Ամբողջ օրը կադրերի նման աչքիս առջևով անցնում են երեկվա տարբեր դրվագներ: Մտածում եմ, որ մեծ հաշվով Ազատության հրապարակում հավաքված երիտասարդների երթը Հայաստան երկրի և նրա գործող նախագահի արժանապատվության վերջին փշրանքները պաշտպանող գործողություններ էին: Պատկերացնու՞մ եք` «կոլցո օպերացիայից» հետո «հայ-ռուսական դարավոր բարեկամության» հուշարձան է բացվում, և դրա դեմ Հայաստանում ոչ մեկը չի ըմբոստանում... Պատկերացնու՞մ եք, որ Հայաստան է գալիս մի երկրի նախագահ, որ նախապես զավթել է Հայաստանի տնտեսության ահռելի բաժինը, և իր գալու օրն էլ վերջին փշրանքները պիտի յուրացնի (Գազպրոմի քսան տոկոսը), և նրա դեմ ոչ ոք չի ըմբոստանում...Գալիս է երեք ամիս անց այն բանից հետո, երբ ստիպել է Հայաստան երկրին հնազանդություն հայտնել, և այն օրը, երբ երկու տարվա դադարից հետո ութսուներեք տարի առաջ հայտարարել է իր իշխանության վերահաստատումը... Սերժ Սարգսյանը` իր ինտելեկտուալ վարչապետի հետ, ուղղակի պետք է գլուխ խոնարհեն իրենց պատվի վերջին փշրանքները փրկելու փորձ արած այդ երիտասարդների առաջ: Ցավը, սակայն, նրանում է, որ պատվի զգացում լինելու դեպքում, մենք այս օրին չէինք լինի, վերջում էլ չէինք բավարավի այս անպատիվ մարդկանց «կյանքը շարունակվում է» մխիթարանքով: Ո՞ր կյանքն է շարունակվում, ստրկակա՞ն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/265392990279651
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել