Ինչպես խոստացել էի նախկին գրառմանս մեջ, մի փոքր փորձեմ բացել վերաբերմունք «մանդանտները վայր դնելու» կարգախոսին
1. Դեռ գարնանն եմ նկատել, որ այդ գաղափարը նետվում է տեղեկատվական դաշտ ճիշտ այն պահերին, երբ նկատվում է պառլամենտական ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացված գործողություն կամ դրա գաղափար: Գարնանն այդ գաղափարը հրապարակ նետվեց, երբ խոսք էր գնում ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցել: Հենց միասնական ցուցակի թեման ջրվեց, անմիջապես կորավ եւ վայր դնելու թեման: Ընդ որում` թեման հայտնվեց ոչ թե աստիճանաբար, ինքնաբուխ, այլ մեկ-երկու օրում, սինխրոն՝ ԶԼՄ-ներում եւ ֆեյսբուքում ու նույն սինխրոնությամբ էլ անհետացավ: Այսինքն՝ գործածվեց պարզ տեխնոլոգիա: Այս անգամ չեմ հետեւել թեմայի տարածման աղբյուրներին, բայց ենթադրում եմ, որ դրանք նույնը պետք է լինեն: Մեկ-երկու օջախում նման թեմաները ձեւավորվում են, իսկ հետո ինքնաբուխ տարածվում են արդեն նորմալ, անկեղծ մտահոգ մարդկանց կողմից: Ակնհայտ է, որ իշխանությունը նյարդայնանում է ոչ իշխանական ուժերի գործողություններից ԱԺ-ում, դրա համար էլ հրապարակ է նետում վայր դնելու դեմագոգիան:
2. Պառլամենտական ընդդիմությունը որքան էլ փոքրամասնություն է, չի կարելի անտեսել դրա դերը որեւէ երկրի քաղաքական կյանքում: Կոչ անել մանդատները վայր դնել, նույնն է՝ ասել, փողոցում մարդիկ քիչ են հավաքում, եկեք ցրվենք տներով: Բայց միայն դա չի խնդիրը կան կարեւոր մանրամասներ:
2.1. ԱԺ-ում ներկայացված լինելը նշանակում է ներկայացված լինել ընտրական հանձնաժողովներում: 2013-ի նախագահական ընտրությունների փորձը ցույց տվեց, որ դա բավականին ուժեղ լծակ է, քանի որ այն տեղերում, ուր հանձնաժողովի ընդդիմադիր անդամները բավականին պատրաստված են եղել կեղծիքները կամ դժվարացել են, եւ ընդդիմադիր թեկնածուն ստացավ պաշտոնական ռեկորդային թվով ձայներ:
2.2. Պառլամենտում փոքրամասնությունն ու մեծամասնությունը, որքան էլ տարօրինակ հնչի, բայց բավականին պայմանական հասկացություններ են: Խնդիրն այն է, որ ճգնաժամային իրավիճակում, փոքրամասնությունը սահուն կարող է դառնալ մեծամասնություն: Իսկ երբ կգա ճգնաժամային իրավիճակը, ոչ մեկս չգիտենք:
Եթե երկրում մի օր նորից գա հրապարակային զանգվածային գործողությունների փուլը, ապա հաշվի առնելով հակասությունների աստիճանը ներկա իշխող վերնախավում, իրավիճակը կարող է ստանալ տարբեր հանգուցալուծում, քան եղել է ցայսօր՝ կարող է առաջանալ իշխանական ճգնաժամ, որի պարագայում ԱԺ-ն կարող է կարեւոր տեղ դառնալ:
Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ պառլամենտում 1998-ին: 2.3. Ուշադրություն դարձրեք, որ Ուկրաինայում ընդդիմության ազդեցությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ ԱԺ-ում ունեն զգալի ներկայություն: Եթե հաջողվի այսօրվա ոչ իշխանական պատգամավորների գոնե մեկ մասից ավելի լայն կոալիցիա ձեւավորել, ապա դա կարող է արմատապես ազդել իրավիճակի վրա Հայաստանում:
3. Եթե նույնիսկ բերածս բոլոր փաստարկները համոզիչ չեն, ապա միեւնույնն է՝ մնում է հարցի տեխնիկական կողմը:
Ենթադրենք՝ ոչ իշխանական ուժերը հրաժարվում են մանդատներից: Ի՞նչ է տեղի ունենում: Խմբակցություններից եւ ոչ մեկը չի կարող 100 տոկոսով երաշխավորել 2012-ի թվի իր ցուցակների մարդկանց: Հրաժարվող պատգամավորների փոխարեն, ըստ օրենքի, մանդատները հասնում են ցուցակով հաջորդներին: Պարզ է, ինչպես 2 անգամ 2, որ «ցուցակիստների» մի մասը հաստատ չեն հրաժարվի մանդատից եւ կդառնան պատգամավոր: Ասենք՝ բավական է ՀԱԿ ցուցակից միան 5 հոգի համաձայնեն դառնալ պատգամավոր, եւ դուք կունենաք ՀԱԿ ներկայիս խմբակցության փոխարեն մեկ այլ ՀԱԿ խմբակցություն՝ պարզապես այլ անուններ կլինեն: Բնականաբար, դրանք կլինեն իշխանության հետ գործարքի գնացած մարդիկ, եւ լիովին կվերահսկվեն իշխանության կողմից: Նույնը, վստահ եմ, կլինի «Ժառանգության», Դաշնակցության, ԲՀԿ-ի դեպքում:
Այսինքն՝ մանդատներից հրաժարվելու փայլուն գործողության արդյունքում, մենք գրեթե վստահաբար կունենանք նույն ԱԺ-ն՝ նույն խմբակցություններով, բայց այլ պատգամավորներով: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞վ եւ ո՞ւմ է դա ձեռնտու:
4. Ընդհանրապես, շատ կուզենայի հասկանալ, թե մանդատից հրաժարվել առաջարկողները զարգացումների ի՞նչ հետագա սցենար են պատկերացնում: Թե չէ միայն կարգախոսով հո չի՞: Ամեն գործողություն պետք է ունենա իր հստակ տրամաբանությունը, տեղավորվի քայլերի հետեւողականության մեջ, այլապես դա ոչ թե գործողություն է, այլ ինքնանպատակ ոչ մի բան: Հաճույքով կլսեմ ձեր հակափաստարկները, հուսամ՝ համակարգված եւ հարցի տարբեր կողմերին անդրադարձող: