Երեկ կայացած Պուտին-Յանուկովիչ հանդիպման արդյունքները դարձան ամենաքննարկվողներից մեկը: Օրինակ, ուկրաինական իշխանամերձ աղբյուրները այս հանդիպման արդյունքները որակեցին որպես Ուկրաինայի ամենաօրհասական ու ակտուալ խնդիրների լուծում, որովհետև Ուկրաինան իրոք հայտնվել էր անելանելի կացության մեջ, և եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում հրատապ կարգով մի քանի միլիարդ դոլար չհայթհայթվեր, ապա պետությունը չէր կարողանա կատարել իր ֆինանսական պարտականությունները, իսկ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գալիք տարվա բյուջեն դեռևս հաստատված չէ, ապա ավելի քան իրական էր թվում դեֆոլտի հեռանկարը:
Սակայն արի ու տես, որ «փոքր արյան» գնով՝ այն է առանց ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին հայտարարելու, Յանուկովիչին հաջողվեց հասնել նրան, որ Ռուսաստանը հայտարարեց, որ գազի սակագինը կտրուկ կիջեցվի ու կդառնա 280 դոլար, իսկ Ռուսաստանը ձեռք կբերի 15 միլիարդ դոլարի Ուկրաինայի պետական պարտատոմսեր: Բացի դրանից, ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք տնտեսական պրոյեկտների իրականացման հարցում՝ մասնավորապես «Ռուսլան» բեռնափոխադրող հսկա ինքնաթիռների համատեղ արտադրության վերաբերյալ:
Թվում է, թե սա ուկրաինական դիվանագիտության հաղթանակն է ու, որևէ էական զիջման չգնալով, Ուկրաինան կարողացով Ռուսաստանից փող ստանալ և հասնել նրան, որ գազի գինը էականորեն նվազի, ինչպես նաև դադարեցվեն այն պատժիչ միջոցները, որոնք Ռուսաստանը կիրառել էր` ի պատասխան ԵՄ-ի հետ ասոցացման Ուկրաինայի որոշման: Սակայն սա միայն թվում է, ու իրականում այս ամենը կարելի է համարել ոչ ավել, ոչ պակաս՝ ռուս դիվանագիտության տրիումֆ, որովհետև, ըստ էության, ոչ մի բան չտալով իր գրպանից, Ռուսաստանը էլ ավելի մեծ կախվածության մեջ է դնում Ուկրաինային, ընդ որում ակնկալելով շատ կոնկրետ ֆինանսական գերշահույթ:
Բանը նրանում է, որ հայտարարելով 15 միլիարդ դոլարի պարտատոմսեր ձեռք բերելու իր որոշման մասին, Պուտինը հատուկ շեշտեց, որ դա արվելու է «Ազգային բարեկեցության հիմնադրամի» միջոցներով, որը նախկինում կոչվում էր «Ստաբիլիզացիոն հիմնադրամ»: Հիմա ինչո՞ւմ է Պուտինի խորամանկությունը. բանն այն է, որ Ռուսաստանը իր այդ հիմնադրամի միջոցները, որոնք մոտավորապես կես տրիլիոն դոլար են կազմում, չէր ներդրել սեփական տնտեսության մեջ, չէր վերածել այն ոսկու կամ ինչ-որ այլ արժեքավոր նյութական միջոցների, ոչ էլ անգամ հողի տակ էր պահել: Տարիներ առաջ, այն ժամանակվա ֆինանսների նախարար Կուդրինի թեթև ձեռքով, այս հսկայական միջոցները ներդրվել էին ամերիկյան տնտեսության մեջ՝ պարտատոմսերի ձեռքերման միջոցով, որոնց տարեկան տոկոսադրույքը չնչին 4 տոկոս էր կազմում:
Սա բերել էր նրան, որ դե ֆակտո չկա ոչ մի երաշխիք, որ ՌԴ-ն կարող է իր ուզած պահին հետ վերադարձնել ողջ այս գումարը, առավել ևս, եթե բաց կոնֆրոնտացիա լինի ԱՄՆ-ի հետ ու հիմա Պուտինի որոշմամբ ստացվում է, որ այդ հարյուրավոր միլիարդ դոլարի պարտատոմսերից 15 միլիարդը փոխանցվելու է Ուկրաինային, որն էլ դրանք մոնետիզացնելու է համապատասխան միջազգային ֆինանսական մարմինների կողմից, որոնք բոլորն անխտիր վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից: Ստացվում է, որ ԱՄՆ-ը կորցնում է միանգամից երկու անգամ. նրա տնտեսությունից դուրս է բերվում 15 միլիարդ դոլարի պարտատոմս, որոնց դիմաց Ուկրաինան ստանում է 15 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանը 15 միլիարդ դոլարի ամերիկյան պարտատոմսերի դիմաց, որոնք տարեկան 4 տոկոս եկամտաբերություն ունեին, ստանում է 15 միլիարդ դոլարի ուկրաինական պարտատոմսեր, որոնց եկամտաբերությունը 10 տոկոսից ավել է:
Արդյունքում, ականատես ենք լինում մի պարոդոքսալ իրավիճակի, երբ Ուկրաինայի «մաքսայնացման» համար Ռուսաստանը վճարելու է ամերիկյան գրպանից և դա այն պարագայում, երբ ԱՄՆ-ը ամեն գնով ջանում է թույլ չտալ Ուկրաինայի Մաքսային միությանը միանալու հնարավորությունը: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը դեռ էլի կարող է նման քայլի դիմել Ուկրաինայի կամ որևիցե այլ երկրի պարագայում, ապա կարելի է ասել, որ ԱՄՆ-ի համար ստեղծվեց նոր ու շատ էական գլխացավանք:



