Ու հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ՝
ոչ ոք չի խոցի ինձ թիկունքից…
Հովհաննես Գրիգորյան
Արածիդ անհեթեթության նողկալի զգացողությունը, համակարգչի կամ սպիտակ թղթի առջև նստել չկարողանալու լացացնող անզորությունը, գործադրած ջանքերիդ անիմաստության խեղդող տրտմությունը եղել են, եղել են, եղել են, բայց չեն սպանել, տղե՛րք, որովհետև այդպիսի պահերին թիկունքներիդ փչող սառնությունը ուրիշ տեղերից է փչել, որովհետև դրան զուգահեռ տաք շնչի ներկայությունն եք զգացել, որից գուցե չեք տաքացել, բայց վերջնականապես չեք էլ սառել, տղե՛րք:
Մեր դարձդարձիկ ժամանակների` ձեզնով չմեռնող այս հույսը…, …մեր լույսի ու լավի համար մաքառումների այս դուք` տղերք, որ ջահել եք, տաղանդով ու ավյունով լեցուն, որ եթե նույնիսկ կողք կողքի էլ չեք քայլում, ապա գոնե իրար հետևից գնում եք և իրարից առաջ անցնելու գեղեցիկ ու ուրախացնող ձգտումն ունեք, թիկունքից փչող սառնության վտանգն ունեն: Մի՛ թուլացեք, տղե՛րք: Հղփացած վերևների անտարբերությունը չի սա, իրենց մտավոր խեղճությունը արհամարհանք դարձրած ընթերցողների` գրականությունից երես թեքելը չի սա, ձեր մեջ, ձեր կողքին, ձեզնից մեկ քայլ հետ, կամ մեկ քայլ առաջ մեռյալներ կան, իսկ սառը շունչն ավելի սպանիչ է, երբ մեռյալներից է փչում: Ազատվե՛ք մեռյալներից, տղե՛րք, նույնիսկ եթե նրանք թանկ են ձեզ համար: Ու ձեզ ապահով մի զգացեք, երբ ձեր կողքինի կամ հետևինի թիկունքն ավելի մերձ է մեռյալին, նրա ընկնելով` ձեր հերթն է գալու, տա՜ք շնչեք, տղե՛րք:
Եկել ենք, պինդ ենք եկել, բայց ի՞նչ ենք ուզում, տղե՛րք: Ուզելու մեր իրավունքը կարծես ապահովել, հաճախ նաև` պարտադրել ենք, ու եկեք երբեք չմտածենք, որ մեր ուզելը հենց այդ ուզելու իրավունքը նվաճելն էր, ու հանկարծ մտքներովս չանցնի, թե հաջորդ քայլն անպայման հաջորդներին պետք է թողնել: Չէ՞ որ հատկապես գրականության մեջ մեռյալները երբեմն հարություն առնելու սովորություն ունեն, կամ եթե նույնիսկ չունեն, նրանց զոռով հարություն տվողներ կան` ինքնասիրահարվածի իրենց կրքերին ի հագուրդ: Այդ սուտ քրիստոսներին սեփական աչքերով էլ տեսնեք` չհավատաք նրանց հարությանը, տղե՛րք:
Ու այդ ինքնասիրահարվածների` այլևս չգրողին կրկին գրող հռչակելով իրենց Աստված զգալու այդ խեղճ ջանքը, այդ մրցանակաբաշխություն կոչվածը, որ իրենց ուղղված աղոթք փախցնելու թաքուն փափագն ունի, կամ արդեն աղոթածներին վերևներից «շնորհակալություն» նետելու բացահայտ անպատկառությունը, այնքան բացահայտ, որ մեկ-մեկ զարմանում ես «աղանդավորների» ներկայությունից: Ու մանավանդ` այդ իբր անտեսումն ու արհամարհումը նրանց, ում աղոթքի չէ, կեսբերան նետված գովասանքի համար իրենք են պատրաստ աղոթել ու ավելի մոլեռանդ:
Մրցանակները չէ, որ արժևորում են գրողին, գրողն է, որ արժևորում է մրցանակները: …վստահ եղեք, երիտասարդ գրողի պինդ գիր ու ապագայի լուսավոր հեռանկար պարագրկող մի պատմվածքն ավելին արժե, քան ուզածդ դասականի հանկարծ հայտնաբերված միջին մակարդակի անտիպների մի հատորը:
Սառը շունչն ավելի սպանիչ է, երբ կենդանի մեռյալներից է փչում, տղե՛րք:
Ու ի՛մ արածի անհեթեթության նողկալի զգացողությունը, համակարգչի կամ սպիտակ թղթի առջև նստել չկարողանալու ի՛մ լացացնող անզորությունը, ի՛մ գործադրած ջանքերի անիմաստության խեղդող տրտմությունը կենդանի մեռյալներին ես երբեք չեմ ներելու, ի՛մ թիկունքին փչող այս սառնությունը ես երբեք չեմ ներելու կենդանի մեռյալներին, թեպետ վստահ եմ, որ այդ ամենը ժամանակավոր է, քանզի վստահ եմ, որ ազատվելու ենք մեռյալներից, ու վստահ եմ, որ ձեր տաք շունչ է լինելու իմ թիկունքին, ու բոլորիս տաք շունչն է լինելու բոլորիս թիկունքին, տղե՜րք:
Նյութը տպագրվել է «Գրեթերթ»-ում, 2010թ.-ին:
Ներկայացնում ենք աննշան կրճատումներով: