Եվա Ռիվասը վերադարձել է երկարատև ընդմիջումից հետո: Երգչուհին պատասխանել է լրագրողներին և երկրպագուներին հետաքրքրող հարցերին: Եվան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ արդեն երկու ամիս է ինչ Հայաստանում է և առաջիկա կես տարին պատրաստվում է այստեղ ապրել:
«Ցանկանում էի հասցնել երկրպագուներիս, որ այստեղ եմ: Ինձ համար շատ կարևր է այն, որ երկրպագուներս ինձ չեն մոռացել այս տարիների ընթացքում: Շատ հաճելի է այն փաստը, որ այս ընթացքում ես նամակներ էի ստանում աշխարհի բոլոր ծայրերից: Հիմա պատրաստվում է իմ նոր երգը` «Հայաստան»-ը: Այնքան գեղեցիկ երգ է, որ գուցե օրհներգ դառնա: Երգը մինչև դեկտեմբերի 31-ը կհայտնվի համացանցում, իսկ տեսահոլովակը փետրվարին պատրաստ կլինի: Այն կիսով չափ ռուսերեն է, կիսով չափ հայերեն: Երգի ձայնագրմանը մասնակցում է մանկական երգչախումբ: Փետրվարին կկայանա երգի շնորհանդեսը, և այդ ժամանակ նաև պատրաստ կլինի իմ հաջորդ երգը, որը հենց իմ վերադարձին է նվիրված»:
Շարունակելով խոսել իր նոր երգի մասին՝ Եվան ասաց որ երգի հեղինակն է Աննա Հովները, ով երգեր է գրում շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների համար:
«Երգը ի սկզբանե գրված էր խմբակային կատարման համար, սակայն ես հետո հասկացա, որ այդ բոլոր ձայներին կարող է փոխարինել մեկ հզոր ձայն` Եվա Ռիվասի ձայնը»,-հավելեց Աննա Հովները:
Եվան նշեց, որ հիմա պրոդյուսեր չունի և ամեն ինչ մենակ է անում ընկերների օգնությամբ: Երգչուհին նշեց, որ նախկին պրոդյուսերի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է:
Քաղաքականության վերաբերյալ հարցերին երգչուհին պատասխանեց այսպես. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում և չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ ես դրա գիտակը չեմ և այդ ասպարեզում ինձ չեմ տեսնում»:
Լրագրողների հարցին, թե ինչ փոփոխություններ կան իր անձնական կյանքում, Եվան պատասխանեց, որ ինքն ազատ է:



