ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու՝ «Կռասնայա զվեզդա» պարբերականին տված հարցազրույցում արտահայտած մտքերի առնչությամբ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հարցում է ուղարկել ՌԴ ԱԳՆ, որտեղից ստացվել է հետևյալ պատասխանը. «ՌԴ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին: Կոնֆլիկտի կարգավորման հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել՝ այն սկզբունքային դիրքորոշում է»:

Համեմատության մեջ դնելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական պարզաբանումն ու Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունն այն մասին, որ «եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ ստանձնած պարտավորությունների համաձայն, կներգրավվի ռազմական գործողություններում, ակնհայտ է դառնում, որ ՌԴ ԱԳՆ-ի ու Ռուզինսկու հայտարարության մեջ, ընդհանուր գծով ընդգծվում է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման սկզբունքը:
Ռուզինսկու հայտարարությունը Ադրբեջանի քաղաքական-հասարակական շրջանակներում «ալեկոծությունների» առիթ էր դարձել և Ադրբեջանն ակնկալում էր, որ ՌԴ ԱԳՆ-ն կամ ՊՆ-ն հանդես կգան պաշտոնական պարզաբանմամբ: 

Վերլուծելով վերոնշյալ հարցի շուրջ Ադրբեջանում քննարկվող հնարավոր սցենարները` կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում ենթադրում էին, որ ՌԴ-ն նվազագույնը կհայտարարեր, որ Ռուզինսկու հայտարարությունը որևէ ձևով չի արտահայտում ռուսական կողմի մոտեցումները, իսկ առավելագույնը կշեշտվեր Ռուզինսկու՝ նման հայտարարություն հնչեցնելու ոչ կոմպետենտության մասին:
Այն, որ Ռուզինսկու հարցազրույցը, այն էլ ՊՆ պաշտոնաթերթի համարում ունեցող «Կռասնայա զվեզդա»-ին, զուտ պատահականության կամ ռազմաբազայի հրամանատարի «անփութության» արդյունք չէր, պարզ էր ի սկզբանե, և ենթադրելի էր, որ, եթե նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ն հանդես գար պարզաբանմամբ, ապա այն տեղավորվելու էր Ռուզինսկու հարցազրույցի տրամաբանության մեջ: ՌԴ ԱԳՆ-ն, դիվանագիտական նրբանկատությամբ, Ադրբեջանին հասկացրեց, որ Ռուզինսկու հայտարարությունը ոչ միայն ՌԴ պաշտոնական գծի շրջանակներում էր, այլև ընդգծեց ՌԴ կոշտ վերաբերմունքը պատերազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ:

Ռուսական կողմից տարածաշրջան եկող մեսիջները վկայում են, որ ՌԴ-ն որպես Հարավային Կովկասում ակտիվ ներգրավվածություն ունեցող խաղացող ոչ միայն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ ու ամրապնդմամբ, այլև որ ամեն ինչ անում է՝ տարածաշրջանում էսկալացիոն զարգացումներ թույլ չտալու համար: Ընդ որում Ադրբեջանի կողմից, պատերազմի վերսկսման մասին հնչող սպառնալիքների ֆոնին, ռուսական կողմի մեկնաբանությունները, խաղաղության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ, դառնում են առավել կտրուկ: 

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել