Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի առաջ տանող կերպարները հիմնականում երեքն էին՝ Նիկոլը, Բագրատյանը և Դեմիրճյանը: Հետագա զարգացումներն այնպես եղան, որ այսօրվա դրությամբ ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը և առհասարակ ՀԱԿ-ը դեինտեգրվել ու բաժանվել է մի քանի ճամբարների, իսկ այդ բաժանման արտացոլումը խորհրդարանական խմբակցության վրա է երևում:
Նիկոլն ու Բագրատյանը հարմար առիթ բաց չեն թողնում, որպեսզի ցույց տան, որ իրենք ինքնուրույն էլեմենտներ են ՀԱԿ խմբակցությունում և մեծ հաշվով թքած ունեն կուսակցության կոլեգիալ որոշումների վրա էլ: Նրանք ամեն անգամ ձեռնոց են նետում Զուրաբյանի ղեկավարությամբ գործող խմբակցության մնացյալ հատվածին (բացառություն է Դեմիրճյանը, ով ասես ընդհանրապես կտրված լինի այս ամենից ու մանդատից առհասարակ):
Նման վարքի վերջին դրսևորումը եղավ Իշխան Զաքարյանի թեկնածության քվեարկության ժամանակ, երբ ՀԱԿ խմբակցությունը որոշել էր բոյկոտել քվեարկությունը, բայց Բագրատյանն ու Փաշինյանը մասնակցել էին դրան:
Ըստ էության, ոչինչ չէր փոխվի Զաքարյանի ՎՊ նախագահ վերընտրվելու հարցում, եթե ամբողջ ՀԱԿ-ը դեմ քվեարկեր, կամ Նիկոլն ու Բագրատյանն էլ միանային բոյկոտին, ուստի ակնհայտ է, որ հարցը ոչ թե Զաքարյանն էր, այլ իրար բոստան քար նետելը:
Ամեն դեպքում, տխուր է տեսնել այս խեցգետնի, կարապի ու գայլաձկան քաղաքականությունը մեր ընդդիմադիր դաշտում, որովհետև քանի սա շարունակվում է, այնքան ժամանակ ՀՀԿ-ն պահպանելու է իր հեգեմոնիան:



