1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Թուրքիա կարևոր իրադարձություն է ոչ միայն մեր տարածաշրջանի առումով, այլև եվրոպական քաղաքականության, սակայն հայ իրականության մեջ միայն այն հատվածներն են ուշադրության արժանանում, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը: Հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: 

«Օլանդի այցը Թուրքիա, փաստորեն, Միտերանից հետո ընդհանրապես Ֆրանսիայի նախագահի առաջին այցն էր Թուրքիա, այն էլ պետական այցի կարգավիճակով: Դա կարևոր էր գոնե իր հնչեղությամբ, բայց դա ֆրանս-թուրքական հարաբերություններում ցուցիչներից մեկն է, ինչ-որ տեղ նաև, այսպես ասած, ջերմաչափի դեր է կատարում: 

Ցավոք, Հայոց ցեղասպանության հարցը դարձրել են միջպետական հարաբերություններ պարզելու գործիք, որն ամենևին չի բխում Հայաստանի՝ որպես պետության, շահերից: Սա լրացուցիչ գործիք է ճնշում գործադրելու, այն նաև օգտագործվում է տեղի հայ համայնքին սիրաշահելու համար, բայց նպատակը խնդրին արդարացի լուծում տալը չէ: Եթե դու հանդուրժում ես, որ դա դառնա գործիք, նրանք էլ կօգտագործեն: Իսկ թե քաղաքական կամ բարոյական տեսակետից որքանով է դա արդարացված, թող յուրաքանչյուրն ինքը որոշի: Իմ վերաբերմունքը բացասական է»,- ասաց նա: 

Մեհրաբյանի խոսքով՝ թուրք-ֆրանսիական, ընդհանրապես՝ Եվրոպա-Թուրքիա հարաբերությունները բազմաշերտ, բազմաբովանդակ, հարուստ օրակարգով հարաբերություններ են: Հարցեր կան, որտեղ նրանք սերտորեն համագործակցում են, ի վերջո ռազմավարական դաշնակիցներ են, բայց հարցեր կան, որտեղ տարաձայնություններ ունեն, ինչպես, օրինակ, ԵՄ-Թուրքիա հարաբերություններում, այստեղ Ֆրանսիայի դիրքորոշումը մերժողական է, արվում են Թուրքիային գրգռող հարաբերություններ, որոնց բովանդակությունը մեկն է՝ Թուրքիան ինչ էլ անի, ԵՄ անդամ չի դառնա, քանի որ ինքն այդպես է ուզում:

Փորձագետը, սակայն, նշեց, որ կան չափանիշներ, որոնք վերաբերում են ԵՄ անդամության թեկնածուներին, ինչպեսև Թուրքիային: Այսօր Թուրքիան եզակի չափանիշների է բավարարում, իսկ մի քանիսին բավարարելու ճանապարհին է: Նա նշեց, որ հարցի նկատմամբ չպետք է սպորտային հետաքրքրություն դրսևորվի: Ռ.Մեհրաբյանը համոզմունք հայտնեց՝ որքան Թուրքիան գնա դեպի Արևմուտք, այնքան դա ՀՀ պետական շահերից է բխում, հակառակը ևս՝ որքան Արևմուտքը գա դեպի Արևելք, դա նույնպես բխում է մեր ազգային-պետական, անվտանգության շահերից: Եվ այս առումով Եվրոպայի հայկական Սփյուռքը պետք է իր դիրքորոշումներում հաշվի առնի ՀՀ շահերը, հասկանա՝ որն է գինը այն ազգային ավանդական դիրքորոշման, որ մինչ այժմ եղել է, մանավանդ հաշվի առնելով, որ Հայաստանը հետխորհրդային տարածքի մաս է, գտնվում է ամենախնդրահարույց հատվածում՝ Հարավային Կովկասում: 

«Եվրոպան Թուրքիայի հանդեպ ընդհանուր դիրքորոշում չուներ, նրա նկատմամբ տարբեր աստիճանի բարեհաճ վերաբերմունք կար, իսկ Ֆրանսիայի դիրքորոշումն առավել բացասական միտումներ է պարունակում, հոռետեսական՝ Թուրքիայի եվրոպական ապագայի նկատմամբ»,- ասաց նա: 

Մեհրաբյանը նշեց՝ Օլանդի կողմից եղավ առաջարկ՝ աշխատանք տանել հիշողության ուղղությամբ, նախագահ Գյուլն էլ ասաց, որ պատրաստ են արխիվները բացել: Այստեղ կարևոր է մի բան. Ցեղասպանության հարցն արխիվի և անցյալի պատմության հարց համարելը այնքան էլ քաղաքական օրակարգի հարց չէ: Ակտուալ քաղաքականության պատասխանատուները սկսում են խոսել արխիվներից, անցյալից, մենք էլ փորձում ենք ծափահարել, թե հայանպաստ բան է ասել, սակայն իրականում հայանպաստը ՀՀ արտաքին քաղաքականության առաւջխաղացմանը նպաստող քաղաքականությունն է՝ նոր շուկաներ, նոր դաշնակիցներ, նոր ճանապարհներ, նոր հարաբերությունների կառուցում: 

Փորձագետը նկատեց՝ Օլանդը փորձեց թուրքական իշխանություններին հասկացնել՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հարցն իր օրենսդրության ներքին խնդիրն է, ինքը Թուրքիային հաշվետու չէ: 

Ռ.Մեհրաբյանը անդրադարձավ նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակին, նշեց, որ այն զուտ ուկրաինական երևույթ չէ: «Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ընդհանուր ճգնաժամային վիճակի, պայթյունային վիճակի վառ դրսևորում է: Դա զուտ ուկրաինական դրսևորում չէ, այն կանխորոշում է ոչ միայն Ուկրաինայի, այլև հետխորհրդային երկրների ապագան, նաև՝ Ռուսաստանի: Դա կլինի կայսերապաշտ թե այդ կայսերապաշտությունը թոթափող Ռուսաստան, որն առավելապես փոխադարձ հարգանքի քաղաքականության միտված կլինի հարևան երկրների նկատմամբ, քան թե ագրեսիվության»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել