Պետությունը վատ տնտեսվար է… Տարիներ շարունակ մեր երկիրը կառավարվում է այս անհեթեթ տրամաբանությամբ… Արդյունքն ակներև է, մեկնաբանություններն՝ ավելորդ: Մեր ունեցած-չունեցածը ամբողջովին փոշիացված ու պարապուրդի է մատնված: Այս տրամաբանությամբ երկրի կառավարումն էլ աբսուրդի է նման: Եվ իրոք: Եթե երկրի ողջ էներգահամակարգը օտարված է, իսկ աղքատիկ ընդերքը հանձնված է դրսի և մասամբ էլ ներսի «լավ կառավարիչներին», որոնց մի քանի տասնյակ կամ հարյուր աշխատողով ֆեոդալական համքարությունների գլխավոր խնդիրը ընդերքի շուտափույթ ավարելն ու անփորձանք ցվրվելն է, ապա ինչների՞ս է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, եթե տրանսպորտն ու կապը մասնավորին կամ օտարին են հանձնված, ապա տրանսպորտի և կապի նախարարության գոյությունն անհեթեթություն չէ արդյո՞ք, եթե երկրի տարածքում չի գործում որևէ լուրջ արդյունաբերական ձեռնարկություն, չի արտադրվում սեփական ազգաբնակչության կարիքների բավարարմանն ուղղված անգամ կենցաղային նշանակության որևէ ապրանք, ապա անհասկանալի է էկոնոմիկայի նախարարության գոյությունը, եթե ունենք բնապահպանության նախարարություն, իսկ երկիրի բնական ռեսուրսները, բուսական և կենդանական աշխարհներն անխնա ոչնչացվում են, ապա նախարարին իր աշխատողներով ժամ առաջ ուղարկել է պետք գրողի ծոցը, եթե գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, պետական գույքը, մշակույթը… Եթե, եթե, եթե…
Եթե մեկին երկրի տնտեսության ինչ-որ ոլորտ է վստահված, ապա մարդկային տրամաբանությունը հուշում է, որ այդ մեկը պիտի լինի վերջինը, ով կմտածի վստահվածը օտարելու մասին, քանզի դա իր իսկ անբանության, անկարողության կամ հանցագործ թափթփվածության վառ ապացույցն է: Այդ մեկը կա՛մ պիտի հրաժարական տա կա՛մ, եթե պատվախնդիր մարդ է, պիտի ինքնասպան լինի, կա՛մ պիտի հեռացվի պաշտոնից, կա՛մ, որպես վնասարար, նստի բանտում: Սակայն մեզանում հակառակ՝ աբսուրդի տրամաբանությունն է գործում: Ահա վերջերս, մեր էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ամոթահար լինելու փոխարեն, իր կլորակ ժպիտով Ազգային ժողովի ամբիոնից հայտնում է Որոտանի կասկադի ՀԷԿ-երի մասնավորեցման մտադրության մասին… Եվ իրոք, ի՞նչ է եղել որ… Եթե երկրի ամբողջ ունեցվածքը՝ գործարաններն ու ֆաբրիկաները, հանքերն ու անգամ գետերի և լճերի ափամերձ տարածքները, ամեն, ամեն բան, ինչ մտքներովդ անգամ չի անցնի, կոպեկներով տրվել են սրան-նրան, և ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, հակառակը, այդ տվողներն էլ, վերցնողներն էլ նստած են երկրի ազգային ժողովներում կամ բարձրագույն պետական պաշտոններ են զբաղեցնում, ապա, իսկապես, մեկով ավելի կամ պակաս, արդեն նշանակություն չունի…
Եվ վերջապես, եթե պետությունը վատ տնտեսվար է, և այս տարիների ընթացքում նա իրեն վստահված բոլոր ոլորտներում ապականություն մտցնելով, ավելցուկով ապացուցել է այս թեզի իրավացիությունը, ապա որտեղից է ծնվում մեր կառավարիչների այն համոզմունքը, որ ժողովուրդը, շատ ավելի բարդ և ոչ միարժեք լուծումներ պահանջող, ասենք արտաքին քաղաքականության, երկրի անվտանգության, մատաղ սերնդի դաստիարակության ու կրթության, ֆինանսա-տնտեսական քաղաքականության, սոցիալական ապահովության և շատ ու շատ ազգի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծումներն իրենց պիտի վստահի…
Պետությունը վատ տնտեսվար է,- ասում են մեզ, և այս թեզը կարծես ուղղված է բոլորովին այլ նպատակի… Թալանը շարունակվում է, պարոնայք երդվյալ ատենակալներ…