1in.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում հաշտվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այն որոշման հետ, որի պատճառով ինքը դուրս է մնացել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից:

Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել եվրոպական կազինոներում խաղալու և մեծ գումար տանուլ տալու մասին: Հ. Աբրահամյանը որոշեց նրան չընդգրկել ՀՀ պատվիրակության կազմում, փոխարենը ԵԽԽՎ կմեկնի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Զ. Փոստանջյանն էլ ի պատասխան` նրան դժվարին օրեր խոստացավ:

Այս ամիսների ընթացքում նա այդ հարցով դիմել էր ԵԽԽՎ տարբեր պաշտոնյաների: ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարն էլ այդ հարցով անցած աշնանը նամակ էր հղել Վեհաժողովի կանոնադրության և անձեռնմխելիության հանձնաժողովին, որն էլ քննարկել էր Հ. Աբրահամյանի այդ որոշումը և եզրակացրել, որ «վերջին իրադարձությունները կարող են վնասել կուսակցությունների արդար ներկայացվածությանը»:

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանը տեղի է ունենալու հունվարի 27-31-ը: Այդ ընթացքում ամենայն հավանականությամբ ԵԽԽՎ-ում ամենամեծ պատվիրակություն ունեցող ԵԺԿ-ն կվիճարկի ՀՀ պատվիրակության նոր կազմը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը ԵԺԿ անդամ է: Իսկ նստաշրջանի սկսվելուն պես ԵԽԽՎ-ն պետք է հաստատի ազգային պատվիրակությունների կազմը: Զ. Փոստանջյանը վստահ է, որ Հայաստանի պատվիրակության նոր կազմը չի հաստատվելու իրեն, այսինքն` «Ժառանգությանը» չընդգրկելու պատճառով:

ԱԺ արտաքին հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի խոսքերով` ԵԽԽՎ-ն սովորաբար մեխանիկորեն հաստատում է ազգային պատվիրակությունների ներկայացրած կազմը: Բայց եթե նմանատիպ կամ այլ խնդիրներ կան, դրանք քննարկման առարկա է դարձնում, և դրանց արդյունքում հնարավոր է, որ չհաստատի կազմը: Իսկ ազգային պատվիրակությունները կազմավորելու համար կան հատուկ չափանիշներ, որոնցից կարևորներից է խորհրդարաններում ընդգրկված կուսակցությունների համամասնության պահպանումը: «Ինձ թվում է, որ Հայաստանի դեպքում հարցը կառանձնացվի, հատկապես որ մի քանի պատգամավորներ արդեն դիմել են ԵԽԽՎ և գտնում են, որ հայկական պատվիրակության հետ ինչ-որ մի բան այն չէ: Այնտեղ կքննարկեն նաև այն հարցը, թե արդյոք այդ որոշումը պայմանավորված չէ՞ մարդկանց քաղաքական հայացքներով կամ որոշումն ընդունած մարմնի, ղեկավարի անձնական գործոնով: Հատկապես կարող է քննարկվել այն հարցը, թե արդյոք պատվիրակությունում ընդդիմադիր պատգամավորի չընդգրկվելը և նրան իշխանական պատգամավորով փոխարինելը ճի՞շտ է»,- ասաց Հ. Իգիթյանը:

Վերջինս նաև չբացառեց, որ եթե ԵԺԿ-ն վիճարկի հայկական պատվիրակության կազմը, ԵԽԽՎ-ն միգուցե չհաստատի այն: Չէ՞ որ այդ կուսակցությունը ԵԽԽՎ-ում ունի ամենամեծ խմբակցությունը և կարող է ազդել Վեհաժողովի որոշումների վրա: «Բոլոր դեպքերում, եթե ինչ-որ մի պատվիրակության հաստատման հարցն առանձնացվում է, դա արդեն մի փոքր նվաստացուցիչ գործընթաց է, դա նշանակում է, որ տվյալ պատվիրակությունը ներկայացնող խորհրդարանի ներսում կան խնդիրներ և կան ժողովրդավարական չափանիշների խախտումներ»,- եզրափակեց Հ. Իգիթյանը:

Իսկ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում բացառեց, որ չհաստատվի մեր պատվիրակության նոր կազմը: «Ինչ վերաբերում է ՀՀ պատվիրակության լիազորությունները վիճարկելուն` այո, 5 տարբեր ազգային պատվիրակությունների 10 պատգամավոր կարող են դա անել: Նման դեպքերում պատվիրակության լիազորությունները առկախվում են, հարցը ավտոմատ կերպով հղվում է Կանոնակարգային կոմիտեի քննարկմանը, և ես բացարձակապես վստահ եմ, որ Կոմիտեն որևէ խախտում չի հայտնաբերելու»,- ասաց Դ. Հարությունյանը:

Նրա խոսքերով` պատվիրակության լիազորությունների առկախումը տեղի է ունենալու ընդամենը երեք օրով, և այդ ընթացքում ՀՀ պատվիրակությունը իրավունք չի ունենա քվեարկելու, եթե Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարց քննարկվի: Բայց Դ. Հարությունյանը գտնում է, որ այդ հանգամանքը գործնականում չի խանգարի իրենց աշխատանքներին, քանի որ այդ 3 օրերին ԵԽԽՎ օրակարգում Հայաստանի հետ ուղղակի առնչվող հարց չի քննարկվելու:

Զ. Փոստանջյանը հետապնդում էր համարում աշնանը Ստրասբուրգում Ս. Սարգսյանին ուղղած հարցի պատճառով իրեն ԵԽԽՎ պատվիրակության կազմից դուրս թողնելու քայլը: Դ. Հարությունյանը համամիտ չէ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի հետ: «Ես համամիտ չեմ Զարուհու հետ, բայց մեր Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ իր կարծիքը»,- եզրափակեց Դ. Հարությունյանը:

Իսկ եթե ԵԽԽՎ-ն, այնուամենայնիվ, հաստատի ՀՀ պատվիրակության կազմը, ապա Զ. Փոստանջյանը կարող է նստաշրջանին մասնակցել ԵԺԿ հրավերով և դիտորդի կարգավիճակով: Տվյալ դեպքում նա կարող է ունենալ նաև ելույթի իրավունք: Իսկ մինչ այդ Ստրասբուրգ մեկնելու հարցով «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը դիմել է ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին և սպասում է նրա պաշտոնական պատասխանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել