Պետրոս Ղազարյանը իր պատին մի «սրտաճմլիկ» ստատուս է գրել, համաձայն որի Րաֆֆի Հովհաննիսյանը խախտել է «ես՝ քեզ, դու՝ ինձ» «սրբազան» (առնվազն որոշ մարդկանց համար) սկզբունքը եւ չի անդրադարձել Վարդան Պետրոսյանի հետ կատարված դժբախտությանը՝ սատարելով վերջինին:
Սկսեմ նրանից, որ իհարկե բոլորս էլ կուզենք, որ այս եւ մյուս բոլոր դեպքերում արդար դատավարություն իրականացվի: Եւ եթե պետք է, որ դրա մասին պարտադիր գրառում արվի ՖԲ պատին, ապա համարեք, որ իմ դեպքում սա հենց այդ գրառումն է:
Սակայն եթե Պետրոս Ղազարյանը պարզապես ուզենար իմանալ, թե ինչու է լռում Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա մինչեւ նման ստատուս գրելը կհետաքրքրվեր «Ժառանգության» անդամ իր ՖԲ-ընկերներից եւ կիմանար, որ Րաֆֆին բուժման նպատակով գտնվում է արտերկրում: Սակայն արի ու տես, որ ստատուսի նպատակը ընդամենը հասարակության այն հատվածի դժգոհությունը, որը կապված է Վարդան Պետրոսյանի հանդեպ ոստիկանության կոշտ քայլի՝ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու եւ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու հետ ուղղորդել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ: Դե իսկ թոկից փախած րաֆֆիատյացներ միշտ էլ կգտնվեն (այն էլ Պետրոս Ղազարյանի ՖԲ-ընկերների շարքում), ովքեր առիթը բաց չեն թողնի՝ Վարդան Պետրոսյանի դարդը թողած հարձակվելու Րաֆֆու վրա իրենց անհիմն մեղադրանքներով, ինչպես նաեւ վիրավորանքներով ու լուտանքներով: Նաելով, թե ովքեր են լայք տվել Պետրոսի ստատուսին՝ շատ բաներ շատ ավելի պարզ են դառնում. մտահոգ քաղաքացիների հետ մեկտեղ այստեղ կան ե՛ւ Լֆիկի վկաներ, ե՛ւ Բաղրամյան 26-ի ... էլ չասեմ ովքեր: Իսկ ստատուսի տակի գրառումներից տպավորություն է, որ Րաֆֆին է Վարդանին կալանավորել, այն էլ՝ բացարձակ անմեղ տեղը: Բացի այդ՝ ըստ այդ մեկնաբանությունների ստացվում է, որ եթե Րաֆֆին չի արտահայտվել Վարդան Պետրոսյանի օգտին, ուրեմն նա ծախված է իշխանություններին, կամ էլ՝ նա չի արտահայտվում այս հարցով, քանի որ «էն գլխից էլ» ծախված է եղել իշխանություններին: Ապշում եմ, թե ինչ «տիպաժներով» է լեցուն Պետրոսի պատը:
Իսկ ըստ Պետրոսի ստացվում է, որ իր դիրքորոշումը ձեւավորելու համար Րաֆֆին մանրակրկիտ մի ուսումնասիրություն պետք է աներ նաեւ, թե արդյոք վթարի արդյունքում զոհված երկու երիտասարդ տղաները ո՞ւմ են տվել իրենց ձայնը նախագահական ընտրությունների ընթացքում եւ կամ արդյոք մասնակցել են հետընտրական հանրահավաքներին: Էլ չեմ խոսում նաեւ այն բանի մասին, որ լավ կլիներ պարզել, թե արդյոք այդ երիտասարդները իրենց կյանքում ավելի ճանաչված արտիստ, կամ գիտնական, մտավորական, զինվոր դառնալու ինչ ներուժ ունեին, եւ ավելի սիրված լինելու քան Վարդանը: Չե՞ք զգում, որ այս «տրամաբանությամբ» աբսուրդի գիրկն ենք ընկնում: Կամ կա՞ նման վարկած, որ Վարդանը չի եղել ղեկին, որ նրան քաղաքական հայացքների համար են հետապնդում: Մենք էլ գիտենք թե մեր երկրում արդարադատության որակն ինչպիսին է: Դե ուրեմն եկեք պահանջենք հանել Վարդանի հանդեպ բոլոր մեղադրանքները: Ասենք, որ երիտասարդների մահը կամ պատահականության հետեւանք է, կամ սարքվել է իշխանությունների կողմից եւ Վարդանը դրա հետ կապ չունի: Այդպես ավելի վառ կերպով չե՞նք արտահայտի մեր սերը՝ Վարդանի եւ ատելությունը՝ ռեժիմի հանդեպ:
Եւ վերջապես, տեսնենք թե ովքեր են արտատպել այս ստատուսը իրենց էջերին՝ mediamall.am, tert.am, blognews.am, life.panorama.am... Ինչպիսի՜ «ծաղկաբույլ»: Պարզ է, չէ՞, թե ով է լծվել-միացել «իշխանություններին ծախված» Րաֆֆու ուղղությամբ քարեր նետելու գործին: Թարգեք, տղեք, թարգեք, անհարմար է, Վարդանի, զոհված երկու երիտասարդների դժբախտությունը քաղաքական մանր խաղիկների կամ շոուի առարկա մի՛ դարձրեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել