Կներեք, որ սենց երկար, բայց տարիների ընթացքում ՀՀԿ-ի նկատմամբ մեջս կուտակվածը պետք ա ասեմ:
Ձոն ՀՀԿ-ին
Երեկ ԱԺ-ում հերթական թեժ քննարկումներն էին և հերթական անգամ ականատես եղանք այն բացարձակ և անզուգական ցինիզմին, որը օր օրի ավելի է կատարելագործում Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Ապշել կարելի է իշխանական կուսակցության ներկայացուցիչների դեմքերի անվորդով արտահայտության վրա, երբ նրանք մտնում են պոլեմիկայի մեջ՝ այս կամ այն սոցիալական, քաղաքական կամ էլ տնտեսական խնդրի վերաբերյալ: Կողմնակի դիտորդը կարող է մտածել, որ Հայաստանը աշխարհի ամենաբարեկեցիկ, զարգացած ու անխնդիր երկիրն է, և այդ ամենը բացառապես ՀՀԿ-ի շնորհքն է. այնքան վստահ, հեգնական ու անվրդով են խոսում ՀՀԿ-ականները:
Երբ հարց է բարձրացվում, թե այդ ո՞ր արժանիքների համար է պետք բարձրացնել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ ահագնացող աղքատության, աճող արտագաղթի, ոչ այնքան բարենպաստ արտաքին քաղաքական մթնոլորտի և այլ խնդիրների պարագայում, ՀՀԿ-ականները հայտարարում են, որ ով չի ուզում, կարող է հրաժարվել իր աշխատավարձից, համ էլ միայն բարձրաստիճաններինը չի բարձրանում, նաև միջին ու ցածր օղակի պետծառայողների աշխատավարձն է բարձրանում:
Երբ հարց է բարձրացվում այս կամ այն խնդրի վերաբերյալ, ՀՀԿ-ականները նույն անվրդովությամբ հայատարարում են, որ ինչ խնդիր կա եղել է կամ Կոալիցիայի գոյության ժամանակ, կամ էլ ՀՀՇ-ի, ուստի պատասխանատվությունը բոլորինն է, ոչ միայն ՀՀԿ-ինը. կոալիցիոն գործընկերները պատասխանատու են այդ որոշումները միասին կյանքի կոչելու համար, իսկ ընդդիմությունը մեղավոր է, որովհետև բավարար ուժեղ չի եղել այդ որոշումների դիմացն առնելու համար:
Երբ խոսքը գնում է հաջողությունների մասին... չնայած այդպիսիք գոյություն չունեն, այստեղ ՀՀԿ-ն նորից հիշում է իր հեգեմոն դերի մասին, իսկ, եթե ինչ-որ բան էլ չի ստացվել, ապա անմիջապես հետևում են կոկորդիլոսի արցունքները և վստահ հավաստիացումները, որ թերությունների վրա աշխատանք է տարվում:
Երբ խոսքը գնում է այս կամ այն ՀՀԿ-ական կամ մերձ ՀՀԿ-ական ներկայացուցչի ունեցվածքի անհասկանալի աղբյուրների մասին, անպայմանորեն գտնվում է ինչ-որ մի ՀՀԿ-ական (որպես կանոն՝ Գալուստ Սահակյանը), ով դեմքի մտահոգ արտահայտությամբ հորդորում է չմտնել ուրիշի գրպանը և երկար ճառ է ասում, թե ինչ տգեղ է ուրիշի փողերը հաշվելը: Այո՛, կոռուպցիա կա, կոռուպցիոներները մեր մեջ են, բայց մենք նրանց ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ լսել ենք, իսկ այդ դղյակը կամ բանկային հաշվեհամարի վրա հայտնված մի քանի միլլիոն դոլարը, դեռ ոչ մի բանի մասին չեն խոսում:
Ճիշտ է, որ իշխանություններին ոչ մի տեղ էլ առանձնապես չեն սիրում և իշխանության ղեկին գտնվող ուժը միշտ հայտնվում է քննադատության թիրախում, բայց մեկ բան է չսիրելն ու քննադատության թիրախ լինելը և լրիվ այլ բան, երբ հասարակության զգալի մասը իրական ատելությամբ է լցված իշխանության բեռն իր վրա բարձած քաղաքական ուժի նկատմամբ: Դա ինքնին խաթարում է վստահությունն առ պետություն, կուսակցություններ և քաղաքական գործիչներ, իսկ երբ այդ դժգոհության բազմաթիվ օբյեկտիվ պատճառներին գումարվում են նաև սուբյեկտիվ պատճառները, որոնք պայմանավորված են առանձին ՀՀԿ-ականների երբեմն անդուր, իսկ երբեմն էլ ցինիկաբարո ու լկտի պահվածքով ու հայտարարություններով. սա արդեն ստեղծում է պայթյունավտանգ իրավիճակ և դրա նախանշանները մենք տեսնում ենք թեկուզ Շանթ Հարությունյանի արարքը աջակցողների, սատարողների կամ կարեկից լինողների աճող թվերից:
Պարոնայք ՀՀԿ-ականներ, նոմինալ ձեր գաղափարախոսությունը կայանում է ժողովրդանվեր ու ժողովրդանպաստ գործունեություն ծավալելու մեջ, և նայելով ձեր գործառույթներին ու գործերին, ակամայից հարց է առաջանում, թե հիմա դուք կոնկրետ ո՞ր ժողովրդի համար եք ժողովրդանվիրաբար ու ժողովրդանպաստաբար կեղեքում հայ ազգին:



