Իրան-Արեւմուտք հարաբերություների բարելավման ֆոնի վրա շատ շուտով վերստին արդիական է դառնալու Իրան-Եվրոպա գազատարի կառուցումը: Ինչպես հայտնի է, իրանցիները շահագրգռված են, որ այդ գազատարը շրջանցի թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի եւ թե՛ իր գազային թիվ մեկ մրցակից Ռուսաստանի տարածքները: Վերջին հարցում հատկապես շահագրգիռ է նաեւ Արեւմուտքը: Այսպիսով, երկուստեք ընդունելի տարբերակը լինելու էր Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Ուկրաինա-Եվրոպա տարբերակը: Իրանցիները հեռատեսորեն մինչեւ Հայաստան հասնող գազատարի տրամագիծը պահել են 1,5 մետր չափով: Նման գազատարի թողունակությունը տարեկան 20 մլրդ խմ-ից ավելին է: Այդ ծավալների դեպքում Հայաստանը միայն տարանցման համար կարող էր ստանալ տարեկան 600 մլն դոլար շահույթ: Թե ինչեր կարելի է անել նման ահռելի գումարով՝ կռահեք ինքներդ: Էլ չեմ խոսում այն մասին, որ կազատվեինք Կրեմլի գազային շանտաժներից, որի պատճառով այսօր ինքնիշխանության նորանոր սեգմենտներ ենք զիջում:
Սակայն, ինչպես հիշում ենք, Ռուսաստանի հետ «Հայաստանի ինքնիշխանություն՝ կրիմինալ խմբակի իշխանության հարատեւման դիմաց» գործարքի շրջանակներում 2007թ.-ին ՀՀ «իշխանությունները» Իրանի-Հայաստան գազատարի հայաստանյան հատվածի տրամագիծը նվազեցրին մինչեւ 750 մմ-ի, որի թողունակությունը 2,5-3 մլրդ խմ-ը չի գերազանցում: Այն բավարար չէ անգամ միայն Վրաստան տարանցման համար: Դա էլ քիչ էր, այն վաճառեցին ռուսական Հայռուսգազարդին: Դա էլ էր քիչ՝ այս ընկերությանը տվեցին Հայաստանի տարածքում մենաշնորհային գազային օպերատորի բացառիկ արտոնագրային իրավունք: Այսինքն, անգամ եթե միջազգային կոնսորցիում ձեւավորվի, որը կուզենա գործողին զուգահեռ նոր, ավելի լայն տրամագծի գազատար կառուցել Մեղրիից մինչեւ Բավրա (շուրջ 600 կմ), ապա դրա իրավունքը պարզապես չի ունենա: Այդ իրավունքը Հայաստանի կրեմլյան սատրապները վաղուց հանձնել են իրենց տիրոջը:
Իրան-Եվրոպա խոշորագույն գազատարը միեւնույն է կառուցվելու է: Դա պետք է Եվրոպային (այդ թվում՝ Ուկրաինային) Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար, դա պետք է Իրանին՝ իր հսկայական գազային պաշարների համար վճարունակ շուկա մտնելու համար: Այդ գազատարը կկառուցվի, բնականաբար շրջանցելով Հայաստանը, որը գնալով ավելի է վերածվում Ռուսաստանի կովկասյան նահանգներից մեկի, եւ առավել հավանական է՝ կանցկացվի հենց Ադրբեջանով:
Ահա Ձեզ եւս մեկ ապացույց, որ Հայաստանում իշխում են ոչ թե «հանրապետական», այլ հակապետական, հակահայ, բացառապես իրենց իշխանության հարատեւմամբ եւ թալանով հետաքրքրված հանցագործները: