«Արդեն տարել են իրեն հոգեբուժարան, ենթադրվում է, որ հոգեկան խնդիրներ ունի»,–Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը՝ անդրադառնալով աշտարակի վրայից ցած նետվելու սպառնալիքներ հնչեցրած «Ֆիդել Կաստրոն»-ի հետ կապված միջադեպին։
Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ երիտասարդը վերջերս է վերադարձել արտերկրից. «Ֆրանսիայում է ապրել, իրեն դեպորտ են արել, վերադարձել է հայրենիք»։
Չնայած պատահածին՝ համայնքապետարանի ներկայացուցիչը շեշտեց, որ տվյալ անձը բնակավայրում ճանաչված ու մեծ պատիվ ունյեցող ընտանիքի զավակ է, և տեղի ունեցածը մեծ ցնցում է հարազատների համար. «Իրենց ընտանիքը համայնքում շատ լավ, հարգված ընտանիք է... շատ լավ հարգված հայր ունի, մայր ունի, եղբայր ունի։ Եղբայրն էլ է տեղում եղել, ինքը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել այդ փաստից։ Մի խոսքով՝ ընտանիքը շատ լավ ընտանիք է, բավականին հարգված մարդիկ են»։
Մերի Կարապետյանը նաև հավելեց, որ աշտարակի վրա բարձրացած արական սեռի քաղաքացին ամուսնացած չէ, երիտասարդ տղա է։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 9-ին, արտառոց և արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Բյուրեղավան քաղաքի շշերի գործարանի տարածքում գտնվող՝ մոտ 70 մետր բարձրություն ունեցող երկաթբետոնե աշտարակի (խողովակի) վրա և սպառնում է ցած նետվել։



