Պուտին-Յանուկովիչ հանդիպման արդյունքներով գազի գինն Ուկրաինայի համար էլ իջավ՝ դառնալով 280 դոլար: Բացի դրանից, Ռուսաստանը պարտավորվել է կարճ ժամանակամիջոցում 15 միլիարդ դոլարի ուկրաինական արժեթղթեր գնել, ինչը նշանակում է, որ Ուկրաինայի դեֆոլտը առնվազն հետաձգվում է:  
Միևնույն ժամանակ, բանակցությունների արդյունքում ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել Ուկրաինայի՝ ՄՄ մտնել-չմտնելու վերաբերյալ: Ռուսաստանը փաստորեն որոշել է Ուկրաինայում առավելապես փափուկ ուժի քաղաքականությանը դիմել՝ ի հեճուկս ԱՄՆ-ի ու ԵՄ-ի, որոնք արդեն մի շարք բավականին չոր հայտարարություններ ու հակաքայլեր են արել: Միայն այն փաստը, որ պետդեպի քարտուղարի տեղակալը ոչ միայն բլիթներ էր բաժանում Մայդանում, այլև հանդիպումներ էր ունենում Ուկրաինայի ամենաազդեցիկ օլիգարխների հետ և, ըստ որոշ տեղեկությունների, ֆինանսավորումով ապահովելով Ուկրաինայի ընդդիմությանը, արդեն խոսուն է:
Ըստ էության, Յանուկովիչի դիրքորոշումը պարզ է. ով ավելի շատ վճարի, նրա հետ էլ Ուկրաինան կլինի, ուղղակի երկու «հաճախորդներն էլ» հրաժարվում են տալ այն գինը, որ Ուկրաինան է ուզում, և երկուսն էլ չեն խորշում կիրառել տնտեսական ու քաղաքական այն լծակները, որոնք գտնվում են նրանց տիրապետության տակ: Արանքում տուժում է սովորական ուկրաինացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել