Օրերս Ռուսաստան-ԵՄ համաժողովի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արել է բավականին հետաքրքիր և ուշագրավ հայտարարություն: Նա առաջարկել է մինչ 2020թ.-ը ԵՄ-ի և այս տարի ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության միջև ստեղծել Ազատ առևտրի գոտի: Վերջինիս խոսքերով, անհրաժեշտ է փոխգործակցել միասնական Եվրոպայի կառուցման ուղղությամբ: Պուտինի ասելով՝ տեխնիկական և փորձագիտական մակարդակում դեռ շատ հարցեր կան քննարկելու, բայց անհրաժեշտ է արդեն իսկ սկսել խոսել դրա մասին և ձեռնամուխ լինել փորձագիտական երկխոսության ձևավորմանը:
Այստեղ, կարծում եմ, այնքան էլ կարևոր չէ, թե ԵՄ-ն ինչ կպատասխանի Ռուսաստանին, սակայն, մյուս կողմից պետք է նշել, որ եթե Եվրասիական տնտեսական միությունը կարողանա կայունանալ և ստեղծվի ներուժ դրա հետագա խորացման և ընդլայման համար, ապա կգա ժամանակ, որ ԵՄ-ն պարզապես այլընտրանք չի ունենա, քան տվյալ կառույցի հետ «մերձենալն է»:
Բայց եկեք առայժմ վերադառնանք ներկա: Այս հայտարարությունը կարելի է մի քանի կողմից դիտարկել, բայց ամենահավանականը թերևս այն է, որ Ռուսաստանը սրանով փորձում է լուծել որոշ կոնկրետ կարճաժամկետ հարցեր՝ կապված մի քանի երկրների հետ: Ես հակված եմ մտածել, որ սա ուղերձ է պոստ սովետական տարածքում գտնվող այն երկրներին, որոնք պատրաստվում են, կամ էլ սկզբունքնորեն կարող են հետագայում ԵՄ-ի հետ կնքել Ասոցացման պայմանագիր՝ իր տնտեսական բաղադրիչով: Սա առաջին հերթին, կարծում եմ, ուղերձ է հենց Ուկրաինային, որի հասարակության մի զգալի մասը կարծում է, որ ինտեգրվելով Մաքսային միությանը, կամ ավելի ճիշտ, պուտինյան ինտեգրացիոն կառույցներում` Ուկրաինան մեկընդմիշտ կկորցնի Եվրոպան, բայց սրանով Պուտինը ուզում է հասկացնել, որ իմաստ չունի անցնել քաոսի և ավերիչ զրկանքների միջոցով մի բանի համար, որը ժամանակի ընթացքում, միևնույնն է, կստանաս:
Ինչ մեղքս թաքցնեմ, բայց Պուտինի հետ այս հարցում ես համաձայն եմ: Տեսեք, ներկայիս աշխարհի համակարգն այնպիսին է, որ կայուն զարգացման համար անհրաժեշտ է ապահովել մշտապես կայուն աճ՝ սպառման շուկաների մեծացման ուղղությամբ: Այսօր նույնիսկ ԱՄՆ-ն է բանակցում ԵՄ-ի հետ ազատ Առևտրի գոտի ստեղծելու շուրջ: ԵՄ-ն իր հերթին դա անում է իր հարևանությամբ գտնվող բոլոր հնարավոր և անհնար հարևանների հետ՝ լինեն դա Արևելյան գործընկերության, Միջերկրածովյան միության (Union for the Mediterranean), թե Միջին Արևելքի պետությունները: Ռուսաստանը, կամ էլ ՄՄ-ն իր հերթին, բանակցում է EFTA-ի (Նորվեգիայի, Շվեյցարիա, Իսլանդիա, Լիխտենշտեյն), Նոր Զելանդիայի, Թայլանդի և նույնիսկ ԱՍԵԱՆ-ի երկրների հետ: Սա նորմալ և անշրջելի գործընթաց է:
Մեծ հաշվով, այսօր Առևտրի համաշխարհային կազմակերպության ռազմավարական գերխնդիրը սահմանների ազատականացումն է, որն իր հերթին Ազատ առևտրի գոտի է ամբողջ աշխարհում: Ուշ թե շուտ բոլոր տարածաշրջանային կազմակերպությունները առևտրի համար կստեղծեն ընդհանուր դաշտ՝ լինի դա հինգ, տասը, թե դրանից ընդամենը մի քանի տարի անց:
Հետևաբար առաջին հերթին ուզում եմ դիմել ուկրաինացիներին, որ ետ չգցեն իրենց երկրի զարգացումն, ասենք, շուրջ 50 տարով մի բանի համար, որը բնավ արժանի չէ իրենց ժողովրդի զրկանքներին, իսկ երկրորդ հերթին ուզում եմ դիմել մեր հասարակության, այսպես ասած, լիբերալներին և եվրոպամետներին, որ հանկարծ չփորձեն ինչ-որ խառնակչություն անել և հասարակությանը մոլորեցնել՝ հանուն, Աստված գիտի, ինչ գաղափարների: Ոչ մի ազատ առևտրի գոտու պայմանագիր չի կարող համեմատվել մեր ժողովրդի անվտանգության, խաղաղության և կայուն զարգացման հետ, առավել ևս, երբ այդ ազատ առևտրի գոտին, ուշ, թե շուտ, միևնույնն է անուղղակիորեն կստորագրվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/643450222388825?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել