Panarmenian.net-ը գրում է.
Միջազգային ահաբեկչական «Ալ Քայիդա» կազմակերպության և Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի գրոհայինների ակտիվացումը սպառնալիք է Թուրքիայի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա, «օտար տարրերը» պետք է լքեն Սիրիայի տարածքը: ԱԳ նախարարը նաև նշել է, թե «Ալ Քայիդայի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործոնը Սիրիայում հայտնվեց հենց այն ժամանակ, երբ ընդդիմությունն ամրապնդեց իր դիրքերը երկրի հյուսիսում, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Սիրիական ռեժիմի ու ահաբեկչական կազմակերպությունների միջև կապ կա», չվարանեց նշել Դավութօղլուն: Ինչ վերաբերում է «օտար տարրերին», ապա նրանք կարող են հեռանալ Սիրիայից միայն մեկ դեպքում՝ պարտություն կրելով Ասադի զորքերի դեմ մարտերում:
Պետք է ասել, որ Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններն այն ամենի վերաբերյալ, ինչ առնչվում է Սիրիային, մեկ նպատակ են հետապնդում՝ ներկայացնել Թուրքիան շահավետ դիրքերից, որն, իբր, բոլորից շատ է ցանկանում, որ արյունահեղությունը Սիրիայում դադարի: Սակայն, իրականում ամեն ինչ այլ է. Թուրքիան է մատակարարել իսլամիստ ահաբեկիչներին զենքով, դեղորայքով ու քիմիական զենքի բաղադրիչներով: Ավելին, հավանաբար, Թուրքիայի համար ձեռնատու է քաղաքացիական պատերազմը Սիրիայում, ինչը շեղում է համաշխարհային հանրության ուշադրությունը նրա խնդիրներից: Այդ ամենն ապացուցված է և որքան էլ արդարանա Թուրքիան, այդ ամենը փաստ է: Նույն Էրդողանը, որը կարծես թե ժամանակն է, որ իր մասին մտածի, կոչ էր անում Ասադին «հեռանալ քանի ուշ չէ»: Նա Հոսնի Մուբարաքին էլ էր խորհուրդ տալիս նույնը և ի պատասխան նրան ասացին, որ չմիջամտի ուրիշի գործերին: Իսկ հիմա ստացվում է, որ Ասադը կարող է խորհուրդ տալ Էրդողանին հեռանալ, իսկ ԱԳՆ ղեկավարին չտարածել սուտ տեղեկություններ, օրինակ, այն մասին, որ Ասադն ու իսլամիստները միասին են գործում: Ուղղակի հետաքրքիր է, թե ում դեմ է ուղղված այդ դաշինքը: Հազիվ թե սիրիացի ժողովրդի դեմ: Ինչպես արդեն նշվել է, ալևիները սունիների հետ ոչ մի ընդհանուր բան չեն կարող ունենալ և Դավութօղլուն հիանալի գիտի այդ մասին: Իսկ եթե խոսենք կապերի մասին, ապա սիրիական ընդդիմությունը հենց Ստամբուլում է կազմակերպում իր հանդիպումներն ու նույնիսկ կենտրոնակայան ունի: Սրանք «չափավորներն են», թեև չափավոր իսլամիստներ չեն լինում: Ջիհադիստական խմբավորումները բազաներ ունեն հենց թուրք-սիրիական սահմանին: Ավելորդ չէ հիշեցնել, որ անցած տարվա վերջում Թուրքիային ստիպեցին սառեցնել «Այ Քայիդայի» և նրա հետ կապ ունեցող խմբավորումների հաշիվները:
Մոնտրյոյում Սիրիայի գծով կայանալիք «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի շեմին Թուրքիան ամեն կերպ փորձում է ստանձնել եթե ոչ առաջատարի, ապա գոնե երկրորդ ջութակի դերը, քանի որ գլխավոր դերակատարներն ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են: Մինչև հունվարի 22-ը մենք դեռ տարբեր հայտարարություններ կլսենք Թուրքիայի ԱԳՆ-ից Սիրիայի վերաբերյալ, եթե բուն Թուրքիայում իրավիճակը ճգնաժամային չդառնա «Մեծ կաշառք» գործողության և դրա հետևանքների հետ կապված:



