1in.am-ը գրում է.
Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում պատգամավոր Մայք Գաթոյի ներկայացրած բանաձևը, որով Վաշինգտոնին կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն, առաջացրել է ադրբեջանցիների ցասումն ԱՄՆ-ում և արտերկրում: Այս մասին հայտնում է Glendale News-press-ը:
Ադրբեջանական կողմը մեղադրել է Գաթոյին հայ լոբբիստներին ականջալուր լինելու մեջ, ինչը Գաթոն չի հերքում:
«Ես չեմ թաքցնում փաստը, որ այս օրինագծի պատրաստման համար աշխատել եմ հայկական լոբբիստական երեք կազմակերպությունների հետ»,- ասել է նա:
Դրանք են՝ Ամերիկայի հայկական խորհուրդը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և «Միավորված երիտասարդ հայերը»:
Գաթոն ասել է, որ հայ լոբբիստներին ականջալուր լինելու մասին մեղադրանքները որևէ կապ չունեն ընդհանուր մեծ խնդրի հետ:
«Մարդկանց ասել, որ նրանք չունեն ինքնորոշման իրավունք, խորհրդային մոտեցում է»,- ասել է նա՝ նշելով, թե կարծում էր, որ ողջ աշխարհն է համաձայն ազգերի ինքնորոշման իրավունքի հետ:
Azernews-ի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլաևն ասել է, որ առանձին նահանգները, ինչպիսին Կալիֆոռնիան է, չպետք է որոշեն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը:



