1in.am-ը գրում է.
Այսօր Տաջիկստանում նախագահական ընտրություններ են, որոնցում ըստ փորձագետների՝ կհաղթի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նա աղքատ միջինասիական երկիրը առանց դադարի ղեկավարում է 1992 թվականից, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից: Այս մասին հայտնում է Vedomosti-ն:
Ռահմոնի մրցակիցներն են իշխանություններին հավատարիմ 5 թեկնածուներ: Միակ թեկնածուն, որը ներկայացնում է չափավոր ընդդիմությունը, կին իրավապաշտպան Օյնիհոլ Բոբոնազարևովան է, ով չի հավաքել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ 210 հազար ստորագրությունը. նրան պակասել է 8000 ստորագրություն:
Դեռևս անցած տարի ստորագրված համաձայնագիրը՝ մինչև 2042 թվականը հանրապետությունում 201-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման մասին, Տաջիկստանի խորհրդարանի կողմից վավերացվել էր հոկտեմբերի վերջին: Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Աջար Կուրտովի խոսքով՝ ընտրություններից առաջ մինչ վերջին պահը վավերացումը ձգելը նախաձեռնվել էր Ռահմոնի կողմից՝ Ռուսաստանի ու տաջկական ընդդիմության միջև հնարավոր կապերը խզելու նպատակով:
Աֆղանստանից արևմտյան զորքերի դուրսբերման նախօրեին անվտանգության հարցերը երկու երկրների հարաբերություններում մնում են կենտրոնական: Փորձագետի կարծիքով՝ տնտեսական հարաբերություններում դրական փոփոխություններ պետք չէ սպասել:
Այլ ակտուալ հարց է մնում աշխատանքային ներգաղթյալների հարցը, որոնց թիվը Ռուսաստանում, Դաշնային միգրացիոն ծառայության գնահատականով՝ գերազանցում է 1.2 միլիոնը: Հոկտեմբերին ուժի մեջ է մտել նաև համաձայնագիրը, որը թույլ է տալիս նրանց երեք տարով Ռուսաստանում աշխատանքի թույլտվություն ստանալ: Տաջիկստանի հետ այցագրային ռեժիմի ներմուծում չի ծրագրվում՝ ասել է գերատեսչության պաշտոնյան: