դատարկ է ու անմրցունակ, որ ասենք Չինաստանում արտադրված ապրանքը կարողանում են պետական մակարդակով անցկացնել որպես հայկական` ավելին, մոտ հինգ անգամ իրական գինը գերազանցող արժեքներով իրացնել պետական բյուջեի միջոցներով: «Այս ամենը անհետևանք չի մնում` ստեղծելով անվստահության դաշտ նորարար տեխնոլոգիաների նկատմամբ, ինչը հանգեցնում է լճացման և երբեք չի կարող նպաստել տնտեսության զարգացմանը»,- ավելացրեց tabTEC կոմերցիոն տնօրենը:

Ռուզան Հարությունյանի դիտարկմամբ մինչ ընկերության Հայաստան մուտք գործելը, բավական երկար ժամանակ ուսումնասիրվել է շուկան, որտեղ նորարարական տեխնոլոգիաներ զարգացնող ընկերությունների համար առկա են բազմաթիվ բացթողումներ և դժվարություններ: «tabTEC-ը շուկայում առայժմ ներկայացնում է տարբեր համակարգերի համար ստեղծված պաշտպանիչ սարքավորումներ, որոնք հայաստանյան անկայուն էլեկտրաէներգիայի մատակարարման պայմաններում ուղղակի անփոխարինելի են: Սարքավորումների տեխնիկական մանրամասներին կարելի է ծանոթանալ մեր պաշտոնական կայքէջում` http://tabtec.net»,- նշեց նա, ավելացնելով, որ ընկերության մասնագետները, կիրառելով ինովացիոն մոտեցումներ, պատրաստ են լուծել էներգետիկ ոլորտում գոյություն ունեցող խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել