Եթե պատրաստ չեք ուղիղ խոսքի՝ մի շարունակեք կարդալ:
Մարդիկ հիմնականում այդ օրենքից ինչո՞ւ են բողոքում: Տոկո՞սն է վատը, չե՞ն հավատում, որ գումարները կպահպանվեն, չե՞ն հավատում կառավարությանը:
Իսկ մինչ այդ հավատո՞ւմ էին: Ոնց որ թե, այո: Խելոք օր-օրի աճող հարկերը սուսուփուս վճարում էիք: Տարիներ շարունակ:
Իսկ մի՞գուցե հենց Ձեր անձնական ապագան չեք ցանկանում կապել Հայաստանի հետ: Չեք ուզում երկարաժամկետ ներդրում անել և կապվել նրա հետ: Միգուցե վախենո՞ւմ եք, որ վաղը կորցնելու բան կունենաք արտագաղթելուց առաջ:
Լինենք ազնիվ:
Մարդիկ, որ լռում էին և ոչ մի արձագանք չունեին գոնե այս երեք տարիներին կատարվող իրադարձություններին, մեկ էլ ակտիվացան:
Այսքան մարդ ես սպասում էի Մաշտոցի պուրակում, երբ քաղաքապետը ավերում էր այն բուծիկներով:
Այսքան մարդ ես սպասում էի սպանված սպա Վահե Ավետյանի թաղման օրը և նեմեցի տան առաջ:
Այսքան մարդ ես սպասում էի ձմռանը 30 օր հացադուլ անող մարդու կողքը:
Այդքան մարդ ես սպասում էի ԱԺ-ի, նախագահի, ավագանու ընտրությունների օրերին տեղամասերի առաջ, ուր միայնակ էին խուժանի դիմաց:
Այդքան մարդ ես սպասում էի գազային պայմանագրի վավերացման օրը, երբ վաճառվեց Հայաստանը:
Այդքան մարդ ես սպասում էի սեպտեմբերի 4-ին, երբ դավաճանվեց Հայաստանի անկախությունը:
Այդքան մարդ ես սպասում էի քաղաքապետարանի առաջ, երբ տղաներին ահաբեկում և խոշտանգում էին:
Ավելի լավ է ուշ, քան երբեք:
Ուզում եմ հավատալ, որ իրավատեր եք, ոչ թե սպառող, և դանակը հասել է Ձեր ոսկորին:
Երեկ ցույց էր:
«Քանի դեռ դերակատարներդ նույնն են, Դու փրկություն չունես»:
Սա Վարդան Պետրոսյանի խոսքերն են`
Հարթակում կանգնած կուսակցության անդամներին և նրանց անունից ելույթ ունեցողներին եթե չեք ճանաչում, տեղյա՞կ եք գոնե այդ կուսակցությունների մեկ ամսվա անցուդարձին:
Գոնե գիտե՞ք, որ Նաիրա Զոհրաբյանը կողմ է քվեարկել 2010 թվականին այդ կենսաթոշակային ռեֆորմի օրենքին:
Վերջերս կատարվեցին խորհրդանշական նաև մի քանի իրադարձություն այդ 4 խմբակցություններից որոշների շուրջ:
- Նոր տարվանից առաջ լսեցի՞ք, որ Գագիկ Ծառուկյանը հոտնկայս խմեց Սերժ Սարգսյանի կենացը:
- Մյուս հակասական լուրերը կապված էին դաշնակցության հետ: Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Հովհաննիսյանը նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
- Սահմանադրական դատարանի նախագահի անվան շուրջ, նրա եղբոր ևս կային հետևյալ նորությունները` Սերժ Սարգսյանը նրան շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Սահմանադրական դատարան դիմելու փաստը, որը խորհրդարանի 4 խմբակցությունը կատարեցին, ավելի անհասկանալի դարձրեց վիճակը:
Սահմանադրական դատարանը երբևէ իր ստեղծման օրվանից չի պաշտպանել օրինականությունը: Նա միշտ սպասարկել է այդ պահին իշխող ուժի կարիքները:
Շատ է շահարկվում կուսակցականների կողմից թե` մի խաթարեք մեր միասնությունը: Հազիվ իրար հետ ենք:
Իսկ ինչո՞ւ միասնական չէիք մեկ տարի առաջ՝ դեկտեմբերին: Ինչո՞ւ էիք իրար կոկորդ կրծում:
Ինչո՞ւ թույլ չեք տալիս ձեր կուսակցություններում սերնդափոխություն: Ինչո՞ւ էիք այդքան կասկածամիտ ընտրատեղամասերում՝ մեկդ մյուսի նկատմամբ:
Ժողովրդի համար միասնականության կոչեր հնչեցնելը սխալ է: Հասարակ մարդիկ միշտ միասնական են, դուք Ձեզ տեսեք:
Չի կարելի թույլ տալ` շուտվանից մահացած քաղաքական դեմքերին վերակենդանություն առնեն շարժման վրա:
Նրանք անգամ սեփական կարգախոսը չեն ցանկանում փոխարինեն միասնության այս պահին:
Նրանք թելադրելու իրավունք չունեն: Միայն որպես հավասար ձայնով մասնակիցներ:
Պայքարին կցանկանան ինքնապիառ անել շատ մշակույթի գործիչներ, դերասաններ, երգիչներ, .... Պակաս չի լինի:
Ամեն դեպքում պայքարը հզոր բան է: Պայքարը կյանք է, նրա իմաստը և շարժիչ ուժը: