«Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ հերթական անգամ խորհրդարանի օրակարգ է մտցվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, ինչը ավելի վաղ ստացել էր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և կառավարության բացասական եզրակացությունը:
Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս, նախագծի քննարկումը ընթացավ մի հարթությունում, որտեղ գերակայող էր զգացմունքայնությունն ու պոպուլիզմը, և առհասարակ, բացակայում էին մասնագիտական լուրջ հաշվարկներն ու վերլուծությունները:
Նախագծի հեղինակը, իր ելույթում տեղի տալով հույզերին ու օգտագործելով իր բառապաշարի ողջ զինանոցը, այդպես էլ չխոսեց նախագծի ընդունման նպատակահարմարության և որ պակաս կարևոր չէ, դրա հնարավոր հետևանքների մասին: Ավելին, նախագծի հեղինակը սահուն անցում կատարեց ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մեկ այլ առանցքային խնդրի՝ հայ-թուրքական հարաբերություններին՝ «սպառնալով» հաջորդ անգամ անդրադառնալ նաև Թուրքիայի կողմից օկուպացված հայկական հողերի հարցին:

Ի՞նչ հավանական հետևանքների կհանգեցնի նախագծի ընդունումը. առաջին, այդ նախագծի ընդունումը փաստացի նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ֆորմատի լքում, երկրորդ, պատերազմական գործողությունների վերսկսում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը նախապես հայտարարել է, թե Հայաստանի կողմից Արցախի դե յուրե ճանաչումն իր համար հիմք է պատերազմական գործողությունները վերսկսելու համար:
Հաշվարկե՞լ են արդյոք նախագծի հեղինակներն այն հետևանքները` ի՞նչ ռեսուրսների հաշվին է Հայաստանը պատրասվում դիմակայել նախագծի ընդունման հետևանքով առաջ եկող հնարավոր մարտահրավերներին և ինչո՞ւ հենց այս պահին: Սրանք հարցեր են, որոնք չնայած իրենց կարևորությամբ առաջնային են, սակայն ոչ միայն խորհրդարանում քննարկման առարկա չդարձան, այլ առհասարակ, հնարավոր չեղավ ճշտել այս հարցերի հետ կապված նախագծի հեղինակների հիմնավորումները:

«Ժառանգությունում» ևս, ամենայն հավանականությամբ, գիտակցում են այն հնարավոր ռիսկերը, որոնք առաջ են գալու Արցախի ճանաչումից հետո, միաժամանակ վերջիններս համոզված են, որ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը կմերժի բանաձևը, ինչը նրանց հնարավորություն է տալիս ամեն անգամ բարձրաձայնելու Արցախի ճանաչման հարցը՝ դրանով իսկ մանևրելու ու հարցն իրենց նեղ շահերին ծառայեցնելու համար:

Ամեն դեպքում «Ժառանգություն» կուսակցությունը, 2007 թվականից ի վեր, մշտապես հանդես է գալիս որպես Արցախի ճանաչման ջատագով ու ընտրական արշավները կառուցում հատկապես այս գաղափարի հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել