24news.am-ը գրում է.

Ես ոչ թե Պարույր Սևակի ֆիզիկական նմանությունն եմ քանդակել, այլ «Անլռելի Զանգակատան» գաղափարն եմ դրել նրա քանդակի մեջ, սա ստեղծագործություն է, ամենահեշտ բանն է անպաշտպան արվեստագետին քննադատելը:

24News-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով մի քանի օր շարունակ հանրության կողմից քննադատության առարկա դարձած իր աշխատանքին, որը օրերս տեղադրվել է Պարույր Սևակի հայրենի գյուղի՝ Զանգակատան դպրոցի դիմաց:

«Ես զարմացած եմ, նոր երկիր ու նոր Հայաստան ենք ստեղծում նոր գաղափարախոսության հիման վրա, ի՞նչ են կպել էս քանդակից: Պարույրի լեզվով եմ մոտեցել մարդկային ճակատագրին, որ մարդը հաճախ զգում է իր ճակատագիրը, ես ստեղծագործել եմ այնպես, ինչպես զգացել եմ: Ո՞նց կարելի է ասել՝ ձեռքն է մեծ, քիթն է մեծ, չեղավ, չէ՞, ո՞նց կարելի է»:

Լևոն Թոթմաջյանը հիշեցրեց կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանի մասին, երբ տեղադրելուց հետո չափազանց շատ քննադատվեց, բայց այսօր սիրված է երևանցիների կողմից:

«Էդ քննադատողները հիմա չկան, իսկ արձանը կա, ամեն նոր բան դժվար է սիրվում: Կան մարդիկ, որոնք ուզում են ինձ քարկոծել, բայց շնորհակալ եմ, տարիներ շարունակ ուշիուշով ինձ հետևում են, ամեն արածիս վրա ուզում են սև ներկ քսել: Էս տարիքիս երկու տարի ա՝ ամառ-ձմեռ աշխատում եմ, քար եմ տաշում, անընդհատ փոփոխել եմ, հանկարծ մի վայրկյանում որոշում են՝ լավը չի, չի կարելի սենց, սա քանդակագործություն ա, ժամանակ ա պետք, որ ընկալվի»:

Քանդակագործը նշեց նաև, որ խոսել է Պարույր Սևակի թոռան՝ Սևակ Ղազարյանի հետ, որը նաև բանաստեղծի տուն-թագարանի տնօրենն է, ում ասել է՝ «մի’ շտապիր, ժամանակը իր տեղը կգցի, արվեստագետը չի կարող սխալվել»:

Մեր դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, տուն-թանգարանը հարցում է նախաձեռնել քանդակը հեռացնելու հարցով, Լևոն Թոքմաջյանը պատասխանեց.

«Եթե պիտի հանեն, թող հանեն, էնքան բաներ կան հանելու, երկիրը գլխի վրա շուռ ա գալիս, հենց գտան, որ պտի Թոքմաջյանի՞ն քննադատեն, արվեստագետին քննադատելը ամենահեշտ բանն ա, իսկ իշխանականին քննադատելու համար մարդկանց կալանավորում են, ես էդ ռեսուրսը չունեմ: Ոնց ուզում են` թող վարվեն, ես խոսողների բերանը չեմ կարող փակել, մի խումբ կա, որ տարիներ շարունակ իմ հետևից ընկած է: Հայաստանում ինչ անում են, ձրիակեր անբանները քննադատում են ինձ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել