ՄԻԵԴ-ում կայացավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը (Լուսանկարներ)Panorama.am-ը գրում է.

Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում տեղի ունեցավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը։

«Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Ըստ ներկայացվածի` բնակչության մեծամասնությունը եղել են քրդեր և ադրբեջանցիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ստիպված են եղել հեռանալ իրենց տներից 1992թ․-ի մայիսի 17-ին, որից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալ, քանի որ այն վերահսկվում է հայկական ուժերի կողմից։ 

Դիմումատուները մասնավորապես բողոքում են Լաչինում իրենց սեփականության կորստից։

Դատական նիստի բացումից հետո առաջինը հանդես եկավ հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մարկ Մյուլերը՝ ներկայացնելով հայցվորների պահանջը։ Հայցվորը նշում է, որ Հայաստանը ԼՂՀ-ի նկատմամբ «արդյունավետ վերահսկողություն» է իրականացնում․«Հայաստանը վերահսկում է անգամ ԼՂՀ կառավարության գործողությունները։ Հայաստանը հասել է միացյալ պետության ստեղծման իր երազանքին»։

Հայցվոր կողմը ներկայացնող մյուս փաստաբանը ևս փորձում էր փաստարկել, իբր Հայաստանը «արդյուավետ վերահսկողություն» ունի ԼՀՂ-ի նկատմամբ՝ անգամ ֆինանսական, ռազմական առումով․«Հայաստանը Ստեփանակերտին մատարակարում է զենք և ֆինանսական միջոցներ։ ԼՂ-ն գոյատևում է միայն այլ երկրից ստացվող օգնությամբ»։

Հայաստանը՝ որպես պատասխանող, ներկայացնում էր ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

Հայցի դեմ հայկական կողմը փաստարկում էր, որ հայցվորները, մինչ Եվրոպական դատարան դիմելը պետք է սպառեին ներպետական դատական ատյանները։

Հայկական կողմից նշվեց, որ ՄԻԵԴ-ը կարող է մեծ դեր կատարել՝ տեղական դատարաններին հնարավորություն տալով ապացուցել իրենց անկախությունն ու արդարադատությունը։

«Հայցվորները նշում են, որ Լոնդոնի փաստաբանները չեն տիրապետում Հայաստանի արդարադատությանը, սակայն նշենք, որ Հայաստանում ևս կան փաստաբաններ, որոնք կարող էին օգնել նրանց։ Հայաստանում նրանք կարող են դիմել և ստանալ փոխհատուցում՝ բանակի կողմից արված վնասների դիմաց։ ԼՂՀ-ում նրանք կարող են դիմել և վերականգնել իրենց սեփականության իրավունքը, հատկապես երբ կան դրա համար արդեն իսկ նախադեպեր, երբ մարդկանց տունը պատերզմի արդյունքում քանդվել է, սակայն նրանք ԼՂՀ դատարանում կարողացել են հասնել իրենց իրավունքների վերականգնմանը և ստանալ իրենց սեփականությունը։ Հայաստանը եվրոպական երկիր է, որտեղ գործում են բազմաթիվ ավիաընկերություններ և Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ազերիների մուտքի որևէ արգելք չկա։ Ինչո՞ւ նրանք չեն գործել այսպես։ Սա խոսում է այն մասին, որ նրանց սխալ խորհուրդ են տվել փաստաբանները։ Նրանք մեղքից չեն ազատվում, եթե չգիտեն Հայաստանի օրենքները, չեն սպառել տեղական արդարադատության բոլոր ատյանները»,-ասաց հայկական կողմի փաստաբան Ջեոֆրի Ռոբերթսոնը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել