Տեղապտույտը, որի մեջ հայտնվել ենք, ամենալուրջ սպառնալիքն է Հայաստանի ապագայի համար:
Ես գնալով համոզվում եմ, որ քաղաքական դաշտում նախկին նախագահների «սինդրոմը» և Հայաստանի ապագայի տեսլականը խաչվելով միմյանց՝ սպառնում են երկար տարիներ մեզ նետել վերը նշված տեղապտույտի մեջ…
88-ից մինչ օրս Հայաստանում քաղաքական էլիտան չի փոխվում: Դատելով ընթացող զարգացումներից՝ առաջիկա տարիների կտրվածով չի էլ նշմարվում այդպիսի միտում…
Հանրագումարի բերելով այդ էլիտայի 25-ամյա գործունեությունը՝ հնարավոր չէ անտեսել այն հանգամանքը, որ անուրանալի ձեռքբերումների հետ մեկտեղ, կորցրել ենք բարեկեցիկ պետություն կառուցելու առաջիկա տարիների սպասելիքները՝ սերունդների ուսերին թողնելով ահռելի բեռ…
Եվ այստեղ, ինչ խոսք, պատասխանատու են այդ էլիտայի առաջնորդները, իհարկե, յուրաքանչյուրն իր չափով…
Անկախության վերականգնման ու Ղարաբաղում տարած փառահեղ հաղթանակին զուգահեռ՝ մենք կորցրել ենք շուրջ 1.5 միլիոն ժողովուրդ, ով իր ապագան տեսել է Հայաստանից դուրս…
Այս ամենը չէր կարող իր հետևանքները չունենալ, ինչի արդյունքում և՛ անկախության գաղափարն արժեզրկվեց, և՛ Ղարաբաղում տարած հաղթանակը…
…Այս ամենը կարող էր և «մարսվել», եթե պետության ընդհանուր որակը առողջ լիներ, բա՞յց…
…Այլընտրանք չկա, քաղաքական էլիտան պետք է փոխվի, պետք է փոխվի Հայաստանի կառավարման փիլիսոփայությունն արմատապես…
Իսկ սա նշանակում է, որ 88-ի սերունդը, ով արժանիորեն անուրանալի դեր կատարեց մեր ժողովրդի պատմության մեջ, և ըստ էության գրեց նոր պատմություն, նույնպիսի արժանապատվությամբ ու ինքնակամ պետք է հեռանա քաղաքական ասպարեզից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել