Երևանի քաղաքապետարանը 2026 թվականի Վարդավառի տոնակատարությունների կազմակերպման համար համայնքային բյուջեից հատկացրել է ընդհանուր 199 մլն 901 հազար 777 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ArmLur.am-ի ուսումնասիրությունից, որի շրջանակում վերլուծվել են քաղաքապետարանի կնքած գնումների պայմանագրերը։

Ուսումնասիրության համաձայն՝ Վարդավառի միջոցառումների իրականացման նպատակով կնքվել է երկու պայմանագիր։

Ամենախոշոր պայմանագիրը՝ 199 մլն 500 հազար դրամ արժեքով, ստորագրվել է «Բեգրադ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է կազմակերպել Հանրապետության հրապարակում անցկացված Վարդավառին նվիրված համաքաղաքային բացօթյա միջոցառումը։

Բացի այդ, քաղաքապետարանը 401 հազար 777 դրամ արժողությամբ առանձին պայմանագիր է կնքել Ա/Ձ Դիանա Արեգի Մնացականյանի հետ։ Այն վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նվիրված առնվազն մեկ ժամ տևողությամբ ծիսական միջոցառման կազմակերպմանը։

Այսպիսով, երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 199 մլն 901 հազար 777 դրամ։

ArmLur.am-ը նաև հայտնում է, որ «Բեգրադ Փրոդաքշն» ՍՊԸ-ն պետական գնումների համակարգում նոր ընկերություն չէ։ Այն նախկինում ևս պետական տարբեր կառույցների հետ կնքել է բազմամիլիոնանոց պայմանագրեր՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Մեր ժամանակների հերոսը» միջոցառումը։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում այս տարվա Վարդավառի միջոցառումն անցկացվել է «Ջուր ֆեստ» ձևաչափով։ Ծրագրում ընդգրկված էին ջրային ժամանցային ակտիվություններ, համերգային ծրագիր, սննդի և հանգստի գոտիներ, մանկական հատվածներ, փրփուր փարթի, ինչպես նաև Արամ MP3-ի, Իվետա Մուկուչյանի և մի շարք DJ-ների ելույթները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել