Kinoashkharh.am-ը գրում է.
Փոքր երեխաները պաշտում են մուլտիկները, բայց դրանք բնավ էլ միշտ չէ, որ անվտանգ են, ինչպես կարծում են ծնողները: Մանկական հոգեբանները, բժիշկներն ու գիտնականները միաբերան ասում են, որ 1-6 տարեկան հասակում մուլտֆիլմերի դիտումը պետք է նվազագույնի հասցնել և թույլ չտալ, որ երեխան մշտապես «կպչի» հեռուստացույցին: Իրականում փոքրիկները շատ հաճախ ընտելանում են որևէ մուլտֆիլմի և անընդհատ խնդրում ծնողներներին միացնել հենց դա, համակարգիչն ու համացանցն էլ, փառք Աստծո, այսօր հնարավորություն են տալիս չկապվել միայն հեռուստաալիքների ծրագրերին:
Այն, ինչին մեծերը երբեմն նույնիսկ ուշադրություն չեն դարձնում, երեխաների համար սեփական վարքագծի մոդելը ստեղծելու, ինչպես նաև անհատականության ու խառնվածքի զարգացման հիմք է դառնում: Այդ իսկ պատճառով մուլտֆիլմերի ընտրությունը շատ կարևոր է, չէ՞ որ փոքրիկները հաճախ սիրված մուլտիկների գլխավոր հերոսների վարքագծի մոդելները յուրացնում են, ջանում նմանակել նրանց կամ կրկնել այս կամ այն գործողությունը:
Հին մուլտիկներում, այդ թվում և հոլիվուդյան (մասնավորապես` Դիսնեյի) մեծ մասամբ հստակ ու պարզ էր, թե որն է լավ հերոսը, որը` վատը: Չար թագուհին, որպես կանոն, մուգ ու մռայլ գույներ ուներ (օրինակ` «Սպիտակաձյունիկը» մուլտֆիլմում), նրա համախոհները` չափազանց տհաճ, փնթի արտաքին և այլն: Իսկ հիմա մուլտֆիլմը նայելիս կամ նայելուց անմիջապես հետո ծնողները պետք է անհապաղ բացատրեն երեխաներին, թե ով ով է: Եվ վստահություն չկա, որ երեխաները կլսեն ծնողների կարծիքը և կհասկանան: Ավելին, ծնողները կարող են նույնիսկ տեղյակ չլինել, որ իրենց գնած մուլտֆիլմը «ճիշտ» չէ: Սոսկ շապիկից և համառոտ նկարագրությունից շատ քիչ բան է հասկանալի:
Ժամանակակից մուլտֆիլմերում հաճախ հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ չար հերոսները հանկարծ իրենց բարիի նման են պահում, իսկ բարիները` չարերի նման: Դրա վառ ապացույցը «Շրեկ» մուլտֆիլմն է: Հիշեք «Գեղեցիկ արքայազնը», մի՞թե բավական անախորժ տիպ չէ: Իսկ հիմա եկեք վերադառնանք «Գեղեցիկ արքայազնի» նախնական հասկացողությանը. բարի, գեղեցիկ, խելացի, սպիտակ ձիու վրա, և անպայման պետք է փրկի արքայադստերն ու կնության առնի: Իսկ ի՞նչ ունենք շրեկյան արքայազնից: Բացի սպիտակ ձիուց ու չափից ավելի քաղցր-մեղցր արտաքինից, թերևս ոչինչ: Ավելին, նրան մատուցում են որպես բացառապես բացասական հերոսի: «Մութ ուժերի» կողմում մենք տեսնում ենք նաև նրա մորը` «Բարի փերի» անունով (մտածեք «բարի փերի» հասկացության մասին): Զարմացնում է նաև «գեղեցիկ արքայադուստրերի» վարվեցողությունը` Մոխրոտիկի, Քնած գեղեցկուհու, Ռապունցելի (որ փաստորեն դավաճան է դառնում), որոնք առհասարակ հիմնովին խարխլում են բարի հերոսների հասկացողությունը: Հնարավոր է, որ ներկայումս ժանրի ճգնաժամ է, և անդրօվկիանոսյան կինոստուդիաները պարզապես չգիտեն` էլ ինչ մտածել: Նման մուլտֆիլմերից հետո աղջիկները գուցեև այլևս սպիտակ ձիու վրա նստած արքայազնի չսպասեն, բայց ի՞նչ է, փոխարենн սպասելու են մոնստր մարդակեր «փեսացուի՞»: Բայց միտումը կանցնի կգնա, իսկ երեխայի հոգեկանը կարող է խաթարված մնալ ողջ կյանքում:
Ամերիկյան մուլտֆիլմերի մեծ մասում լիովին անտեսվում կամ խեղաթյուրվում է մոր և ընտանիքի կերպարը: Ամուր, գեղեցիկ ու առողջ զավակներով ընտանեկան կապերի քարոզչություն չկա: Բացառություն են միայն կենդանիների մասին մուլտֆիլմերը, ինչպիսիք են, օրինակ` «Առյուծ արքան», «Արջուկ եղբայրը», «Դամբոն», «101 դալմատինները» (վերջինս, ի դեպ, հատկապես հստակ է գծում բարու ու չարի սահմանները թեʹ հերոսների արտաքին տեսքով, թեʹ վարքագծով): Սակայն մեծ մասամբ ընտանիքը ներկայացվում է որպես ինչ-որ աղմկոտ, անախորժ, երբեմն նունիսկ անպարկեշտ անձանց հավաք (օրինակ` մանկական «Գուֆֆին և նրա թիմը» սերիալում, մասամբ` «Սիմփսոններում»): Ուրեմն արդյունքում մոր ի՞նչ կերպար է ձևավորվելու աղջիկների մտքում: Կուզենա՞ն նրանք հետագայում ընտանիք կազմել և երեխաներ ունենալ: Կուզենա՞ արդյոք տղան ապագայում ամուսնանալ աղջկա հետ, եթե նրա ենթագիտակցության մեջ կնոջ կերպարը զուգորդվելու է «կռվարար ճվճվացող մորքուրի» կերպարի հետ:
Մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների հոգեկանի վրա բավական մեծ է, ուստի ամենափոքր հանդիսատեսին յուրաքանչյուր մուլտֆիլմ պետք է ինչ-որ բարի ու օգտակար բան տա. պերսոնաժն օգնում է մեծերին կամ ուրիշ պերսոնաժների, սովորելու, ազնիվ լինելու, չզլանալու ցանկություն առաջացնում: Առավել տարածված է պատումի խրատական ոճը լավ մուլտֆիլմերում, ինչպես նաև տպավորիչ ցուցադրումը հերոսների օրինակով: Այսպես, օրինակ` շատ հին խորհրդային մուլտֆիլմեր հերոսների միջոցով ցույց են տալիս ժլատության, կոպտության, ստի հետևանքները, որոնք մուլտֆիլմի ավարտին հասկանում են, որ նման որակները վատ են ու հրաժարվում են դրանցից:
Ծնողները հաճախ մուլտֆիլմի որակն ու անվտանգությունը որոշում են սոսկ կարդալով դրա նկարագրությունը և սցենարը: Իրականում անգամ ամենաբարի մուլտիկը կարող է վնասակար դառնալ փոքրիկի համար, եթե այն ստեղծելիս հաշվի չեն առնվել որոշ տեխնիկական ու հոգեբանական գործոններ:
Մուլտֆիլմը կարող է ուսանելի ու բարի լինել, բայց եթե նկարիչները չարաշահել են վառ գույները, այն վնասակար կլինի մանկական հոգեբանության համար: Մեծ քանակությամբ վառ գույները, ինչպես նաև միմյանց հետ բնավ չհամադրվող գույները բացասական ազդեցություն են թողնում երեխաների հոգեկանի վրա: Նրանք ագրեսիվ են դառնում, չափազանց գրգռված: Տաք ու մեղմ գույները, ընդհակառակը, հանգստացնում են պստիկներին ու հնարավորություն տալիս կենտրոնանալու մուլտիպլիկացիոն ներկայացման տեղեկատվական կողմի վրա:
Լավ և օգտակար մուլտֆիլմը պետք է բովանդակի ոչ ավելի, քան չորս հիմնական գույն, մնացածը պետք է սոսկ լրացում ծառայեն հիմնականներին և աչքի չընկնեն: Գունային համադրության լավ օրինակ են Դիսնեյի հին մուլտֆիլմերը Մոխրոտիկի կամ Սպիտակաձյունիկի մասին: Դրանց գույները չափից ավելի վառ չեն, սական կինոնկարը դրանից ձանձրալի չի դառնում երեխայի համար: Նման մուլտիկները սիրում են փաստորեն բոլոր տարիքների երեխաները:
Ձայնը մուլտֆիլմում խաղում է նույնքան կարևոր դեր, որքան նկարը: Ընդ որում, ձայնաշարը նույնպես պետք է չափից ավելի կտրուկ չլինի, ուղեկցող երաժշտությունը պետք է հանգիստ, մեղմ բնույթ ունենա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ