Օրերս ավարտվեց Վրաստանի պաշտպանության նախարար Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները և բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները: Դրանից հետո ստորագրվել է համագործակցության 2014-ի ծրագիրը, որն իր մեջ ներառում է կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ և համագործակցություն ու փորձի փոխանակում՝ պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում:
Այս այցը ես անձամբ համարում եմ, ոչ ավել, ոչ պակաս, քան սիմվոլիկ այց երկու «եղբայրական» ժողովուրդների պաշտոնյաների միջև: Նման հայտարարություն կարելի է անել գրեթե բոլոր ոչ թշնամական երկրների հետ հանդիպումից հետո: Վրաստանի գրեթե բոլոր նորանշանակ բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե միշտ էլ իրենց առաջին օտարերկրյա այցերը կատարում են Հայաստան, և ի դեպ, դա փոխադարձ է: Այսպիսով, կարելի է ասել, որ ձևավորվել է բարի ավանդույթ՝ երկկողմ այցելությունների մասով: Ճիշտ է, Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Թուրքիա, բայց միևնույնն է, մոտ ժամանակներս մենք նրան ևս մեզ մոտ կհյուրընկալենք:
Ասածս ինչ է, որ նման այցելությունները ոչնչով չեն փոխում միմյանց հանդեպ մեր անվստահության մթնոլորտի առկայությունը և ընդամենը շղարշ են կեղծ բարեկամության համար:
Սկսենք նրանից, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանն ու Վրաստանը համարվում են ռազմավարական գոծընկերներ: Հիշեցնեմ, որ դա երկկողմ հարաբերություններում ամենաբաձր մակարդակն է: Ինչ խոսք, այդ ռազմավարական գործընկերությունն էլ ունի իր օբյեկտիվորեն հիմնավորված պատճառը, որը կապված է Վրաստանի էներգետիկ անվտանգության հետ, բայց միևնույնն է, այդ գիտակցումը բացասաբար չի անդրադառնում իրենց երկկողմ հարաբերությունների վրա և դեռ մի բան էլ վնասում է մեզ: Սրանից բացի, կա ևս մեկ հանգամանք, որ կարծես միավորում է այս երկու երկրներին: Դա, այսպես ասած, իրենց «դժբախտ» ճակատագիրն է՝ կապված իրենց «տարածքային ամբողջականության» հետ:
Հիմա տեսեք, արտաքին քաղաքականության վերլուծության բնագավառում ամեն ինչից զատ գոյություն ունի երկու միջավայր, որոնք լուրջ ազդեցություն են թողնում երկրների արտաքին քաղաքականության վրա: Դրանք են` օբյեկտիվ և հոգեբանական միջավայրերը: Օբյեկտիվն այն է, թե կոնկերտ, փաստացի ինչ ունես և ինչով էս շրջապատված, ասել է թե, ովքեր են քո հարևանները, ինչքան է կազմում քո տարեկան տնտեսական աճը և դրա արդյունքում ձևավորված պետական բյուջեն և, օրինակ, որքան է կազմում քո երկրի բնակչությունը և այլն: Իսկ հոգեբանական միջավայրը քեզ շրջապատող փաստերի և իրականության սուբյեկտիվ ընկալումն է: Այսինքն, եթե դու օբյեկտիվորեն հայտնվել ես այն իրավիճակում, որը ես քիչ առաջ նշեցի, պետությունը կամ էլ երկրի ղեկավարը դա կարող է ընկալել կա՛մ բավարար, կա՛մ անբավարար: Այսինք խնդիրների, վտանգների, սպառնալիքների ձևավորումը շատ անգամ հիմնավորված չէ օբյեկտիվ իրականության հետ:
Թույլ տվեք բերել օրինակներ: Վրաստանն այսօր կանգած է տարածքային լուրջ խնդիրների առջև, կարելի է ասել՝ հուր-հավիտյան կորցրել է իր նախկին երկու ինքնավար մարզերը, ներկայումս ունի մեկ այլ շրջան, որը մեծամասամբ բնակեցված է մեկ էթնիկ կազմից` հայերից: Հետո նա նայում է տարածաշրջանում առկա իրավիճակին և՝ տեսնելով, որ հայերը ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա և դրա արդյունքում ծագած պատերազմից հետո կարողացել են ստեղծել տարածաշրջանում երկրորդ հայկական պետությունը:
Հիմա տեսեք, Վրաստանը, հոգեբանական միջավայրի հիման վրա, Հայաստանին կարող է ընկալել որպես պոտենցիալ սպառնալիք՝ իր ազգային անվտանգության համար, բայց օբյեկտիվ միջավայրում դրա համար ոչ մի նախադրյալ չկա, որովհետև Հայաստանը երբևէ պաշտոնապես չի ներկայացրել տարածքային հավակնություններ Ջավախքի հարցով և դեռ մի բան էլ մշտապես հայտարարել է, որ ջավախահայությունը պետք է դառնա կամուրջ մեր երկու «եղբայրական» երկրների բարեկամության խորացման հարցում:
Այսպիսով, դատելով Վրաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականությունից, կարելի է եզրակացնել, որ Վրաստանը մեծամասամբ հիմնվել է հենց այդ հոգեբանական միջավայրի, բայց հոռետեսական սցենարի վրա, և ընկալում է Հայաստանը որպես սպառնալիք այն դեպքում, երբ կար ընտրություն ընկալել մեզ որպես բարեկամ, եղբայր և այլն: Ինչ խոսք, նման ընկալման մասին երբևէ չի բարձրաձայնվում և, ասեմ ավելին, չի էլ բարձրաձայնվի, սակայն դա ակնհայտ է դառնում իրենց կողմից արված քայլերից:
Հենց սա է պատճառը, որ ես չեմ հավատում մեր անկեղծ բարեկամությանը, քանի որ հանգամանքների բերումով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ կարելի է ասել՝ Վրաստանը գործում է մեր դեմ` ինտեգրվելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնվող տարածաշրջանային քաղաքականության մեջ, որի գերնպատակը Հայաստանը մեկուսացնելն է: Սա պատկերացրեք ոչ թե կապրիզ է, այլ ընտրություն: Անկեղծ ասած, դժվար է ասել՝ Վրաստանը արդյունքում սրանից կշահի, թե չէ, բայց փաստը մնում է փաստ, ինչպես քիչ առաջ ասացի, սա իրենց ընտրությունն է: