Այն օրվանից, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը բռնել է Մաքսային միությանն անդամակցելու ուղին, բավական «ջրեր հոսեցին»: Իհարկե, որոշակի առումով, քննարկումներ տարվեցին այն մասին, թե արդյոք Հայաստանը պե՞տք է գնար այդ ուղղությունը, ինչը մեզ հնարավորություն չի տալիս ստորագրելու 3.5 տարի բանակցված ԵՄ ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտում մասին համաձայնագիրը:
Այս երկու ինտեգրացիոն ուղիների ու Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների մասին քննարկումներ ու վերլուծություններ դեռ կլինեն, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանը արագացված քայլերով ուղղություն է վերցրել դեպի Մաքսային, իսկ հետո՝ Եվրասիական միություն, ապա անհրաժեշտություն է առաջանում քաղաքական հիմնական դիսկուրսը տեղափոխել այդ հարթություն՝ անելիքների, նպատակների ու հեռանկարների դիտարկման համատեքստում:
«Քաղաքական դիսկուրս» ասվածը որպես այդպիսին, ներկայիս իրողությունների պայմաններում հարաբերական եզրույթ է, քանզի քաղաքական դաշտում ավելի քան անդորր է, իսկ ընդդիմադիր դաշտն օբյեկտիվ պատճառներով առաջնորդվում է առավելապես ընթացիկ պրոցեսներով, առավելագույնը արձագանքելով ընթացիկ խնդիրներին, սական լրջորեն պոցեսների մեջ մտնելու ռեսուրս չունեն:
Ստեղծված իրավիճակը բավականին ռիսկային է, քանի որ Հայաստանը մուտք է գործել բավականին բարդ գործընթաց, իսկ ընդդիմության սիմվոլիկ ներկայությունը քաղաքական դաշտում անզոր է դիմագրավելու առկա մարտահրավերներին:
Առաջին հայացքից թվում է, թե իշխանությունը քաղաքական դաշտում մրցակիցներ ու լուրջ խոչընդոտներ չունենալով՝ հեշտությամբ կարող է գնալ այն ուղղությամբ, որը քաղաքական առումով նպատակահարմար կհամարի, սակայն մյուս կողմից ստացվում է, որ իշխանությունը ստիպված է կարևոր որոշումներ կայացնել՝ ընդդիմության լուրջ դիրքորոշման բացակայության պայմաններում (զուտ հայտարարություն տարածելը խնդիր չի լուծում): Իրականում իշխանությունը առկա մարտահրավերներին փորձում է դիմագրավվել միայնակ, ինչն ընդհանուր պրոցեսում իրավիճակն առավել խնդրահարույց է դարձնում:



