Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան հայտարարել է, որ Ադրբեջանը նորմալ է վերաբերվում հայ-թուրքական կապերին և երկու երկրների միջև հարաբերությունների լավացման գործընթացին: Այս վերաբերմունքը ըստ Մուրադովայի, կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման և սահմանի բացման առաջնային նախապայման է համարում Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ: Տիկին փոխխոսնակը համոզմունք է հայտնում, որ երկկողմանի շփումները թույլ կտան համատեղ օրակարգ ձևավորել տարածաշրջանային խնդիրների լուծման համար: «Բոլոր փորձագետներն ու միջնորդները հակված էն այն մտքին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն անմիջականորեն կախված է Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Հայաստան հարաբերություններից: Բոլորը սա պետք է հաշվի առնեն: Առանց այս փաստը հաշվի առնելու ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ֆիասկոյի: Անկասկած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան կատարելիք այցի հիմնական քննարկվելիք խնդիրներից մեկը լինելու է Ղարաբաղը»,-ասել է Մուրադովան: Փաստորեն Ադրբեջանը սկսում է լրջորեն անհանգստանալ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են մտնել կարգավորման փուլ: Համենայն դեպս, փոխխոսնակի շուրթերով պաշտոնական Բաքուն զգուշացնում է Թուրքիային, որ Ղարաբաղի խնդիրը պետք է մնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական նախապայմաններից մեկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10201099836607327
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել