«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է. «Վերջին օրերին մենք դարձանք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածության ականատես, ինչն անհանգստություն է առաջացնում, քանի որ նման գործողությունները խոչընդոտում են խաղաղ կարգավորման որոնումներին: Խնդիրը կայանում է նրանում, որ կողմերի գործողությունները չեն համապատասխանում խոսքերին»,­-նշել է դիվանագետը` հույս հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները իրենց կառավարություններին կոչ կանեն հրաժարվել բռնությունից:

Իր հերթին, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը, ով հայտարարել էր, որ եթե իրավիճակը մոտ ապագայում չկարգավորվի, ապա դա իրավիճակի էսկալացիայի առումով, իրական սպառնալիք կստեղծի:

Նախորդ շաբաթվա վերջին, իր հերթական զեկույցն է հրապարակել նաև Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ), որում անդրադարձել է կատարվել նաև ԼՂ հիմնախնդրին և, մասնավորապես, սահմանագծին ստեղծված լարված իրավիճակին:

ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածում նշվում է, որ հունվար ամսին, հայ­-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա­-ադրբեջանական զորքերի շփման գծում մի շարք միջադեպեր են գրանցվել: Ըստ զեկույցի, արձանագրված բախումներն ու երկու կողմից հնչող պաշտոնական հայտարարություններն իրավիճակն աննախադեպ վտանգավոր են դարձրել:

Այս երեք մեկնաբանություններում, մեկ ընդհանուր գծով անցնում է իրավիճակի լարվածության փաստն ու դրա հնարավոր հետևանքների խնդիրը:

Եթե ՄՃԽ­ի զեկույցն ու Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունները իրենց հռետորաբանության և սրությամբ տեղավորվում էին մինչև այդ արված հայտարարությունների շրջանակներում, ապա ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությունն այլ շեշտադրումներ էր պարունակում, որը տարբերվում էր մինչ այժմ եղածներից:

Եթե ավելի վաղ համանախագահներն իրենց հայտարարությունների հիմքում դնում էին ընդհանուր կոչերն ու անհասցե մեկնաբանությունները, ապա ամերիկացի համանախագահի այս հայտարարության հիմքում երկու կողմին ուղղված հասցեական մեղադրանքներ էին:

Եթե Հայաստանում մինչ այս դժգոհում էին, որ իրավիճակի կայունության կամ ապակառուցողական բանակցությունների անցկացման հարցում միջնորդները գործածում էին «կոչ ենք անում կողմերին զերծ մնալ…», ապա այս վերջին հայտարարությունում, ամերիկացի համանախագահը ուղղակիորեն Հայաստանին ու Ադրբեջանին մեղադրում է նրանում, որ «կողմերի գործողությունները չեն համապատասխանում իրենց իսկ խոսքերին»:

ՀՀ ԱԳՆ-­ն դեռ չի արձագանքել ամերիկացի համանախագահի այս մեկնաբանություններին. ենթադրվում է, որ եթե ոչ հրապարակային, ապա գոնե փակ դռների հետևում, այս շաբաթ, համանախագահների` Երևան սպասվող այցի շրջանակներում դիվանագիտական շրջանակները կփորձեն պատասխան ստանալ Ուորլիքի մեկնաբանությունների վերաբերյալ:

Պաշտոնական Երևանը պետք է ջանքեր գործադրի` ապագայում նման մեղադրանքներից խուսափելու համար, հակառակ դեպքում, պետք է սպասել, որ օգտվելով ստեղծված իրավիճակից, Ադրբեջանի քայլերը հատկապես առաջնագծում առավել սուր բնույթ կստանան, իսկ կողմերին ուղղվող «մեղադրական» հայտարարությունները կսկսեն առավել սովորական բնույթ կրել: 

Վերջիվերջո, Ադրբեջանի համար այդքան կարևոր չեն իրեն ուղղվող կոշտ հայտարարությունները, Բաքվի համար կարևոր է, որ այդ հայտարարությունները ուղղվում են ոչ միայն իրեն, այլ նաև հայկական կողմին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել