1in.am-ը գրում է.
Այն ժամանակից ի վեր, երբ Արիել Շարոնը ութ տարի առաջ ընկավ կոմայի մեջ, շատերին էր հետաքրքրում այն հարցը, թե նա հեռուն կտանե՞ր խաղաղ կարգավորման գործընթացը պաղեստինցիների հետ՝ 2005թ. Գազայի հատվածից զորքերի դուրսբերումից հետո: Այս մասին հաղորդում է Haaretz-ը:
Հոդվածի համաձայն՝ WikiLeaks-ի հրապարակած նյութերը վկայում են, որ նույնիսկ մինչև Գազայի հատվածից զորքերի դուրսբերումը Շարոնը ծրագրել է զգալի դիվանագիտական քայլ: Բացի այդ, պաղեստինյան փաստաթղթերը վկայում են, որ 2004թ. նոյեմբերին Յասիր Արաֆաթի մահից հետո Շարոնը Գազայից զորքերի դուրսբերումը համակարգել է Պաղեստինի հետ:
2004թ. նոյեմբերին Շարոնն ընդունել է ամերիկացի երկու սենատորներին՝ Չակ Հեյգելին և Ջո Բայդենին, և նրանց ասել, որ «Արաֆաթի մահից հետո նոր հնարավորություն է բացվում Գազայի հատվածից զորքերի դուրսբերումը պաղեստինցիների հետ կարգավորելու համար»:
Պարբերականը նաև հիշեցնում է 2005թ. փետրվարի 8-ին Շարոնի և Աբասի հանդիպման մասին: Աբասը Շարոնին ասել է, որ մտադիր է վերահսկողություն հաստատել անվտանգության ոլորտում, պայքարել մաքսանենգության դեմ: Շարոնն իր հերթին առաջարկել է իսրայելական բանակը դուրս բերել պաղեստինյան քաղաքներից և հանել հսկիչ անցակետերը ճանապարհներին, և հասկացնել է տվել, որ եթե պաղեստինցիները չպայքարեն ահաբեկչության դեմ, ապա ոչ մի դիվանագիտական գործընթաց հնարավոր չէ:
Երեք ամիս անց Շարոնը սկսել է կորցնել համբերությունը՝ ասվում է հոդվածում: 2005թ. մայիսի 30-ին նա հանդիպել է մի քանի կոնգրեսականների հետ՝ հայտարարելով, որ նախորդ գիշեր Գազայի հատվածից հրթիռ է արձակվել: Շարոնն ընդգծել է, որ հրթիռի արձակումը հանգեցնում է այն բանին, որ իսրայելական հասարակությունը կորցնում է վստահությունն իր նկատմամբ:
Երեք շաբաթ անց Շարոնը, Աբասը և նրա կողմնակիցները կրկին հանդիպել են: Նշվում է, որ Շարոնը հասկացնել է տվել, որ Իսրայելը կարող է հետագա քայլեր ձեռնարկել ապագայում, եթե զորքերի դուրսբերումը հանգիստ անցնի:
Այս հանդիպումից կես տարի անց Շարոնի առողջական վիճակը վատացել է:



