Քաղաքական ուժերը և գործիչները վերջապես գտել են հայ ժողովրդին տարագրության մղող, ազգը դժբախտացնող և պետության հիմքերը խարխլող ջհուդամասոնական օթյակը...
Տարիներ շարունակ հայ քաղաքական օրակարգի դավադրության տեսության հիմնադիր հայրերը սպառել են ազգային ռեզերվը` այդ փնտրտուքում: Ով է, ի վերջո, այն շարժիչ ուժը, որ պետությունը մղում է արկածախնդիր, թշվառ գոյության...
Ո՛չ, դա Սերժ Սարգսյանը չէ, ոչ էլ նրան սատարող օլիգարխիան: Տարիներ շարունակ մոլորյալ ընդդիմությունը սխալ թիրախ է ընտրել` նրան մեղադրելով արտագաղթի և երկիրը կործանելու մեջ... Մոլորյալներ, արժեր զնդանվել այլախոհության համար, երբ երկրի ամբողջ հիմնախնդիրը պարփակված է մեկ ռուսալեզու հաղորդման մեջ...
Մեկ ռուսալեզու հաղորդում, որ երկրի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների թնջուկում իր վտիտ ուսերին է կրում երկրի արտաքին քաղաքական վեկտորի ամբողջ ծանրությունն ու երկրի թշվառ վիճակի պատասխանատվությունը...
Պայքարի թիրախը ընտրված է, պաթետիկ հայրենասիրության ամբիոնը` գորգապատված: Պայքարեք` անվնաս, առանց խնդիրների, իշխանությունները շունչ կքաշեն այս ընթացքում, որովհետև հատվածական պայքարը սկուտեղի վրա նվեր է ցանկացած իշխողի...
Հիացեք հայրենասիրական, բարձր, ոգեղեն քոմենթներով, լայքեք ու լայքվեք` հաշվի չառնելով ոչ մի բան: Դավադրության տեսությունը հրապարակ է նետված...
Բացեք ձեր սրտերը նրանց համար, ովքեր քոմենթների մեջ կյանքը կդնեն հայրենիքի զոհասեղանին: Այդ հայրենասերները վաղը կփակեն իրենց պրոֆիլները և նոր ֆեյքեր կբացեն...
Ապահովեք հաց և տեսարանների երկրորդ ատրիբուտը: Հաց չկա, ստեղծեք տեսարաններ: Իշխանությունների խնդիրը գոնե 50 տոկոսով կլուծեք: Վստահ եմ` ձրի...
Եվ վերջում` փորձեք մի քիչ ապրել առանց դավադրության տեսությունների: Բրիտանացի գիտնականները վստահեցնում են, որ դա առողջության համար խիստ կարևոր է...
Այսքանից հետո եթե ուժ կգտնեք ձեր մեջ` սիրեցեք զմիմյանս...
Վստահ եմ, որ հնարավորինս հայեցի տեքստ էր, ընկերներ կամ պարոնայք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/658825957495436?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել