Նորից ինքնասպանություն…

Այսօր աննախադեպ փոփոխության է ենթարկվել մարդկային գոյության պայմանները: Առանց չափազանցության կարելի է ասել, որ առաջին անգամ մեծապես և արագ զարգացող մարդկանց մոտ ընտրության հնարավորություն է հայտնվում: Առաջին անգամ նրանք հարկադրված են լինելու ինքնուրույն կառավարելու սեփական կյանքը:    Իսկ հասարակությունը բացարձակապես պատրաստ չէ դրան:

                                           Պիտեր Դրյուկեր-կառավարման բնագավառում մեր ժամանակների խոշորագույն տեսաբան

Մեկը մյուսի ետևից իրար են հաջորդում  ինքնասպանությունները: Չենք հասցնում համակերպվել, երբ հանկարծ լսում ենք հերթական ողբերգության մասին:

Հանդարտ, լուռ հաստատակամությամբ, նրանք ավարտում են իրենց երկրային ուղին…Անողոք վիճակագրությունը սարսափելի իրավիճակ է  փաստում: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011թվականին Հայաստանում գրանցվել է  ինքնասպանության և ինքնասպանության փորձի 647 դեպք, որից 195-ը` մահացու ելքով:

Յուրաքանչյուր մարդ մի աշխարհ է՝ եզակի և անկրկնելի աստվածային ստեղծագործություն: Ապրելու կա՞մքը չի բավականացնում, թե ապագան է անհույս ու անիմաստ  թվում: Բոլոր դեպքերում մարդը միայնության մեջ է մահանում…

Պատճառները՝  մանր ու մեծ, կուտակվում են և կանգնեցնում դաժան ընտրության առջև…սխալ ընտրության… Ջրի կաթկթոցը, ինչպես ասում են, քար է ծակում:

Պատճառների մեջ նշվում է տնտեսական գործոնը, ձախողված կյանքը,  խոր դեպրեսիաները, անպատասխան սերը, հուզական անկայուն վիճակը: Ամենագլխավորը, սակայն, կյանքի հանդեպ հետաքրքրության բացակայությունն է, այն կյանքի, որ ի վերուստ է պարգևված մարդուն: Եթե մարդը չի կարողանում իմաստավորել կյանքը, ունենալ նպատակներ և ձգտել դրանց իրականացմանը, անհուսության գիրկն է ընկնում:

Անհրաժեշտ է անընդհատ շեշտադրել, որ մարդը եզակի և անփոխարինելի անհատականություն է: Ոչ մի մարդ նման չէ մյուսին: Մարդը անդեմ զանգվածի միավոր չէ և ոչ էլ ամբոխի մի մասնիկ: Նա նաև քաղաքական ընտրապայքարի վիճակագրական թիվ չէ: Նա ազատ և անկրկնելի էակ է՝ ինքնուրույն և լիարժեք աշխարհայացքով: Արտաքինից պարզունակ այս ճշմարտություններն անհրաժեշտ է կրկնել անընդհատ, հասարակական մտածողության մեջ ամրապնդել յուրաքանչյուր մարդու կարևորությունը՝ որպես աստվածային ստեղծագործության եզակի նմուշի:

Իրականում մարդը բավականին փխրուն էակ է, չնայած թվացյալ ամրությանն ու ուժին, կուտակած հարստությանն ու նյութական արժեքներին, ամեն տեսակի կապերին: Մենք չգիտենք, թե ինչ աստիճանի դյուրաբեկ է մարդկային հոգեբանությունը և որտեղ է խախտվում, խաթարվում այդ մարդու և իրականության միջև գոյություն ունեցող նուրբ և անտեսանելի կապը:    Ժամանակակից մարդը միայնություն է զգում՝ ահավոր միայնություն: Եկեք լուրջ չընդունենք ձևական, մակերեսային «դրուզիտներն» ու սեմինարներում սերտած   խնդրեմներն ու կներեքները: Դրանք հոգու խորքից չեն բխում և անկեղծ չեն, դրանք երկար կյանք չունեն: Մերօրյա լարված, նյարդային կյանքը բավականին լուրջ մեկուսացման, ինչպես նաև ձևական հարաբերությունների մեջ է պահում մարդուն: Երբ հասարակությունում գերիշխում է նյութիզմը, գովազդային ահռելի արդյունաբերությամբ, գերազանց մշակված տեխնոլոգիաներով/մեքենա, կահույք, բնակարան, սառնարան, լվացքի մեքենա և այլն/ , մարդն իրեն չափազանց չնչին է զգում, որպես անօգտակար մի բան: Կարող է այն տպավորությունն  ստեղծվել, թե մարդն այդ բոլորի անդեմ կցորդն է և  այլևս եզակի ու անփոխարինելի չէ… Այսօր շեշտադրվում է նաև ինքնադրսևորումը՝ որպես կյանքի նպատակ: Դա այսպես է ձևակերպվում՝ գտնել իրեն, բացահայտել իր ես-ը: Իսկ սա նշանակում է մագլցել հասարակական աստիճանակարգով, ոչ հազվադեպ տրորտակ տալով ում որ միայն հնարավոր է: Բայց ասենք, որ սա ամեն մեկի մոտ չէ որ ստացվում է: Եվ անհաջողության հեռանկարը գցում է նրա ինքնահարգանքը իր իսկ աչքում: Գաղտնիք չէ, որ մերօրյա հասարակությունում մարդու արժեքը հաճախ է որոշվում իր հարստությամբ ու  դիրքով և այդ սխալ արժեհամակարգի արդյունքում մարդը սկսում է մեկուսանալ, ինչին դժվար է դիմանալ: Շատերս ենք տեսել մի կողմ քաշված մարդկանց, որոնք պարզապես դիտում են իրենց կողքով անցնող կյանքը: Իսկ ահա շատերը գերադասում են մեկընդմիշտ վերջակետ  դնել… իրենց միայնությանը:

Միայնակ մարդիկ, ովքեր են նրանք:  Ովքեր իրենց կյանքը հանձնել են բախտի քմահաճույքին և ուժ չունեն փոխելու այն: Շատերն էլ հազիվհազ գոյություն են  քարշ տալիս, լրացնելով անտարբերների բանակը: Արդյոք այս մարդկանց մասին է գրում նշանավոր գրող Ջոն Չիվերը.«Ռենեն իր համար էր լաց լինում: Լալիս էր, որովհետև միայնակ էր աշխարհում և վախենում էր, որ մի գիշեր էլ ինքը կմեռներ, քանի որ հուսահատ և դատարկ կյանքն ինքնին արդեն ոչ թե նախերգանք էր, այլ վերջաբան: Եվ այդ ամենի միջից նա տեսնում էր կոպիտ ու դաժան դագաղը» /Ջ. Չիվեր «Սաթն Փլեյսյան պատմություն»/:

Մենք դարձել ենք  վազող ժողովուրդ, իսկ օրը շարունակում է իր 24-ժամյա պտույտը և հաճախ մոռանում ենք այս պարզ ճշմարտությունը: ՙՖասթ՚հարաբերություններ, ֆաստ ֆութ և ամեն ինչը հընթացս, ոտքի վրա: Այսպես հնարավոր չէ երկար շարունակել և մի օր գերձգված թելը կտրվում է…

Մեկ անգամ էլ շեշտադրենք՝ կյանքը հրաշալի պարգև է և պետք չէ անիմաստ վատնել այն: Վայելել կյանքի յուրաքանչյուր օրը և թույլ չտալ, որ հիմարացնեն ամենատարբեր հնարանքներով: Ձգտել երջանկության, պայքարել և այդ ընթացքում օգնել նաև ուրիշներին: Որոնել լավագույնը և այրվել այդ ճանապարհին:

Միգուցե մի քիչ անսովոր  է հնչում, բայց համոզված լինենք, որ մեր կյանքի յուրաքանչյուր օրը  եզակի աստվածահայտնություն է և այն պետք է վայելել:

Դուք կարող եք դա անել. Սկսեք հենց այսօր, վաղը կարող է ուշ լինել…

Այսպիսի պատմություն են պատմում. Կենսաբան Թոմաս Խակսլին ուշանում է ժամանել այն քաղաքը, որտեղ պետք է դասախոսություն կարդար: Նա թափով բարձրանում է կառքը և բացականչում. «Քշիր առաջ…»: Կառապանը հնազանդ մտրակում է ձիերին, և կառքի անիվները կատաղի արագությամբ առաջ են ընթանում: Հոգնած Խակսլին տեղավորվում է նստարանին և մի քիչ թուլանում: Հետո ուշքի է գալիս և հարցնում կառապանին.«Լսիր, գոնե գիտես, թե ուր եմ գնում ես»:-«Ոչ, պարոն,-պատասխանում է կառապանը,- բայց ես գնում եմ այնքան արագ, որքան հնարավոր է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել