Civilnet.am-ը գրում է.

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ (Sabah, Haberler) հունվարի 9-ին լուրեր են հրապարակել, թե հայերը վնաս են հասցնում Անիի [թուրքերը հատկապես վերջին շրջանում ոչ թե գրում են Անի, այլ Անը՝  պնդելով, թե դա քաղաքի իսկական անունն է: «Անը» թուրքերեն նշանակում է «հուշ» - ՍիվիլՆեթ] ավերակներին: Մասնավորապես` թուրքական Sabah թերթը գրում է, թե Անի այցելած հայ զբոսաշրջիկները մոմեր են վառում, որոնց ծուխը սևացնում է եկեղեցիների որմնանկարները: Ավելին` թուրքերն ափսոսանք են հայտնում հազվագյուտ որմնանկարների վնասման կապակցությամբ:

Խոսքը մասնավորապես 13-րդ դարի սկզբներին կառուցված և որմնանկարներով հարուստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ Տիգրան Հոնենց եկեղեցու մասին է:

Թուրքական լրատվամիջոցների համաձայն` այս մասին բարձրաձայնում են Անիի մերձակայքում բնակվող մուսուլման բնակիչները: Վերջիններիս խոսքով` «ընդամենը երեք պահակով հնարավոր չէ վերահսկել ամբողջ տարածքը»: Մտահոգված պատմամշակութային ժառանգությունը պահպանելու խնդրով`  նրանք առաջարկում են հայերեն, վրացերեն, ռուսերեն ցուցանակներ տեղադրել և վերահսկողության այլ միջոցներ ձեռնարկել: «Թուրքիայի որոշ քաղաքացիներ նույնիսկ նկարել են Տիգրան Հոնենց եկեղեցում մոմ վառող հայ զբոսաշրջիկներին և համապատասխան մարմիններին կոչ արել միջոցառումներ իրականացնել` կանխելու համար»,- գրում է Sabah-ը:

Թուրքական թերթերը գրում են նաև, թե նախկինում էլ հայերը Անի քաղաքին վնաս են հասցրել՝ սահմանային շրջաններում քարհանքերի պայթեցումներ իրականացնելով:

Այս պահին վերոնշյալ լուրը հանված է Sabah-ի կայքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել