Մեր պետականության անկման պատճառները հասկանալու և հետագա անելիքները տեսնելու համար   դասակարգենք պատճառահետևանքային  հետևյալ շղթան: 

1-Մարդն առաջին հերթին կենսաբանական էակ է՝ այսինքն իր սուբյեկտայնությունը, իր «հացն ու ջուրը» ապահովող առաջնային էգո ունի, որը վեր է մնացած էգոներից:

2-Այդ անձնական էգոն ստիպված է համակերպվել մարդու հանրային կենսաձևին, քանի որ մարդը նաև հանրային էակ է: Համակերպվելը դա միաժամանակ բանակցել-վերցնել-տալ-օգտվել-շահագործել-շահագործվելն է: 

3-Պատմականորեն, կյանքի ու գիտատեխնիկական զարգացման արդյունքում, մասնավորապես փողի ու մասնավոր սեփականության մեջտեղ գալով, մարդու հանրային  ու անձնական կյանքը բարելավելու այլ ձև էլ գտնվեց` պետությունը: 

Պարզվեց, որ պետությունն ունակ է ներքին հարցերը լուծել նաև դրսի՝ հարևան հանրություների հաշվին՝ պատերազմելով, թալանելով ու գողանալով ուրիշի ունեցածը: 

4-Մինչ պետությունը, հոտային-հանրային կյանքն արդեն իսկ ուներ ներքին հակասականություն մարդու և հանրության միջև, իսկ պետության ի հայտ գալով, հակասականությունը մտավ նաև մարդու արժեքայինի մեջ՝ կարող ես սպանել անծանոթին՝ որպես թշնամու և դա հերոսություն է, և հանրության համար օգտակար գործ, իսկ եթե ներսում ես սպանում, հանցագործ ես:

5 Արժեքայինի այս պարադոքսը, չնայած մարդու իրավունքների ու ժողովրդավարության դոգմաներին, դեռևս ներկա քաղաքակիրթ աշխարհի առանցքն է: Նույնիսկ միջազգային իրավունքով պատերազմ հրահրողը տեսականորեն հանցագործ է մարդկության դեմ, բայց գործնականում աշխարհի հզորներն իրենց զինվորներին ուղարկում են կես մոլորակ հեռու՝ մարդ հոշոտելու, երկիր ավերելու ու  թալանելու համար:

ԵՎ արդյունքում, ներկա աշխարհում գործում է մի շատ բարդ արժեքային համակարգ, իր մարդ-հանրություն, մարդ-պետություն, մարդ-թշնամի երկիր, մարդ-ներքին հանցագործ, մարդ-իշխանություն, մարդ-դատավոր և տարատեսակ այլ բաղադրիչներով, որոնք խիստ հակասական են:

Տարբեր հանրությունները տարբեր սկզբունքերով ու մոտեցումներով են հաղթահարել այս հակասությունները: ԵՎ նրանք, որոնք կարողացել են ներհանրային խաղաղություն ապահովել, հասել են ամենամեծ հաջողությունների: 

Եթե խորամուտ լինենք նրանց փորձին, ապա կտեսնենք, որ նրանք մաքսիմալ համաձայնեցրել են ներհանրային հակամետ շահերը և տարբեր պետական ու սոցիալական լծաներով լուծումներ գտել՝  միաժամանակ չզոմբիացնելով անհատին և չվնասելով հանրային արժեքայինի հիմնարար դրվածքները: 

6-Հայերը գտել են իրենց տարբերակը՝ իրենց դուրս են դրել համաշխարհային քաղաքական սկզբունքներից, ազգերի՝ պետականորեն մրցակցելու տրամաբանությունից՝ անտեսելով, իսկ իրականում ուղղակի չհասկանալով պետություն ասածը:

ԵՎ սրա հետևանքը եղել է զարհուրելի: Հայ մարդը ետ է կանգնել մարդուն հատուկ գոյության կազմակերպական ժամանակակից ձևերից և փորձում է միմիկրիայով յոլա գնալ:

Դրսում գոյատևելու համար մի կերպ քարշ է տալիս հրաշքով իր ձեռքին հայտնված  այս պետությունը՝ իր կեղծ ինստիտուտներով,  կեղծ դրվածքներով ու դրսևորումներով:

Դրսին ցուցադրվող  կեղծն էլ  թափանցել  է ներս՝ ներսում էլ թելադրելով միմիկրիայի տակ թաքնված անասելի դաժան նիստ ու կաց, ուր դատարանը ոչ թե արդարության պահապանն է, այլ թույլին հոշոտողը, օրենքները ոչ թե հանրային համակեցության համար են, այլ թույլին հետապնդելու, տնտեսությունը ոչ թե պետության հիմքն է, այլ նրա կործանման լծակը: 

Փաստորեն, ներսում մշտական իրական պատերազմ է՝  «ուժեղների» ու «թույլերի» միջև:

Ակնհայտ է, որ հայ օլիգարխն ու իշխանավորները «կատու» են դրսում և «կատու ճղող»՝ ներսում: Այսինքն, մենք այսօր թաղված ենք ազգային-մենթալիտետային կործանարար դեֆեկտների մեջ:

Հայը հոշոտում է ինքն իրեն՝ որպես թշնամի, բայց վախկոտ է արտաքին թշնամու հանդեպ: (Ղարաբաղյան պատերազմում հաղթեց սովետի օրոք գոյացած ազգի սերուցքը, որը և զոհվեց այնտեղ ու վերջացավ):

Սա նման է աուտոիմունային հիվանդություններին, երբ օրգանիզմի իմունային համակարգը չտարբերակելով սեփական սպիտակուցներն արտաքին մարմիններից, մշտապես խժռում է իր իսկ մարմինը: 

Իսկ ազգային-հանրային մասշտաբով սա հետևանք է այն բանի, որ մեր պատկերացումներում տիրում է այն մտայնությունը, թե թշնամին միայն արտաքին կարող է լինել, և դրա համար ներքին այլանդակը չի ընկալվում որպես թշնամի և դրա դեմ դիմադրություն էլ չի կարող լինել:

Բացի դա էլ՝ իշխանությունները մշտապես մարդկանց  տեսադաշտում վառ են պահում արտաքին թշնամու կերպարը, որպեսզի հանկարծ հարց չծագի ներքին թշնամու մասով:

Իրականում, քանի որ մենք զուրկ ենք ներհանրային տրամաբանություների ու պետականության սկզբունքների գիտակցումից,  մեր անձնական  ու հանրային վարքի նորմերը պետք է դիտարկել մարդ-հանրություն-արտաքին թշնամի առանցքում՝ առանց պետության գործոնի: ԵՎ այս դեպքում արդեն պարզ է դառնում, որ շարքայինը կուչ է եկած երկու թշնամիների արանքում՝ ներքին հալածող, կեղեքող, ավիրող քրեականի և արտաքին թշնամուց սպասվող պոտենցիալ ֆիզիկական վտանգի միջև:

Ներքին թշնամին ասում է՝ տես, ես քեզ ֆիզիկապես չեմ ոչնչացնում, միայն թալանում եմ, դրա համար քեզ խելոք պահիր, որովհետև եթե ես չեղա, քեզ արտաքին թշնամին ֆիզիկապես կհոշոտի: Իսկ արտաքին թշնամին էլ դե հայտնի բան է՝  իհարկե վատն է:  Փաստորեն Հայաստանում  մարդ-անհատ-իշխանություն հարաբերությունները միջնորդավորված են օլիգարխահեն կառույցների  քրեական տարրերով և  ահռելի չինովնիկական ապարատով ,որոնք անհատին ճզմված են պահում ֆիզիկական վախերի դաշտում:

Իսկ այս դրվածքի դեմ ըմբոստությունը կոտրելու համար գործի է դրված անմեղին անողոք  պատժելու մշակույթը՝ ներառյալ  բանտը, ծեծը, խոշտանգումներն ու արյունալի լուծումները:  Փաստորեն հայկական պետականության անփառունակ էության հիմքը մեր շեղված պատկերացումներն են անհատ-հանրություն- իշխանություններ-պետություն, հարաբերությունների մասին, և դրանցից բխող այլանդակ արժեքայինն ու դրվածքները: 

ԵՎ հետևաբար  հայկական ինքնակառավարման ու արտաքին աշխարհի հետ հարաբերման ահավոր շեղումները քաղաքականի դաշտում չեն, այլ շատ ավելի խորը-բազիսային  են՝ մարդկանց աշխարհընկալման ու արժեքայինի մակարդակի վրա են: Որոնք էլ  ավտոմատորեն գեներացնում են մնացած բոլոր ածանցված թուլություններն ու դրսևորումները պետական մակարդակի վրա: Բերելով ասվածը գործնական մակարդակի՝ հանգում ենք «Ամեն ազգ արժանի է իր իշխանություններին» հայտնի բանաձևին: Այսինքն ներկա պառլամենտի բոլոր անդամներն անխտիր պառլամենտ են մտել, որովհետև  մենք թույլ ենք տվել դա:

Շեշտենք տարբերությունը՝ ոչ թե  չենք ընտրելայլ թույլ ենք տվել:

Սրանք բացարձակ տարբեր գործողություններ են: Չընտրելը պասիվ, հայեցողական դիրքորոշում է: ԵՎ եթե ոչ միայն չընտրինք,  այլ ֆիզիկապես թույլ չտայինք, որ  հանցագործը ներս մտնի պառլամենտ, ապա դա այլ արդյունքի կբերեր: Իսկ չթողնելը բացարձակ այլ մոտեցում  ու մեթոդական է պահանջում, քան չընտրելը: 

Սա է մեր դժբախտությունների բազիսայինը. հանրությունը կարծում է, որ իր անելիքը ընտրել-չընտրելն է, թուղթ գցել-չգցելն է, իսկ քրեականը, թքած ունենալով մարդկանց կարծիքի վրա, զոռբայությամբ, ֆիզիկականով ու զինված բանդաներով ինքն է որոշում, իր ով լինելը և ինչ անելը:  

Հետևաբար ներկա դրվածքների առկայության պայմաններում,  ներառյալ սահմանադրությունը, դատարաններն ու  պետական ինստիտուտները, մարդկանց  ցանկություններն ու դժգոհությունները, որևէ լուծում գոյություն չունի: ԵՎ եթե այսպես շարունակվի ևս մի քանի ամիս, ապա Հայաստանն անպայման կկազմալուծվի ու կկորցնի ինքնիշխանության վերջին փշուրները: Մարդիկ էլ նորից կբռնեն գաղթի ուղիները: Լուծումը արժեքայինը վերակերտելն է, որի ոչ ցանկությունը և ոչ էլ գիտակցումը դեռևս չի նշմարվում նույնիսկ մի  քանի տոկոս կազմող  ավանգարդի մոտ:

Նման  է, որ մենք արդեն զուրկ ենք  զուտ մարդկայինի շրջանակներում գործող նեյրոններից էլ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել