ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը այսօր միահամուռ ջանքերով տապալեցին «Կենսաթոշակային բարեփոխումների» մասին օրենքից Պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը քննարկելու համար հրավիրված արտահերթ նիստը, որը նախաձեռնել էին Ժառանգությունը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը ու ՀԱԿ-ը: Արդյունքում, սա միանգամից առաջացրեց բողոքի ալիք, և այժմ ՀՀԿ գրասենյակի շուրջ հավաքված մի քանի հարյուր մարդ ամոթանքներ է վանկարկում ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հասցեին և պահանջում է, որպեսզի ՀՀԿ-ականները անհապաղ ներկայանան նիստին:

Այս «բարեփոխման» մասին շատ է խոսվել ու դժվար է գտնել ՀՀ տարածքում գեթ մեկ հասարակ մարդ, ով գոհ լինի այս նորարարությունից, բայց ՀՀԿ-ում Տանտալոսի համառությամբ շարունակում են այդ քարը վերև բռթել՝ չհասկանալով, որ, ի վերջո, այն գլորվելու է իրենց վրա: Ու բանը անգամ այն չէ, որ այս օրինագիծը ալոգիկ է, իսկ դրա որոշ դրույթներ ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը, այլ նրանում, որ օրըստօրե իշխանական ուժերը դրսևորում են այնպիսի վարք ու վերաբերմունք այլ քաղաքական ուժերի ու հասարակության նկատմամբ, ասես Հայաստանում գոյություն ունի երկու մարդկային տեսակ՝ պատրիկներ և պլեբեյներ, ընդ որում՝ ամենազոր պատրիկները իշխանական ուժերն են, իսկ պլեբսը՝ բոլոր մնացյալ մարդիկ, որոնք անիրավ են, անհավասար են ու շատ են:

ՀՀԿ-ում թերևս չեն էլ հասկանում, որ այսօրվա իրենց քայլով ապտակ հասցրեցին ոչ միայն խորհրդարանական այլ խմբակցությունների անդամներ հանդիսացող իրենց գործընկերներին, այլև ողջ ժողովրդին: Այո՛, դա ապտակ էր, անարգանք ու հանդգնություն ժողովրդի հանդեպ, որովհետև, երբ քննարկվում է պատգամավորների ու այլ պաշտոնյաների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու հարցը, ապա ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը մեկ մարդու պես բարեհաճում են նիստերին, ու մեկ մարդու պես էլ քվեարկում են ի օգուտ իրենց աշխատավարձերի բարձրացման, բայց հենց բարձրանում է հասարակ ժողովրդի աղքատավարձերից պահումներ անելու, ԳՈՆԵ հետաձգելու հարցը, պարոնայք ՀՀԿ-ականները չեն բարեհաճում նիստերի դահլիճ, որպեսզի քվեարկություն իրականացնեն:

Տանտալոսի օրինակը պատահական չէր բերված, և գնալով դասավորվում է այնպիսի հեռանկար, որ ժողովրդական դժգոհությունը այնքան ուժեղ կլինի, որ ՀՀԿ-ական ամեն մի կործանարար օրինագիծ մաքառումներով գրեթե կհասնի ընդունմանը ու հետո հետ կգլորվի դեպի ստորոտը, ընթացքում ճզմելով տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականների, իսկ, ի վերջո, նաև հենց Հայաստանի հանրապետական կուսակցությանը: 

Տխուր է, բայց փաստ. իշխանական կուսակացությունում ամբողջությամբ կորցրել են կապն իրականության հետ ու ընտրություններում բացարձակ մեծամասնություն կազմելուն բավարար տոկոսներ «խփելուց» հետո, անգամ հոգ էլ չեն տանում լեգիտիմության տեսանելիություն ապահովելու համար, այլ վրա-վրա այնպիսի օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, որ էլ ավելի է մեծացնում` առանց այն էլ հսկայական այն անջրպետը, որը գոյացել է ժողովրդի ու իշխանության միջև: Որպես հետևանք` մարդիկ հայտնվում են խորը ապատիայում և ֆրուստրացվում են: Նման պայմաններում կորչում է հարգանքն ու վախը առ իշխանություն և մնում է միայն դառը հիասթափություն, խորը ատելություն ու անսահման հեգնանք իշխանության ու դրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ, իսկ պատմությունը ցույց է տվել, որ դա իդեալական միջավայր է հեղափոխության հասունացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել