1in.am-ը գրում է.
Թուրքական իշխանությունները գրող, լեզվաբան Սևան Նշանյանին անազատության մեջ են պահում ոչ թե այն պատճառով, որ նա հանցագործ է, այլ միայն խիզախ, այլախոհ և ըննդիմադիր հայ լինելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ագօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Հիշեցնենք՝ հայազգի գրող, Թուրքիայի առաջատար լեզվաբան Սևան Նշանյանը ազատազրկվել է Թուրքիայում այդ երկրի վերաքննիչ դատարանի կողմից հավանության արժանացրած դատավճռով, որն ընդունվել է Իզմիրի Շիրինչե քաղաքում անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքով:
«Նրան վերագրված մեղադրանքով Թուրքիայում ոչ ոքի չեն բանտարկում: Իսկ Սևան Նշանյանին բանտարկեցին միայն նրա համար, որ նա հայ է»,- կրկին շեշտեց Բագրատ Էստուկյանը:
Հարցին՝ ինչպիսի՞ արձագանք է գտել հայազգի գրողի ազատազրկման լուրը միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, «Ագօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիրը պատասխանեց, որ կատարվածը դատապարտել են թուրք և քուրդ բազմաթիվ մտավորականներ: «Ի պաշտպանություն Սևան Նշանյանի՝ ստորագրահավաք է կազմակերպվել, հազարավոր ստորագրություններ են հավաքվել: Նախատեսում ենք առաջիկայում այդ ստորագրություններն ուղարկել Թուրքիայի վարչապետին, նախագահին, արդարադատության նախարարություն»,- ասաց Բագրաստ Էստուկյանը:
Հայազգի գրող, Թուրքիայի առաջատար լեզվաբան Սևան Նշանյանը ազատազրկվել է, Թուրքիայում՝ այդ երկրի վերաքննիչ դատարանի կողմից հավանության արժանացրած դատավճռով, որն ընդունվել է՝ Իզմիրի Շիրինչե քաղաքում անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքներով:
Նշանյանը, ըստ թուրքական «Հյուրիեթի», Շիրինչե քաղաքում տուն է կառուցել՝ չնայած դատարանի կարգադրության, որի համաձայն ինքը չպետք է մուտք գործեր նշված տարածք, որը «բնական համալիր» է համարվում:
Հիշեցնենք նաև, որ մոտ մեկ տարի առաջ Նշանյանը Ստամբուլի դատարանի կողմից ավելի քան մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ «բնակչության որոշ մասի կրոնական արժեքներին վիրավորանք հասցնելու համար»: Դա կատարվել էր այն բանից հետո, երբ բլոգներից մեկում գրողը հրապարակել էր իր արձագանքը Թուրքիայում «ատելության հանցագործությունների մասին» առաջադրված օրինագծի վերաբերյալ, որը ներկայացվել էր՝ ի պատասխան «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի, և որտեղ նվաստացված էր պատկերված Մուհամմեդ մարգարեն:



