Այսօր մտածում էի, թե եթե մենք մի մեծ համահայկական մարաթոն անեինք՝ հավաքված գումարը ՀՀ առկա իշխանություններին հանձնելով նրանցից ազատվելու (դե, կարծում եմ, որ հեղափոխությունն ավելի ծանր կնստի ՀՀ-ի վրա, իսկ իրենք իրենց ծախելու սովոր մարդիկ, ում նաև միշտ սպառնում է իշխանության կորուստը, կհամաձայնեն փողին), ինչքա՞ն կհավաքվեր, և արդյոք դա բավարար կլինե՞ր «հիմնական խմբից» ազատվելուն: Ահել-ջահել թոշակի գնան ու գալուստսահակյանական թամադայությամբ «ետիշխանական խնջույքներով» անեն, հիշեն «անցյալի լավ-լավ օրերը», միմյանց կենացները խմեն, զբաղվեն հաճելի բամբասանքներով, տաքանան արևի տակ, կազինոներում կիրք եռացնեն ու չարախնդան իրենց լծից ազատված «նոր պետության» ոտքի կանգնելու դժվարությունների տառապանքներով: Ազդվեն փակվող հանքերից, վերականգնվող իրավունքներից ու բնական ռեսուրսներից, զարգացող «մանր ու միջինից» և տնտեսության զարգացումից բյուջե մտնող հոսքերից, տնկվող անտառներից, չսահող հողերից, չթունավորվող ջրերից, վարկային վաշխառուական տոկոսների նվազումից, վարկային ստրկությունից ազատված գյուղական տնտեսությունների արտադրանքից, գիտական արտադրանքից, ժպտացող դեմքերից, Հայրենիքում ապրելու և Հայրենիքը պաշտպանելու կամքի ձևավորումից, գործազուրկ մնացած գանգստեր թիկնապահների դեգրադացումից, իրենց ժառանգների մեջ սկսվող ժառանգության վեճերից... Կարգին ադրենալինի հոսք կլինի: Անշուշտ հաշվի էի առնում, որ այդ կարգի փողահավաք մարաթոնին կմասնակցեին հիմնականում շղթայվածները: Փորձեցի «հիմնական խմբի»՝ եղանակ ստեղծողների ցուցակ կազմել: Պատկառելի թիվ ստացվեց (նախագահներ, հին ու նոր կուսակցապետեր, նախարարներ, վարչապետներ, սահմանադրական դատարան, դրածո և կուսակցական օլիգարխներ և այլն): Եվ դեռ քանի՜սը կհավակնեին, մարզպետա-դատավորախառը... Չէ՜, հայկական կապիտալը չի բավարարի: Կբոյկոտեն... Ափսոս: Մնում է հեղափոխությունը: Ինչն անհամեմատ կդժվարացնի «նոր Հայաստանի» կառուցումը: Բայց այս դեպքում դրանք շատ կորուստներ կունենան: Լավ մտածելու դեպքում՝ կհամաձայնեն: Խորովածը՝ շա՜տ, գինին՝ անսպա՜ռ, իրենց երգիչ-երգչուհիներն էլ՝ պատրաստակա՜մ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/262388877246729
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել