Շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է 80 արձանագրություն, որից  2-ը կազմվել է Աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության կողմից՝ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին է զեկուցել Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ղեկավարի ժ/պ Սամվել Ղուկասյանը:

«54 արձանագրություն կազմվել է Աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, որից 20-ը՝ փոշեկլանիչ ցանցեր, 4-ը՝ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով:

Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի կողմից կազմվել է 24 արձանագրություն, որոնցից 2-ը՝ Աջափնյակ, 3-ը՝ Ավան, 10-ը՝ Արաբկիր, 2-ը՝ Դավթաշեն, 2-ը՝ Կենտրոն, 1-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Նոր-Նորք, 2-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, որոնցից 13-ը՝ փոշիկլանիչ ցանցերի և 3-ը՝ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով»,-նշել է Ղուկասյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ցուցանիշներին:

«Այս տեմպը, կարծում եմ՝ պետք է պահպանվի, մինչև չսկսենք տեսնել, որ փոշեկլանիչ ցանցերը Երևան քաղաքում համատարած են, մինչև մենք չսկսենք տեսնել, որ քաղաքում արվող շինարարությունները, լինի ենթակառուցվածքային, թե շենքերի կառուցման, պահպանում են ավագանու որոշման բոլոր կանոնները։ 

Այսինքն՝ այս տեմպը չենք թուլացնում, շարունակում ենք այս նույն տեմպով, մինչև բոլորը հասկանան՝ խաղի նոր կանոնները բոլորը պետք է պահպանեն»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել