Newsbook.am-ը գրում է.

Սպանել բառը միտումնաբար չակերտների մեջ չեմ առնում: Գիտեմ, անշուշտ, որ այսպես մեծ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա: Սակայն դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահն իր մեջ հենց սպանության նախանշանն է պարունակում, որովհետև հոգեբանորեն նրան ճզմեցին ու ոչնչացրեցին, զրկեցին սիրած գործով զբաղվելու ուրախությունից, դավեր նյութեցին: Արամ Ղարաբեկյանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր-գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնեց բարդագույն ժամանակներում, երբ շատ բան կազմաքանդվել էր, ավերվել: Բոստոնում ծնված Արամ Ղարաբեկյանը սովորել էր ծննդավայրի «New England» կոնսերվատորիայում, ապա մեկնել Գերմանիա և այստեղ շարունակել ուսումը: Նա դիրիժորություն սովորել էր աշխարհահռչակ Ֆրանկո Ֆերարայի մոտ, ապա աշակերտը դարձել համաշխարհային հռչակ վայելող կոմպոզիտոր, նշանավոր «Վեստսայդյան պատմության» հեղինակ Լեոնհարդ Բերնստայնի: Նա 1983 թվականին հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, եղել է Ուկրաինայի մշակույթի նախարարի գլխավոր խորհրդականը, Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը: Խոստովանենք, որ նման կենսագրության դիրիժորներով հարուստ չէր Հայաստանը, ուստի նա եկավ ու ստանձնեց պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները՝ մեր երաժշտական կյանքը լցնելով ուշագրավ մտահղացումներով, ինքնատիպ համերգներով: Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ կամերային նվագախումբը նոր կենդանություն առավ, երկրի համար բարդագույն ժամանակներում այն զբաղվեց կամերային երաժշտության քարոզչությամբ, իր շուրջ համախմբեց երաժիշտների, հնարավորություն տվեց նրանց ինքնաարտահայտվելու: Սակայն չարությունն ու նախանձը գլուխ բարձրացրեցին: Նվագախմբի 23 անդամից 17-ը ելան անվանի դիրիժորի դեմ, հրապարակ հանեցին չհիմնավորված մեղադրանքներ: Ստիպված էր Ղարաբեկյանը հրաժարականի դիմում գրել, սակայն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այդպես էլ դիմումը չէր ընդունում՝ լավ հասկանալով, որ «մի անտես ձեռք» կազմակերպում է այս ամենը: Երաժիշտները նամակ էին գրել նախարարին ու բողոքել, թե Արամ Ղարաբեկյանը իրենց վերաբերում է ինչպես ճորտերի, տարիներ շարունակ միանձնյա է որոշում նվագախմբի հետ կապված հարցերը, մինչդեռ իսկական երաժիշտները, որոնց թիվը մեծ չէր, պաշտպանում էին Ղարաբեկյանին, նշում, որ ստում են իրենց գործընկերները, որ նրանք չեն ընդունում մաեստրոյի պահանջկոտությունը, բարձր արհեստավարժությունը: Օրական աշխատելով 3-4 ժամ, երաժիշտները, Արամ Ղարաբեկյանի ջանքերով, ստանում էին 250-300 դոլար, երբ այդ ժամանակ նվագախմբի աշխատավարձը մոտ 25 հազար դրամ էր: Ղարաբեկյանի դեմ գործում էին ինչ-որ ուժեր, որոնք էլ դրդում էին մի խումբ երաժիշտների ելնել նրա դեմ, թունավորել նրա կյանքը, խանգարել ստեղծագործական աշխատանքները: Հենց այս ուժերին էլ հաջողվեց հասնել այն բանին, որ Ղարաբեկյանը հիասթափված ու հոգնած, հոգով ոչնչացած՝ հեռանա նվագախմբից ու երկրից: Նա շատ ծանր էր տանում Երևանում իր ապրածը, չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էին երաժիշտներն այդքան անբարո ու անազնիվ լինել: Հենց այդ ամենն էլ հասցրեցին այն բանին, որ Ղարաբեկյանը սրտի հետ խնդիրներ ունենա, որոնց մասին նա թաքցնում էր, չէր ասում իր հարազատներին:

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել