ՀՀ ԱԺ հայտարարությունս՝ Զարուհի Փոստանջյանի՝ ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի հետ կապված:

Սիրելի հայ ժողովուրդ:
Խոսքս ուզում եմ ուղղել համայն հայությանը՝ անկախ բնակության վայրից, քաղաքական հայացքներից, հասարակական ակտիվության աստիճանից և այլ բազմաթիվ՝ մեզ բոլորիս իրարից տարբերող գործոններից: 
Մենք բոլորս ունենք տարբեր արժեքային համակարգ, տարբեր կարծիքներ, տարբեր հոգսեր, տարբեր ընկալում՝ կյանքի այս կամ այն իրավիճակի հետ կապված: Անգամ հայրենասիրության աստիճանն է լինում տարբեր: Սակայն մեկ հարցում մենք միակամ ենք, մեկ հարց շատ կարևորում և մի գուցե առավել բարձր ենք դասում մնացածից: Եվ այսօր հենց այդ հարցն ենք կարծես սարքել շահարկման առարկա, անցել չափն ու սահմանը, մեղադրանքներ ենք հնչեցնում միմյանց՝ սկսած խիղճը վաճառելուց և վերջացրած պապերի հիշատակի ինչ-որ պատգամներով: 
Այսօր մենք հասել ենք նրան, որ կարողանում ենք ինչ-ինչ երևույթների չակերտավոր արատավոր լինելն առավել գունեղ ներկայացնելու համար հայտարարել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը կողմ քվեարկելու մասին: Հուսով եմ, միայն հայտարարել, այլ ոչ թե փաստացի իրականացնել այս նոնսենսի հասնող երևույթը, քանզի ուզում եմ հավատալ, որ չկա և ոչ մի հայ, ով կարող է այս հարցը դարձնել «հերոսացման» առիթ:
Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն այս պահին քննարկելն արդեն իսկ արկածախնդրություն է: Նախագծի հեղինակի խոսքում ես չլսեցի որևէ հիմանվորում կամ փաստարկ, ես չտեսա բանական մոտեցում, չտեսա այլընտրանքային լուծման ուղի: Շատ հեշտ ամպագոռգոռ արտահայտություններ անել՝ բանակցությունների ձախողում, առիթ անվստահություն հայտնելու ԼՂՀ հարցում իշխանության վարած քաղաքականությանը. խիղճ, պապեր, Պոնտոս, Կապադովկիա.. 
Լավ, մի հարց՝ ասենք, թե մի պահ մթագնի մեր գիտակցությունը և մենք վերջ տանք Մինսկի խմբի, այսպես կոչված, ձախողված բանակցություններին.. Փոխարենը ի՞նչ է առաջարկվում: Ի՞նչպես ենք կարգավորելու հիմնախնդիրը: Ո՞րն է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը այս նախագծի վերաբերյալ... Ի՞նչ է տալիս մեզ այս խիստ հայրենասեր նախագիծը:
Պատասխաններ չկան: 
Հայրենասիրության խիստ սրացմամբ տոգորված իմ գործընկերներին կոչ եմ անում մնալ բանականության սահմաններում, առաջնային և գլխավոր դասել գերնպատակը՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ և հայանպաստ լուծումը: 
Սա է միակ ճիշտ որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել