Տաքսին երեք հոգի էր տանում: Վարորդը առաջարկել էր, մենք էլ արագ համաձայնել էինք երկուական ռուբլի ավելի տալով՝ թեթև ճանապարհ ընկնել: Ինձ հետ տարիքով մի կին էր ետևը նստած, և այդ վաղ ճաղատացած, կարճլիկ տղամարդն էր, վարորդի կողքին: Երևանից այնպիսի թափ էինք առել, որ բացառվում էր միանգամից զրույց սկսելը: Կարծես սպասում էինք շունչներս տեղը գա: Արագություն կլանել էր ոչ միայն վարորդին, այլև ուղևորներիս: Աշտարակն անցանք՝ դարձյալ լուռ էինք: Ապարան չհասած… ճաղատս խայթվածի նման շուռ եկավ ու պայթեց՝ «Բա սա օրենք է՞», և չլռեց մինչև Կիրովական:
Խոսքն այն մասին էր, որ իր ներկայացրած փաստաթղթերում սխալ են գտել ու իրեն զրկել են ինքնագործ խմբի հետ Բեռլին գնալուց, չնայած ինքն արդեն տասը տարի խմբի առաջին դհոլչին է: Ուրեմն, որ ինքը ժամանակին գլխի չի ընկել կեղծ փաստաթուղթ հանի, հիմա պիտի տուժի՞: Բա տասը տարի՞ն… Բա հիմա որ մինիստրի տեղակալը Ալավերդի է գալիս հուշարձանի բացմանը, չբռնի՞ ասի՝ ով Գերմանիա է գնում, թող նա էլ դհոլ խփի:
Այս վրիժառու միտքը նրան հանգիստ չէր տալիս, բայց զգացվում էր, որ չի անի: Այդ սրտի տերը չէր: Ասում էր՝ բռունցքը բաժնի վարիչի սեղանին է խփել, բայց տարբերակներով վերապատմելուց հասկացվում էր, որ չի արել, ներս է գցել ու հիմա մեր քթից է բերում:
Տարեց կինը կարեկցանքի շեշտով նրան հարցեր էր տալիս և պարզվեց, որ տղան իմ հայրենակիցն է:
- Ի՞նչ մարդ են նոյեմբերյանցիք,- հարցրեց կինը:
- Թու՜, մարդ չեն,- ասաց և Ապարանիչց Նոյեմբերյան հողին հավասարեցրեց նոյեմբերյանցիներին: Եվ իր ծննդավայրի մասին այդքան թշնամանքով խոսող մեկին ես չեմ տեսել: Նա տասը տարի առաջ էր տուն դրել Ալավերդիում և տեղացիներից փոխ էր առել ալավերդցիների՝ այդ կնոջ ու իր ասելով՝ ատելությունը հանդեպ նոյեմբերյանցիներ: Ինչ կա որ, հարևանները իրար արևով չեն երդվուն. սրա անասունը նրա հողն է մտնում, սրա շունը նրա հավն է գզում, մեկը մյուսի աչքադրած գործին է տեր կանգնում, մեկը տունը շինում է այնտեղ, որտեղ մյուսին թվում էր ինքն է շինելու … Ուրիշ պատճառ որ չլինի, երեկվա գյուղացի ալավերդցին իրեն քաղաքաբնակ է համարում, նոյեմբերյանցուն՝ գյուղացի, այդ էլ որ չլինի՝ մի քանի նոյեմբերյանցի Ալավերդու շուկայում դեղձ են ծախում … Հարևանին չսիրելու առիթ միշտ կա: Բայց ի՞նչն էր այդպես դաղել այդ մարդուն: (Ես զգում էի, որ նրա ոտքը պինդ են կոխել, կամ ակամա են տրորել, իսկ ոտքը բարակ է եղել ու հոգին՝ փոքր: Ըստ երևույթին նրանց ցեղից էր, ովքեր ոռնում են դեռ ցավ չտված և ոխը կտակում են որդիներին): Պարզվեց, որ Նոյեմբերյանում ապրող հոր տան ատաղձագործական հաստոցի հոսանքը անջատել են: Կարգ չի, որ տանը հաստոց լինի և անջատել են:
Մեզ ուղեկից կինը տասը տարի աշխատել էր Նոյեմբերյանում, և նա վստահ էր, որ նոյեմբերյանցիք մարդ չեն: Նա բժշկուհի էր կամ բուժակուհի: Ես հպանցիկ նայեցի նրան ու համոզված մտածեցի, որ նա երիտասարդ տարիներին վատ չի զգացել Նոյեմբերյանում, պարզապես երիտասարդությունն անցնում է՝ փողը մնում, և հիմա, որ ամեն ծառայության համար ինչ-որ կերպ վարձահատույց են լինում նրա բնագավառում, հիմա, այսօրվա շահերի տեսակետից այն տարիներին նայելիս (սերը անցնում է, փողը՝ մնում) այդ տասը տարին իրոք կորած է նրա համար:
- Մենակ Նասիբյանը,- ասաց կինը:
- Հա՜, Նասիբյանը:
Այդ կինը այսօր Երևանից տաքսիով գնում էր Կիրովական հատկապես մի խանութ մտնելու ու ետ դառնալու:
Չէ, ես Երևանից Կիրովական պիտի ավտոբուսով գնացած լինեի:
Մեղրու ճանապարհինես ճանապարհի ընկեր ունեի տարիքն առած մի գործընկերոջմ և նա ամբողջ ճանապարհին հաշտվել չկարողացավ այն բանի հետ, որ ուղևորներից մի քանիսը հինգ ժամվա ճանապարհը գնալու են ոտքի վրա: Նաստեպ-ստեպ շուռ էր գալիս նրանց կողմն ու ասում՝ «բա էսենց բան կլինի՞»: Նրա մտահոգությունը ոչ ոք չէր կիսում: Նստածներից մեծ մասը այդպես ոտքի վրա գնացած պիտի լիներ: Նոյեմբերյանցուս համար էլ արտառոց մի բան չէր հինգ-վեց ժամ ոտքի վրա ճանապարհ գնալը: Միայն պատերազմ ու բանտ տեսած այդ մարդը չէր հանդարտվում:
- Բա էսենց բան կլինի՞:
Արցախեցու նրա առոգանությունն ավելի սրտառուչ էր դարձնում նրա խոսքը:
Նա ղարաբաղցի էր, ես՝ լոռեցի, երկուսով Նախիջևանը կտրում էինք՝ Մեղրիում Երևանը ներկայացնելու: Երկուսս էլ այդ ճանապարհը անցնում էինք առաջին անգամ, և ինձ թվաց նրա վրդովմունքը վերաբերում էր նախ՝ ավտոբուսից դուրս եղածին: Համենայնդեպս, այդ նախադասությունը ձև էր տալիս նորանցյալ ժամանակներում թափառող իմ մտքերին: Նա՝ յոթանասունն անց, ես՝ քառասունին մոտ, այդ օրը ծանոթացած՝ չէինք խոսում, բայց մեր մտածմունքի առարկան նույն Արաքսի հովիտն էր: Միայն երկրորդական հարցերում էինք տարամիտ. վերջում ճանապարհը նրան երկար էր թվացել, իսկ ես չէի զգացել՝ ժամանակն ինչպես անցավ: Ինձ ոչինչ չէին ասել այն գյուղերի անունները, որոնց միջով խճուղին անցել էր: Պատմությունը չգիտի այդ գյուղերի անունները: Նման է այն բանին, որ ձեռքդ ես առել մի մասունք մատյան, որի գրերը անշնորհքորեն քերել, նոր գիր են գրել: Եվ կազմն են փոխել: Եվ վերնագիրն է անհեթեթ:
Նույն Արաքսի հովիտն էր՝ նույն ավազուտներով ու շիկահողով, ծիրանի ու խաղողի այգիներով, միայն արտերն էին շատ, մեկ էլ՝ հայացքի ապավեն Արարատը չկար:
Կանգառը հարկադիր էր: Ավտոբուսի վարորդը հինգ ժամ տևելիք ճանապարհի վրա, երևում էր, կանգառ տալու մտադրություն չուներ, նրան այն էլ էր շատ թվում, որ անցագիր ստուգելու համար մի տեղ կանգնեցրել էին, մի տեղ էլ պիտի կանգնեցնեին: Բայց շարժիչի միալար-հուսալի հռնդյունը սկսեց գխկալ, և դադար առանք:
Ճանապարհի ձախին քարակոփ բլուր էր սարքած և քարերի արանքներից ու շաղափած անցքերից ջուր էր ցայտում: Լցնողվի հողին առատ խոտ էր աճել: Բլուրը օազիս էր կիսաանապատի մեջ, և ջուրը գոլ ու անհամ էր: Ուզեցի հասկանալ, մի քանի անգամ փորձեցի ու չհասկացա՝ ջուրը Վայոց ձորի լեռների՞ց եկող ջուր է, որ դաշտում անհամացել է, թե՞ ընդերքից է հանված… Մեքենան չէր շարժվում: Ինձ ձանձրացրեց համը տեղը բերելու իմ համառությունը: Անցա ճանապարհի աջ կողմը, բարձրացա այն բլրակի մնացորդի վրա, որ խճուղու տակ էր մնացել և հորդահոս մի խողովակ ու տակը նով տեսա: Դեպի հարավ, չերևացող Արաքսի կողմ արտեր ու այգիներ էին փռված, և հորիզոնը փակում էր ցածր մի բլրաշար: Ըստ երևույթին, դա Արաքսից այն կողմ էր ընկնում… Եվ այստեղ էր, որ տեսա Փոքր Մասիսը Մեծ ֆոնի վրա: Ես կռացա նովի վրա, ջուր շփեցի երեսիս և ինքս ինձ ասի՝ «Քեզ այսքանն է հասնում Շարուրի դաշտից»:
Չնայած Արարատը չէր երևում, մնացած ճանապարհին իմ հայացքը դեռ Արաքսի կողմն էր: Բայց հայացքս ոչ մի բանի վրա կանգ չէր առնում, և այդ ամայությունը ավելի սրտամաշ էր, քան Արարատի գերյալ պատկերին նայելը: Պարապության մեջ նայելուց կսկծացող աչքերս հա՛ ձախ էին դառնում՝ հանգստանալու Վայոց ձորի, ապա Զանգեզուրի լեռնաշղթայի վրա… Բայց հեռվում ձգվող լեռնաշղթաների վրա շաղվող հայացքիս դեմ հածում էր Զորավարի առաջնորդած գաղթականության խմբակային ուրվականը…
Այն, ինչ բազմաչարչար այդ քարավանը քաշել էր Արաքսից այն կողմ, դեռ ողջ տառապանքը չէր: Արևմտյանից զրկված այդ ժողովուրդը դեռ պիտի Արևելյան Հայաստանը կտրեր լայնքով ու երկայնքով՝ Ղարս – Ալեքսանդրապոլ – Ջալալօղլի – Դսեղ – Դիլիջան – Մարտունի – Վայոց ձոր – Նախիջևան – Ջուլֆա – Խոյ-ետ՝ Ջուլֆա – Նախիջևան – Զանգեզուր – Դարալագյազ – Երևան:
Ի՜նչ հեղինակության տեր պիտի լիներ մարդը, որ կարողանար հետապնդող թշնամու հետադաս գնդակի տակ սովյալ ժողովրդին տանել այդ տանջանքի աղեղով, որի վրա են ընկնում Հայաստանի բոլոր լեռնանցքները, և ճակատ տար այս անգամ Խոյի կողմից ներխուժող թուրքին, ապա ևս մի ծանր նահանջով զորքն ու բազմապատկված ժողովրդին անցկացներ Զանգեզուրի լեռնաշղթան և Զանգեզուրը պահեր մեզ համար: Եվ ի՜նչ ապաբախտ պիտի լինի զորավարը, որ այդքան կաշկանդված լինի իրեն ապավինած ժողովրդի ապահովության հոգսով ու չկարողանա իրեն վայել թափով շուռ գա, իր ծանր ձեռքը բարձրացնի ատելի թշնամու վրա… Թուրք ավարառուի ամեն անգամ բերող բախտից էր, որ տասնութ թվականի մայիսից հետո զորավարի ձեռքերը կապված էին գաղթականության բախտով: 1985 թվականի հունիսի վերջերին ես թերթելու եմ այդ օրերի տարեգրությունը և մի զուգադիպություն ապշեցնելու է ինձ. այն օրերին, երբ ես Նախիջևանի դաշտում, ապա և Մեղրու հյուրանոցի իմ սենյակում մտածելիս եմ եղել երկու մեծ հայերի մասին, 67 տարի առաջ այդ մի քանի օրը Անդրանիկը Դսեղում եղել է Թումանյանի հյուրը: Եվս մի զուգադիպություն. ինձ այդ խորհրդածություններին մղած օրը, որ դուրս եմ եկել Երևանից, մայիսի 22-ն է եղել: 67 տարի առաջ այդ օրը հայկական հրաձգային գունդը և գնդին աջակցող աշխարհազոր գունդը թշնամուն ջախջախում են Ղամշլու գյուղի մոտ և օրվա վերջին գրավում Սարդարապատ գյուղը: Դա մեծ ճակատամարտը շահելու առաջին քայլն էր:
… Իսկ Ղարաքիլիսան բաց էր թշնամու առաջ: Բայց Սարդարապատը գրավելուց երկու օր հետո հայերը այնուամենայնիվ ճակատամարտ են տալիս, որ տևում է երեք օր: Այդ ճակատամարտում հայերը փաստորեն գիտակցված նահատակության գնացին, որովհետև Ղարաքիլիսայի բախտը վճռված էր այն բանից հետո, երբ պաշտպանության կարևոր բնագիծը՝ Ջաջուռը, հանձնվել էր առանց մարտի:
… Երբ Լոռվա սարերից իջել, Կիրովականով դուրս էի գալիս դեպի Երևան, հիշեցի, որ չորս օր առաջ Կիրովական մտնելիս մոռացել էի այդ օրերին իմ մտքերին իշխող պատմությունը: Խանգարեցին հիշել: Եվ խանգարողը դհոլչին էր, որի նմանները միշտ են ջլատել մեր միտքն ու վիժեցրել են մեր միաբանությունը:
Իսկ Մեղրու ճանապարհի իմ ծերուկ ընկերն ու ես մի բանում էինք տարակարծիք. վերջում պարզվեց՝ ճանապարհը նրան երկար էր թվացել (այդ էլ երևի իր հոգնած ոսկորներից էր, կամ՝ կցկտուր էր եղել նրա ծերունական միտքը – ժամանակն էլ է դժվար անցնում խորդուբորդություններով), իսկ ես չիմացա՝ ժամանակն ինչպես անցավ:
Շարունակությունն՝ այստեղ



