Սեփական գրպանի պայքա՞ր, թե զարթոնքի նախանշան


13:25 , 20 հունվար, 2014

Եթե պատրաստ չեք ուղիղ խոսքի՝ մի շարունակեք կարդալ:

Մարդիկ հիմնականում այդ օրենքից ինչո՞ւ են բողոքում: Տոկո՞սն է վատը, չե՞ն հավատում, որ գումարները կպահպանվեն, չե՞ն հավատում կառավարությանը:
Իսկ մինչ այդ հավատո՞ւմ էին: Ոնց որ թե, այո: Խելոք օր-օրի աճող հարկերը սուսուփուս վճարում էիք: Տարիներ շարունակ:

Իսկ մի՞գուցե հենց Ձեր անձնական ապագան չեք ցանկանում կապել Հայաստանի հետ: Չեք ուզում երկարաժամկետ ներդրում անել և կապվել նրա հետ: Միգուցե վախենո՞ւմ եք, որ վաղը կորցնելու բան կունենաք արտագաղթելուց առաջ:
Լինենք ազնիվ:

Մարդիկ, որ լռում էին և ոչ մի արձագանք չունեին գոնե այս երեք տարիներին կատարվող իրադարձություններին, մեկ էլ ակտիվացան:

Այսքան մարդ ես սպասում էի Մաշտոցի պուրակում, երբ քաղաքապետը ավերում էր այն բուծիկներով:
Այսքան մարդ ես սպասում էի սպանված սպա Վահե Ավետյանի թաղման օրը և նեմեցի տան առաջ:
Այսքան մարդ ես սպասում էի ձմռանը 30 օր հացադուլ անող մարդու կողքը:
Այդքան մարդ ես սպասում էի ԱԺ-ի, նախագահի, ավագանու ընտրությունների օրերին տեղամասերի առաջ, ուր միայնակ էին խուժանի դիմաց:
Այդքան մարդ ես սպասում էի գազային պայմանագրի վավերացման օրը, երբ վաճառվեց Հայաստանը:
Այդքան մարդ ես սպասում էի սեպտեմբերի 4-ին, երբ դավաճանվեց Հայաստանի անկախությունը:
Այդքան մարդ ես սպասում էի քաղաքապետարանի առաջ, երբ տղաներին ահաբեկում և խոշտանգում էին:

Ավելի լավ է ուշ, քան երբեք:
Ուզում եմ հավատալ, որ իրավատեր եք, ոչ թե սպառող, և դանակը հասել է Ձեր ոսկորին:

Երեկ ցույց էր:

«Քանի դեռ դերակատարներդ նույնն են, Դու փրկություն չունես»: 
Սա Վարդան Պետրոսյանի խոսքերն են`

Հարթակում կանգնած կուսակցության անդամներին և նրանց անունից ելույթ ունեցողներին եթե չեք ճանաչում, տեղյա՞կ եք գոնե այդ կուսակցությունների մեկ ամսվա անցուդարձին:

Գոնե գիտե՞ք, որ Նաիրա Զոհրաբյանը կողմ է քվեարկել 2010 թվականին այդ կենսաթոշակային ռեֆորմի օրենքին:

Վերջերս կատարվեցին խորհրդանշական նաև մի քանի իրադարձություն այդ 4 խմբակցություններից որոշների շուրջ:


Սահմանադրական դատարան դիմելու փաստը, որը խորհրդարանի 4 խմբակցությունը կատարեցին, ավելի անհասկանալի դարձրեց վիճակը:

Սահմանադրական դատարանը երբևէ իր ստեղծման օրվանից չի պաշտպանել օրինականությունը: Նա միշտ սպասարկել է այդ պահին իշխող ուժի կարիքները: 

Հիշենք 2008 թվականի նրա աղոտ որոշումը` նախագահական ընտրություններից հետո:
Հիշենք նրա որոշումը անցյալ տարի, նորից նախագահական ընտրությունների մասով: 
Հիշենք գոնե նրա որոշումը ստորացուցիչ գազային պայմանագրի մասին մեկ ամիս առաջ:

Շատ է շահարկվում կուսակցականների կողմից թե` մի խաթարեք մեր միասնությունը: Հազիվ իրար հետ ենք:
Իսկ ինչո՞ւ միասնական չէիք մեկ տարի առաջ՝ դեկտեմբերին: Ինչո՞ւ էիք իրար կոկորդ կրծում:
Ինչո՞ւ թույլ չեք տալիս ձեր կուսակցություններում սերնդափոխություն: Ինչո՞ւ էիք այդքան կասկածամիտ ընտրատեղամասերում՝ մեկդ մյուսի նկատմամբ:

Ժողովրդի համար միասնականության կոչեր հնչեցնելը սխալ է: Հասարակ մարդիկ միշտ միասնական են, դուք Ձեզ տեսեք:
Չի կարելի թույլ տալ` շուտվանից մահացած քաղաքական դեմքերին վերակենդանություն առնեն շարժման վրա: 
Նրանք անգամ սեփական կարգախոսը չեն ցանկանում փոխարինեն միասնության այս պահին:

Նրանք թելադրելու իրավունք չունեն: Միայն որպես հավասար ձայնով մասնակիցներ:

Պայքարին կցանկանան ինքնապիառ անել շատ մշակույթի գործիչներ, դերասաններ, երգիչներ, .... Պակաս չի լինի:

Ամեն դեպքում պայքարը հզոր բան է: Պայքարը կյանք է, նրա իմաստը և շարժիչ ուժը: