«Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան ձեռնտու էր միայն պաշտոնական Անկարային պատրանք ստեղծելու համար, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում»,-նշեց քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ըստ քաղաքագետի, հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ պաշտոնական Անկարան հրաժարվի վարել մերժողական քաղաքականություն եւ հրաժարվի նախապայմաններից, քանի որ նախապայմաններ թելադրողը պետք է լիներ Հայաստանը։

Արա Պապյանի կարծիքով՝ Թուրքիան այն երկիրը չէ, որ ինչքան լավ լինես նրա հետ, այնքան ավելի լավ կլինի։ «Հիմա մենք պայման չենք դրել, ինչ է, հարաբերությունները լա՞վ են։ Սրանից վատ, մեկ էլ կարող է լինել պատերազմը երկու երկրների միջեւ. իրենք շրջափակում են մեզ, որը պատերազմական գործողություն է, իրենք զենք են մատակարարում Ադրբեջանին, եւ մենք արդեն վստահ էլ չենք, որ հնարավոր պատերազմի դեպքում կկարողանանք ապահովել Թուրքիայի չեզոքությունը»,-ասաց Պապյանն ու նշեց, որ ինքը մնում է իր այն տեսակետին, որ գոնե մինչեւ 2015 թիվը Հայաստանը՝ որպես պետություն, պիտի հստակ հանդես գա եւ քաղաքական օրակարգում ունենա հստակ պահանջներ։
Հայաստանն այն երկիրն է, որի տարածքային ամբողջականությունը խախտվել է Թուրքիայի կողմից։

Իսկ ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, Արա Պապյանն ասաց, որ այդ հարցը երբեք մենք որպես նախապայման չենք դրել մեր հարաբերությունների բարելավման հիմքում. «Թուրքիան կճանաչի, թե չէ, դա արդեն Թուրքիայի համար է կարեւոր։ Իր հարաբերությունների համար ոչ այնքան Հայաստանի հետ, որքան Եվրոպայի եւ Արեւմուտքի հետ։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան պաշտոնապես կճանաչի ցեղասպանությունը 2015 թվականին, բայց լայն առումով դա չէ հիմնական խնդիրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ես կարծում եմ, որ հիմնական խնդիրը Ղարաբաղի պրոբլեմն է եւ Ադրբեջանի գործոնը, որը կարեւորագույն գործոն է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում»։

Ինչ վերաբերում է Դավութօղլուի այցի օրը տեղի ունեցած բողոքի ակցիային, ապա քաղաքագետը ողջունում է։

«ՀՀ»-ի հետ զրույցում Արա Պապյանն անդրադարձավ մեզ համար կարեւոր մեկ այլ հարցի՝ ԼՂ հիմնախնդրին։ Նա նշեց, որ այժմ մի քաղաքականություն է տարվում ճանաչելու ԼՂ-ի անկախությունը։ Սակայն դա ճիշտ չի համարում, քանի որ ճանաչման գործընթացը այնքան էլ հավանական չէ։ Երկրները չեն ճանաչի ԼՂ անկախությունը՝ պատճառաբանելով ՀՀ-ի կողմից չճանաչված լինելը։ Իսկ ՀՀ-ի ճանաչելու դեպքում եւս հնարավոր է ճանաչման գործընթացը կանգ առնի։ Նա բերեց Հյուսիսային Կիպրոսի օրինակը. «Կիպրոսի օրինակը ցույց է տալիս, որ միայն Թուրքիայի ճանաչումը չբերեց համընդհանուր ճանաչման»։ Իսկ այն մտայնությունը, որ ճանաչումը կբերի անվտանգության, սխալ է։ «Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, որ ճանաչումը չի բերում անվտանգություն։ Ճանաչումը միայն հնարավորություն է տալիս որպես միջազգային իրավունքի սուբյեկտ մտնել իրավապայմանագրային հարաբերությունների մեջ այլ երկրների հետ»։ Նա կարծում է, որ այսօր պետք է լուծարվի ԼՂՀ-ն՝ բաժանվելով 2-3 Հայաստանի մարզի։ Իսկ թե ինչ դիրքորոշում կունենա այս դեպքում Ադրբեջանը, ապա Պապյանը նշեց, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի՝ ելնելով նրանից, թե մենք այստեղ ինչ ենք անում. նա դա կնախաձեռնի միայն այն դեպքում, երբ համոզված լինի իր հաղթանակի մեջ. «Ադրբեջանը հենց այն պահին, երբ համոզված լինի, կանի դա»։ Իսկ պատերազմի վտանգը ռեալ չէ։ «Դա Ադրբեջանին պետք չէ։ Ադրբեջանը կոնֆլիկտը երկարաձգելու է»,-ասաց քաղաքագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել